Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն արդյունք չտվեցին և կտևեն ևս 7 ամիս

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն արդյունք չտվեցին և կտևեն ևս 7 ամիս

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ի երեկոյան Վիեննայում ավարտվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը: Որոշվեց ևս 7 ամիս հատկացնել ամփոփ համաձայնագիր կնքելու համար: Այսպիսով, Իրանի դեմ գործող պատժամիջոցները լիովին հանելու վերաբերյալ վերջնական պայմանավորվածության և փոխզիջման հասնել հնարավոր չեղավ:

Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հայտարարեց լրագրողներին, որ Իրանը չի ցանկանում 7 ամիս ծախսել վերջնական համաձայնագրի մշկաման վրա, դա անհրաժեշտ է ավելի շուտ անել, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Մինչդեռ ԱՄՆ-ում մի խումբ կոնգրեսականներ արդեն կոչ են անում Իրանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել: ԱՄՆ դիրքորոշման խստացման օգտին արտահայտվեցին սենատորներ Ջոն Մաքքեյնը, Լինդսեյ Գրեհեմը և Քելլի Այոթը, ինչպես նաև Էդ Ռոյսը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները: Սակայն, Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարեց, որ Իրանի դեմ լրացուցիչ սահմանափակող միջոցների կիրառումը «վեցյակի»« և Թեհրանի միջև բանակցությունների ընթացքում հակաարդյունավետ կլիներ, գրում է «Ինտերֆաքսը»: Իր հերթին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարեց, որ չի կասկածում, որ կողմերը «եթե ոչ այսօր, ապա վաղը» համաձայնության կգան միջուկային ծրագրի հարցում:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին բազմիցս է հայտարարել, որ միջուկային համաձայնությունն Արևմուտքի հետ հասանելի է: Ըստ նրա, Թեհրանն ու Արևմուտքը փոխզիջման են հասել ընդհանուր հարցերի շուրջ, մնացել է համաձայնեցնել միայն որոշ մանրամասներ, որոնք կարելի է լիովին համաձայնեցնել մինչև նոյեմբերի 24-ը: ԱՄՆ նախագահ Օբաման նաև հայտարարել է բոլոր բանակցությունների հաջող ավարտի մասին, եթե Թեհրանը համոզի բանակցողներին, որ միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում:

2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները:

Նախատեսվում էր, որ մինչ նոյեմբերի 24-ը Իրանն ու «վեցյակը» կքննարկեն միջուկային ծրագրի շուրջ համաձայնության բոլոր տարրերը և կստորագրեն համապատասխան համաձայնագիր:

Իրանն առաջին հորիզոնականում է աշխարհում բնական գազի հետախուզված պաշարների ծավալներով: Ըստ BP-ի, 2013-ին Իրանի գազի ապացուցված պաշարները ավելացել են 200 մլրդ խմ՝ հասնելով 33,8 տրլն խմ, ինչը 2,5 տրլն խմ ավելի է ՌԴ գազի պաշարներից:

Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը հատկապես կարևորվում է հակառուսական պատժամիջոցների և Եվրոպայում էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիների որոնման հետ: Ավելի վաղ Ռոուհանին հայտարարել էր, որ երկիրը կողմ է «առողջ մրցակցությանը», սակայն պատրաստ է համակարգել քայլերը Մոսկվայի հետ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---