Մերկել. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնասակար են, բայց անխուսափելի

Մերկել. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնասակար են, բայց անխուսափելի

PanARMENIAN.Net - ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից հրաժարվելու ժամանակը դեռ չի եկել:

«Պատժամիջոցներն անխուսափելի են, քանի դեռ Ռուսաստանը ջանք չի գործադրում կամ քիչ ջանք է գործադրում ճգնաժամը հաղթահարելու համար»,-պնդել է նա՝ ելույթ ունենալով Բեռլինում եվրոպական ընտանեկան ընկերությունների կոնգրեսում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք անդադար աշխատում ենք ճգնաժամի դիվանագիտական կարգավորման ուղղությամբ, սակայն, ցավոք, դա նախկինի պես ուղեկցվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտմամբ»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ Մերկելը խոստոավնել է, որ պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում եվրոպական և մասնավորապես գերմանական տնտեսության վրա, գրում է Deutsche Welle-ն: «Ձեռնարկատերերի համար իրավական երաշխիքներից, կայունությունից ու խաղաղությունից առավել կարևոր բան չկա»,-եզրակացրել է Գերմանիայի կանցլերը: Նոյեմբերի 18-ին Բրյուսելում ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների նիստում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ չսահմանվեցին, սակայն, որոշվեց այդ հարցին վերադառնալ դեկտեմբերին:

Եվրամիությունն ու ԱՄՆ-ն տնտեսական պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ ուկրաինական ճգնաժամի, Ղրիմը Ռուսաստանին միացնելու ու Ուկրաինայի արևելքում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ են սահմանվել մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: Ռուսական ընկերություններին արգելել են վարկեր վերցնել Արևմուտքում 30 օրից ավելի ժամկետով, արգելված է երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան, նախատեսված հորատման և երկրաբանական հետախուզության համար: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով:

Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Ուկրաինայի արևելքում իրավիճակի պատճառով նվազեցրել են տնտեսության աճի տեմպերը, սաստկացրել գնաճն ու ռուբլու անկումը: 2014-ի ավարտին ԱՄՀ-ն ակնկալում է ՌԴ-ում ՀՆԱ 0,3 տոկոս աճ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---