«Իսլամական պետությանը» միացել է Թուրքիայի մոտ 600 քաղաքացի, 100-ն արդեն սպանվել է

«Իսլամական պետությանը» միացել է Թուրքիայի մոտ 600 քաղաքացի, 100-ն արդեն սպանվել է

PanARMENIAN.Net - Թուրքիայի հետախուզության տվյալների համաձայն, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում կռվում է Թուրքիայի մոտ 600 քաղաքացի, որից 100-ն արդեն սպանվել է Սիրիայում և Իրաքում մարտերի ժամանակ:

Այդ մասին, ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, հայտարարել է երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա հավելել է, որ մոտ 7000 օտարերկրացու մուտքը երկիր արգելվել է, 1100 արտաքսվել է ծայրահեղական խմբավորումներին հարելու կասկածանքով: 2013 թվականից Անկարան ակտիվացրել է իր տարածքով օտարերկրացի գրոհայինների տեղաշարժի կանխարգելմանն ուղղված ջանքերը, հատկապես օդանավակայաններում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

ԻՊ հետ կապերի համար բազմիցս է մեղադրվել նաև պաշտոնական Անկարան: Կասկակծներ կան, որ Թուրքիան էժան նավթ է գնում գրոհայիններինց, չի խոչընդոտում ԻՊ կամավորների մուտքը Սիրիա իր տարածքով, ինչպես նաև «հանգստի բազաներ է» ստեղծում իր մոտ գրոհայինների հանգիստը կազմակերպելու համար: Բազմաթիվ պաշտոնյաներ են հայտարարել, որ Թուրքիան սատարում է ահաբեկիչներին: Մասնավորապես, Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն հայտարարեց, որ Անկարան կապեր ունի «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրա» խմբավորման հետ և Վաշինգտոնը ոչինչ չարեց դրան դիմակայելու համար: Իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարեց, որ Թուրքիան և Մերձավոր Արևելքի մյուս երկրներն այնքան են տարվել Ասադին տապալելու գաղափարով, որ հանուն դրա դրամով և զենքով սատարում են «Ալ Քայիդային» Սիրիայում, ինչը սկանդալի պատճառ դարձավ թուրք-ամերիկյան հարաբերություններում:

Սիրիայում և Իրաքում ընթացող պատերազմին մասնակցում են նաև ահաբեկիչներ Ադրբեջանից: «ԻՊ» կազմում կռվող ադրբեջանցիների թիվն այս պահի դրությամբ հասնում է 200-300-ի: Ըստ ԶԼՄ-ների, Սիրիայի տարածքում սպանվել է Ադրբեջանի մոտ 100 քաղաքացի, որոնց լուսանկարները հրապարակվել են իսլամիստական կայքերում ու սոցցանցերում: Երկրում մի քանի անգամ լայնածավալ ձերբակալություններ են եղել: Վերջին անգամ սեպտեմբերի 23-ին ձերբակալվեց 26 մարդ, որոնք հասցրել էին կռվել Սիրիայում: Սիրիայում ադրբեջանցիները մաս են կազմում ծայրահեղական իսլամիստական խմբավորումների և հիմնականում ընդգրկված են «Իսլամական պետության» կամ «Ան Նուսրայի» շարքերում:

Համարվում է, որ մարտական գործողությունների փորձ ունեցող գրոհայինները, վերադառնալով Ադրբեջան, կարող են սպառնալիք դառնալ իշխող ռեժիմին, կամ, հակառակը, օգտագործվել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---