18  24.11.14 - ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ խորհրդարանական լսումներ

ԵՏՄ անդամակցության հարցի վերաբերյալ լսումներ ԱԺ-ում. Առավելությունները, կորուստներն ու գները

ԵՏՄ անդամակցության հարցի վերաբերյալ լսումներ ԱԺ-ում. Առավելությունները, կորուստներն ու գները

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով:

Հանդիպմանը հրավիրված էին հասարակական–քաղաքական գործիչներ, մտավորականներ:

ԱԺ առաջիկա հերթական՝ դեկտեմբերի 1-ին մեկնարկող նիստում պայմանագիրը ԱԺ-ն պետք է վավերացնի պայմանագիրը, իսկ նախքան այդ Հայաստանի սահմանադրական դատարանը քննելով համաձայնագիրը՝ դրան միանալը և դրանից բխող պարտավորությունները, այն ՀՀ Սահմանադրությանը համապատասխան էրճանաչել:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշել է, որ Կառավարության կողմից ստեղծված 22 աշխատանքային խմբի ղեկավարները ներկա են և կարող են առավել մանրամասն պատասխանել բոլոր հարցերին:

Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը հիշեցրել է, թե մինչև ստորագրումը ինչ գործընթացներ են տեղի ունեցել՝ նշելով, որ ամենը սկսվեց 2013 սեպտեմբերի 3-ից, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու, այնուհետև նաև ԵՏՄ-ին անդամակցելու մտադրության մասին: Հոկտեմբերի 10-ին ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ՀՀ նախագահը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը և ապա ԵՏՄ-ին միանալու ճանապարհային քարտեզը:

Սուրեն Կարայանը նշել է, որ ԵՏՄ անդամակցությունը ենթադրում է ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժ, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության և այլ ոլորտների համաձայնեցված քաղաքանություն։

«ԵՏՄ հիմնական նպատակն է անդամ պետությունների կայուն գործակցությունը, միասական շուկայի ձևավորումը և միջազգային շուկայում անդամ պետությունների մրցունակության բարձրացումը»,-ասել է նա:

Փոխնախարարը նշեց, որ պայմանագիրը բաղկացած է բուն պայմանագրից և 32 հավելվածից: Բուն պայմանագրում ներառված են նպատակներն ու խնդիրները, գործունեության շրջանակները, ինչպես նաև` ԵՏՄ մարմինների լիազորությունները, գործունեության կարգը:

Ինչ վերաբերում է համաձայնագրին միանալով ֆինանսական պարտավորություններին, ապա ըստ ֆինանսների փոխնախարարի՝ սկսած 2016-ից ՀՀ-ն ԵՏՄ բյուջեում պետք է կատարի իր մասնաբաժինը: «Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն անդամավճար է վճարելու, որը կազմում է այն տոկոսադրույքը, որը կստանանք միասնական մաքսատուրքերից, այսինքն՝ 2016-ի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը 1,13-րդ մասը կվճարի»,-ասել է նա:

Իսկ թե ինչ ֆինանսական ռեսուսրներ է ստանալու Հայաստանը, Կարայանը նշել է. «ԵՏՄ խորհրդի կողմից հաստատված է այն, թե ինչպես են բաշխվելու մաքսատուրքերը ԵՏՄ անդամ պետությունների։ ԵՏՄ տարածք ներմուծված երրորդ երկրների կողմից ապրանքների գանձվող մաքսատուրքերից ՀՀ-ի մասնաբաժինը կկազմի 1,13%, այսինքն, երբ համաձայնագիրն ուժի մեջ մտնի հունվարից, ՀՀ մաքսատուրքերը կհաշվարկվեն ԵՏՄ ամբողջական մաքսատուրքերից»,- ասել է նա, գրում է Tert.am-ը:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ, «Առավոտի» հաղորդմամբ, կառավարության անդամներին հարցել է, թե ինչ է տալու ՀՀ-ին այս պայմանագիրը և ինչից է զրկելու: Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը պատասխանել է, որ 750 ապրանքների հիմնական մասի համար բացառությունը 5 տարով է՝ ժամկետի երկարաձգմամբ: Շատ քիչ մասն է, որ 5 տարուց պակաս է գործելու. «Միանշանակ ասել, որ 5 տարի հետո այդ ապրանքները կթանկանան, կամ 8 տարի հետո՝ վաղ է: Ընթացքում կերևա: Ակնկալում ենք, որ որոշակի մաքսատուրքերի նվազեցում տեղի կունենա, դրա համար հիմա կոնկրետ չեմ կարող ասել, թե որ ապրանքը կթանկանա: Հիմնականում այդ ռիսկերը փորձել ենք նվազեցնել մեր տնտեսվարողի համար: Զուտ ապրանքի սերտիֆիկացման տեղաշարժի համար մենք առանց որևէ խոչընդոտի հնարավորություն ունենք ապահովել: ԵՏՄ-ում գործում է 34 տեխնիկական կանոնակարգ, որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս,որ պահանջներն ավելի խիստ են, քան ՀՀ-ում է, հետևաբար մենք լուրջ աշխատանք ունենք անելու լաբորատորիաների վերազինման ուղղությամբ»:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանն էլ հայտարարել է, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը մեկ գիշերվա մեջ չի կատարվել, ինչպես բազմիցս հայտարարում են ընդդիմադիր պատգամավորները: Մետ երկու տարի վերլուծություններ, ուսումնասիրություններ են կատարվել և՛ դեպի ԵՏՄ, և՛ դեպի ԵՄ ուղղություններով:

«Փորձել ենք հասնել այն տնտեսական պոտենցիալը, որի հիմքի վրա մենք կարող ենք ունենալ երկարաժամկետ տնտեսական աճ մեր ազգաբնակչության համար»,-նշել է Արամյանը՝ նկատելով, թե վերլուծությունները կատարվել են ոչ միայն ՀՀ կառավարության, այլև Համաշխարհային ու Եվրասիական բանկերի հետ համատեղ:

Առաջին հանգամանքը, որ նախապատվությունը տրվել է ԵՏՄ-ին, եղել է առևտրի հանգամանքը՝ թե ինչ ապրանքներն են արտահանվում ՌԴ և ինչ՝ ԵՄ: Երկրորդը՝ ֆինանսական կապերն են, մասնավորապես՝ օտարերկրյա ներդրումները, որտեղ մեծ մասը բաժին է ընկնում ԵՏՄ երկրներին՝ ի դեմս Ռուսաստանի: Երրորդ շարժառիթը, ըստ նրա, անձանց կամ աշխատուժի տեղաշարժն է:

Վարդան Արամյանի խոսով՝ ԵՏՄ-ին անդամակցելով՝ կանոնակարգվելու են միգրանտների խնդիրները: Բացի այդ, հնարավորություն է տրվելու ՀՀ-ում կրթություն ստացածներին աշխատել ՌԴ-ում իրենց հայկական դիպլոմներով:

«Մեր դիպլոմներն ավտոմատ պետք է ընդունվեն նաև այնտեղ»,-նկատել է նա:

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ խոսել է մեկ այլ առանձնահատկության մասին. Հայաստանի ստորագրած պայմանագիրը կոչվում է «Պայմանագիր ԵՏՄ պայմանագրին միանալու մասին», թեև բովանդակլությամբ Հայաստանի անդամակցության մասին է:

Պայմանագրի երրորդ հավելվածով նախատեսված են անցումային դրույթներ, որոց համաձայն` Հայաստանը մի շարք առավելություններ է ստանում, նաև չեն խաթարվում Վրաստանի ու Իրանի հետ արդեն ձեռք բերված արտոնյալ առևտրային պայմանները:

«Արեցինք ամեն ինչ, որ ԵՏՄ-ին միանալը չվտանգի մեր հարաբերությունները Վրաստանի ու Իրանի հետ: Կարևոր է նաև պայմանագրով նախատեսված տրանզիտի հարցը, որովհետև մենք ընդհանուր սահման չունենք ԵՏՄ անդամ երկրների հետ»,- նշել է Քոչարյանը` հավելելով, որ Հայաստանը ԵՏՄ-ի անդամ կդառնա այն ժամանակ, երբ բոլոր չորս երկրների խորհրդարանները կվավերացնեն այդ գործընթացը, գրում է «Երկիրը»:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն էլ վստահ է, որ ԵՏՄ-ն քաղաքական օրակարգ է, որը ծնվել է ի հակադրություն ԵՄ-ին: Ըստ պատգամավորի, իշխանությունները փորձում են համոզել, թե ԵՏՄ-ին միանալով Հայաստանում դրախտ է լինելու:

«Ես հակառակն եմ ուզում ասել, ես համոզմունք ունեմ, որ դա դրախտ չէ»,- ասել է Փոստանջյանն ու հիմնավորել իր ասածն այն խնդիրներով, որոնք առկա են, մասնավորապես Ռուսաստանում` արտագաղթ, անվտանգության խնդիրներ` Հյուսիսային Կովկասում, ինչը սպառնում է նաև մեզ, ճչացող բևեռացում օլիգարխների և քաղաքացիների միջև և այլն, մեջբերում է Panorama.am-ը:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում վավերացվելուց հետո:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---