Իրանի հայ և ասորի եկեղեցիների առաջնորդները բաց նամակ են հղել Օբամային (թարմացված)

Իրանի հայ և ասորի եկեղեցիների առաջնորդները բաց նամակ են հղել  Օբամային (թարմացված)

PanARMENIAN.Net - Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլը կարող է մեկնարկել դեկտեմբերի 10-ին: Դա կլինի առաջին խորհրդատվությունն անարդյունք ավարտված Իրանի ու «վեցյակի» նախարարական հանդիպումից հետո Վիեննայում: Կողմերը հուսով են, որ մինչև մարտի ավարտը կհաջողվի մշակել ապագա համապարփակ համաձայնագրի քաղաքական շրջանակը, իսկ մինչև հուլիս կկարգավորվեն տեխնիկական հարցերը:

Այդ մասին գրում է «Կոմերսանտը» դիվանագիտական աղբյուրների վրա հղումով: Հանդիպման վայրը հաստատված չէ, սակայն զրուցակիցը չի բացառել, որ դա կլինի Օմանը:

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Իրանի հայ և ասորի եկեղեցիների առաջնորդները բաց նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, հաղորդում է իրանահայ համայնքի «Ալիք» օրաթերթը: Եկեղեցիների առաջնորդները, ինչպես նաև ԻԻՀ Մեջլիսի երկու համայնքների պատգամավորներն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային բաց նամակ են հղել, որտեղ, նշել են, որ Իրանում ապրող կրոնական փոքրամասնություններն ունեն հավասար ներկայություն Իրանի օրենսդիր մարմնում, ինչպես նաև օժտված են հասարակական-համայնքային կյանքի, կրթական, կրոնական և մայրենի լեզվի ուսուցման ազատությամբ:

Անդրադառնալով Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող զարգացումներին՝ նամակի հեղինակները նախ ընդգծել են Իրանի հոգևոր առաջնորդի՝ զանգվածային ոչնչացման զենքի կիրառումն արգելելու մասին արձակած ֆեթվայի կարևորությունը, այնուհետև հավելել, որ Իրանը միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու իրավունք ունի:

«Մենք՝ հայ և ասորի եկեղեցիների առաջնորդներս, ինչպես նաև խորհրդարանում հայ և ասորի պատգամավորներս, աջակցելով Իրանի և «5+1 խմբի» միջև շարունակվող բանակցային գործընթացին, ակնկալվող դրական արդյունքները համարում ենք խաղաղության հիմնական գրավական: Միևնույն ժամանակ համոզված ենք, որ բանակցություններից ակնկալվող արդար ելքը կարող է տարածաշրջանում հանգեցնել խաղաղության և գործակցության մթնոլորտի, որը կարող է փոխարինել տիրող անմարդկային ագրեսիային»,-նշված է բաց նամակում:

Բանակցությունների նախորդ փուլը անարդյունք ավարտվեց: Կողմերը մտադիր էին վերջնական համաձայնագիր ստորագրել Իրանի դեմ պատժամիջոցները հանելու վերաբերյալ և միջուկային ծրագրի շուրջ փոխզիջման հասնել մինչև նոյեմբերի 24-ը, սակայն համաձայնության հասնել չհաջողվեց: Որոշվեց ևս 7 ամիս հատկացնել բանակցությունների համար: Սպիտակ տունը որոշեց դեռևս չերկարացնել նախկին պատժամիջոցներն ու նորերը չսահմանել: Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Թեհրանը ցանկանում է, որ համաձայնագիր մշակվի սեղմ ժամկետում: Մինչդեռ ԱՄՆ-ում մի խումբ կոնգրեսականներ արդեն կոչ են անում Իրանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել: ԱՄՆ դիրքորոշման խստացման օգտին արտահայտվեցին սենատորներ Ջոն Մաքքեյնը, Լինդսեյ Գրեհեմը և Քելլի Այոթը, ինչպես նաև Էդ Ռոյսը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները: Սակայն, Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարեց, որ Իրանի դեմ լրացուցիչ սահմանափակող միջոցների կիրառումը «վեցյակի»« և Թեհրանի միջև բանակցությունների ընթացքում հակաարդյունավետ կլիներ: Իր հերթին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարեց, որ չի կասկածում, որ կողմերը «եթե ոչ այսօր, ապա վաղը» համաձայնության կգան միջուկային ծրագրի հարցում:

2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները: Նախատեսվում էր, որ մինչ նոյեմբերի 24-ը Իրանն ու «վեցյակը» կքննարկեն միջուկային ծրագրի շուրջ համաձայնության բոլոր տարրերը և կստորագրեն համապատասխան համաձայնագիր:

Իրանն առաջին հորիզոնականում է աշխարհում բնական գազի հետախուզված պաշարների ծավալներով: Ըստ BP-ի, 2013-ին Իրանի գազի ապացուցված պաշարները ավելացել են 200 մլրդ խմ՝ հասնելով 33,8 տրլն խմ, ինչը 2,5 տրլն խմ ավելի է ՌԴ գազի պաշարներից:

Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը հատկապես կարևորվում է հակառուսական պատժամիջոցների և Եվրոպայում էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիների որոնման հետ: Ավելի վաղ Ռոուհանին հայտարարել էր, որ երկիրը կողմ է «առողջ մրցակցությանը», սակայն պատրաստ է համակարգել քայլերը Մոսկվայի հետ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---