ԱՊՀ փորձագետները համաձայնեցրել են անդամ երկրների սահմանային անվտանգության ամրապնդման հարցը

ԱՊՀ փորձագետները համաձայնեցրել են անդամ երկրների սահմանային անվտանգության ամրապնդման հարցը

PanARMENIAN.Net - ԱՊՀ անդամ պետությունների Մինսկի կենտրոնակայանում տեղի է ունեցել փորձագետների նիստը՝ նվիրված Համագործակցության անդամ պետությունների սահմանապահ և այլ գերատեսչությունների խմբավորման կազմակերպման մասին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշման նախագծի համաձայնեցմանը, որն ուղղված է արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակի կարգավորմանը: Փորձագետները, հաշվի առնելով մի շարք երկրների առաջարկությունները, որոշել են սահմանված կարգով ներկայացնել այն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը: Այդ մասին հայտնել է ԱՊՀ Գործկոմի մամուլի ծառայությունը: Որոշումը վերաբերելու է Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Ղրղզստանին, Ռուսաստանին և Տաջիկստանին, քանի որ այդ երկրներն են ստորագրել համապատասխան արձանագրությունը:

Ենթադրվում է, որ այդ երկրների իրավասու մարմինները Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի հետ համատեղ ամեն տարի հստակեցնելու են փոխգործակցության ծրագրերն ու համաձայնեցնելու են ազգային սահմանապահ կազմավորումների քանակային կազմը ճգնաժամային իրավիճակների կարգավորման համար, հաշվի առնելով արտաքին սահմաններում ստեղված իրավիճակն ու կանխատեսումները, հայտնում է Ռոսբալտը:

Բացի այդ, ոչ պակաս քան երեք տարին մեկ անգամ կազմակերպվելու են ԱՊՀ երկրների սահմանապահ և այլ գերատեչսւթյունների հրամանատարաշտաբային զորավարժություններ: Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայությունը իրազեկելու է երկրներին արտաքին սահմաններին տիրող իրավիճակի և սպառնալիքների հնարավոր ուղղությունների մասին:

Նոյեմբերի 21-ին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհուրդը մի շարք փաստաթղթեր ընդունեց, այդ թվում հաստատեց Խաղաղ պայմաններում ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում միջուկային ու ռադիացիոն անվտանգության հայեցակարգը:

Հոկտեմբերին ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մանիլովը հայտնեց, որ ԱՊՀ երկրների սահմանապահ ծառայությունները ձևավորել են տեղեկատվական փոխանակման միասնական ավտոմատ համակարգ:

Ինչպես հայտնեց Մանիլովը, համակարգը թույլ է տալիս իրական ժամանակում տեղեկատվություն փոխանակել արտաքին սահմաններին տիրող իրավիճակի մասին:

Նա հավելել է, որ տեղեկատվական համակարգի շրջանակում ամեն ամիս զեկույցներ կպատրաստվեն իրավիճակի վերաբերյալ ԱՊՀ արտաքին սահմաններին փակ ռեժիոմով անդամ երկրների սահմանապահ գերատեսչություննեի տրամադրած նյութերի հիման վրա:

Բացի այդ, ըստ Մանիլովի, պատրաստվում են տեղեկատվական-վերլուծական նյութեր ու տեսություններ թմրանյութերի ապօրինի շրջանառության, միգրացիոն գործընթացների, պետսահմանի պաշտպանության կազմակերպման վերաբերյալ:

Ըստ Մանիլովի, տեղեկատվական համակարգին այսօր ակտիվորեն միացել են և աշխատում են ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Հայաստանը:

«Մենք դիտարկում ենք նմանատիպ տեխնիկայի տեղադրման հարցը Ուզբեկստանում»,-ասել է Մանիլովը:

1996 թվականին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհուրդը որոշում կայացրեց «ԱՊՀ անդամ պետությունների սահմանապահ զորքերի միջև տեղեկատվական փոխանակման միջպետական ենթահամակարգի հայեցակարգի մասին»: Հայեցակարգը որոշում է տեղեկատվական փոխանակման համակարգի հիմնական սկզբունքները, խնդիրները, կառուցվածքն ու ստեղծման փուլերը:

ԱՊՀ

ԱՊՀ-ն` Անկախ Պետությունների Համագործակցությունը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջպետական միավորում է: ԱՊՀ-ն հիմնել են Բելառուսի ԽՍՀ-ն, ՌԴ ԽՍՀ-ն և Ուկրաինայի ԽՍՀ-ն 1991-ի դեկտեմբերի 8-ին Բրեստի մերձակայքում գտնվող Վիսկուլի բնակավայրում: ԱՊՀ անդամ պետություններն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ուկրաինան: Հայաստանն ԱՊՀ անդամ է 1992-ի փետրվարի 18-ից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---