ԱԳ նախարար. Ադրբեջանի ամենազարհուրելի քայլը Սաֆարովին ներում շնորհելն ու հերոսացնելն էր

ԱԳ նախարար. Ադրբեջանի ամենազարհուրելի քայլը Սաֆարովին ներում շնորհելն ու հերոսացնելն էր

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյմեբերի 25-ին հանդիպել է Ռիկսդագի նախագահ Ուրբան Ահլինի հետ։ Հանդիպմանն Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հայ-շվեդական հարաբերությունները առանձնանում են բաց և կառուցողական քաղաքական երկխոսությամբ և հարաբերություններն առավել ամրապնդելու պատրաստակամությամբ։ ԱԳՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ զրույցի ընթացքում կարևորվել է երկու խորհրդարաններում բարեկամության խմբերի գործունեությունը:

Նույն օրը Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթ է ունեցել Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում:

Ելույթին ներկա էին Շվեդիայի պետական գերատեսչությունների, դիվանագիտական կորպուսի, գիտական կենտրոնների և համալսարանների ներկայացուցիչներ, քաղաքական վերլուծաբաններ: Նախարար Նալբանդյանը պատասխանել է Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանային և միջազգային խնդիրների նկատմամբ ՀՀ մոտեցումների վերաբերյալ ներկաների բազմաթիվ հարցերին:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մոտեցումը, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասել է.

«Որքան միջազգային հանրությունը կոչ է անում հակամարտության կողմերին պատրաստել ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե` պատերազմի, այնքան ավելի շատ է Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչում ռազմատենչ, պատերազմ հրահրող հռետորաբանություն, հայատյացության քարոզ, առավել ուժեղանում են հետապնդումները` փոխվստահության ամրապնդման և հաշտեցման կողմնակից ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ։ Որքան կողմերին կոչ է արվում դուրս բերել դիպուկահարներին շփման գծից և ստեղծել միջադեպերի ու հրադադարի ռեժիմի խախտումների քննության մեխանիզմ, այնքան ավելի շատ դիպուկահարների կրակոցներ, սադրիչ միջադեպեր, դիվերսիոն գործողություններ են հետևում ադրբեջանական կողմից` հանգեցնելով բազմաթիվ կորուստների:

Որքան նավթագազային եկամուտներ են մտնում Ադրբեջանի բյուջե, այնքան շատ զենք և սպառազինություն է ձեռք բերվում Բաքվի կողմից: Նախորդ տասնամյակի ընթացքում Ադրբեջանի ռազմական ծախսերը 136 միլիոնից հասել են 3,6 մլրդ ԱՄՆ դոլարի 2014-ին` աճելով ավելի քան քսանհինգ անգամ, և Բաքուն այժմ պարծենում է, թե եկող տարվա ռազմական բյուջեն աճելու է 27%-ով` կազմելով 4.8 մլրդ ԱՄՆ դոլար: Ադրբեջանի կողմից անհամաչափ ռազմական ծախսերը և սպառազինության ձեռքբերումը լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանային և միջազգային կայունությանն ու անվտանգությանը»,- նշել է նախարարը:

Նալբանդյանը հայտարարել է, որ Բաքուն մերժել է Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված` ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների բոլոր տարբերակները՝ ներկայացված Սանկտ Պետերբուրգում (հունիս 2010թ.), Աստրախանում (հոկտեմբեր 2010թ.), Սոչիում (մարտ 2011թ.) և Կազանում (հունիս 2011թ.) կայացած գագաթաժողովների ընթացքում:

«Կազանի գագաթաժողովին հետևեց հիմնարար սկզբունքների շուրջ բանակցային գործընթացի գրեթե երկու տարվա դադար: Այս ընթացքում Ադրբեջանը հաճախակիացրեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները և սադրիչ գործողությունները։

Բայց ամենից զարհուրելի քայլը ադրբեջանցի սպա Սաֆարովին ներում շնորհելն ու հերոսացնելն էր, որը կացնով գլխատել էր քնած հայ սպային, երբ նրանք Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի դասընթացին»,- ասել է նա:

2004-ի փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006-ի ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005-ի փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

ՀՀ արտգործնախարարը շեշտել է, որ երբ անցյալ տարվա նոյեմբերին` տխրահռչակ սաֆարովյան դեպքից որոշ ժամանակ անց, համանախագահների ջանքերի շնորհիվ Վիեննայում վերսկսվեցին շփումները` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, հույսեր առաջացան, որ բանակցային գործընթացը կարող է առաջ շարժվել:

«Ցավոք, այդ սպասելիքները չարդարացան: Ադրբեջանը արեց հնարավոր ամեն ինչ` ապակայունացնելու իրավիճակը հակամարտության գոտում։ Ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր իրականացրեց, որոնք բազմաթիվ զոհերի հանգեցրին` կտրուկ մեծացնելով լարվածությունը:

Հայ գյուղացին, ով սխալմամբ շփոթվել և հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, ձերբակալվեց, տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների ոճով դաժանորեն նվաստացվեց տեսախցիկների առջև, իսկ հաջորդ օրը սպանվեց ադրբեջանցիների կողմից»- ասել է Նալբանդյանը։

Ադրբեջանում ականավոր լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների, մտավորականության ներկայացուցիչների ահաբեկումն ու հետապնդումը, նրանց «Հայաստանի լրտեսներ», «ժողովրդի թշնամիներ» պիտակավորումը սովորական երևույթ են դարձել և օգտագործվում են` խաղաղության ու հաշտեցման ջատագովներին զրպարտելու, վարկաբեկելու նպատակով։ Այս ամենը, նախարարի խոսքով, լրջորեն վտանգում է բանակցային գործընթացը:

2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:

Նալբանդյանը հիշեցրել է, որ վերջին երեք ամիսների ընթացքում եռանախագահ երկրները, նախևառաջ Ռուսաստանի նախագահը՝ Սոչիում, ապա ԱՄՆ պետքարտուղարը՝ Նյուպորտում, այնուհետև Ֆրանսիայի նախագահը՝ Փարիզում, նախաձեռնեցին գագաթաժողովներ` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ` առաջին հերթին լարվածության նվազեցման և իրավիճակի հետագա սրումը կանխելու նպատակով.

«Փարիզյան հանդիպումից անմիջապես հետո Ադրբեջանի ղեկավարությունը բարձրացրեց հակահայկական սադրիչ հռետորաբանության մի նոր ալիք, և այդ երկրի պաշտպանության նախարարը նորից սպառնաց, որ իր երկիրը կլուծի ղարաբաղյան հիմնահարցը ռազմական ճանապարհով:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումը, որը խլեց երեք երիտասարդ զինծառայողների կյանք, Բաքվի վերջին հանցավոր սադրանքներից է: Ադրբեջանական զինուժը գրեթե տասն օր շարունակ ուղղաթիռի խոցման վայրը պահեց ինտենսիվ կրակի տակ` խոչընդոտելով փրկարար խմբերին, ԵԱՀԿ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ զոհված օդաչուների մարմինները տարհանելու գործում։

Առերեսվելով Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի հերթական կոպտագույն խախտմանը` Ղարաբաղի Պաշտպանության բանակը ստիպված եղավ դիմելու հատուկ գործողության՝ տարհանելու խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին և մյուս երկու օդաչուների մարմնամասերը»։

Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրությանը, որը մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ուղղաթիռի խոցման վերաբերյալ հրապարակած հայտարարությանը իր արձագանքից: Էդվարդ Նալբանդյանը շեշտել է` Ադրբեջանն ակնհայտորեն կորցնում է իրականության զգացումը` օրեցօր խորացնելով անդունդը իր և քաղաքակիրթ աշխարհի միջև:

«Բաքուն ոչ միայն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերը` ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, շփման գծում միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման, վստահության ամրապնդման միջոցների կիրառման վերաբերյալ, այլև գործում է դրանց հակառակ` կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը:

Այս բոլոր փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը դարձել է իրական սպառնալիք` Հարավային Կովկասում անվտանգության և կայունության համար:

Մենք համամիտ ենք Մինսկի խմբի համանախագահների հետ, որ ռազմական ուժի կիրառումը չի կարող հիմնահարցի լուծմանը ծառայել։ Որքան շուտ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանա սա, այնքան բանակցային գործընթացը արդյունքներ կբերի` արցախյան հիմնախնդրի կարգավորման համար»,- եզրափակել է ՀՀ ԱԳ նախարարը:

Կարդացեք նաև`ԵԽԽՎ-ն դատապարտել է Սաֆարովի արդարացումը. Օրենքի գերակայության սկզբունքը խախտվել է

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---