Հին վախերը. BBC-ին` այսօրվա Թուրքիայում քրիստոնյաների վիճակի մասին

Հին վախերը. BBC-ին` այսօրվա Թուրքիայում քրիստոնյաների վիճակի մասին

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Թուրքիա այցելության կապակցությամբ BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է այսօրվա Թուրքիայի քրիստոնյաների կյանքին, որը գնում է իսլամականացման ճանապարհով: «Որպես միանգամից մի քանի կայսրությունների, կրոնների ու մշակույթների կենտրոն հայտնի քաղաքում կա մի եկեղեցի, որտեղ Հիսուսին և Մարիամ Աստվածածնին պատկերող խճանկարի կողքին կան «Ալլահ» և «Մոհամմեդ մարգարե» գեղագիր գրությունները:

Դժվար է գտնել քաղաքակրթությունների բախման ավելի վառ խորհրդանիշ, քան Ստամբուլի Սբ Սոֆիայի տաճարն է: Գրեթե հազար տարի այն եղել է աշխարհի քրիստոնյաների գլխավոր տաճարը, Բյուզանդիայի սիրտը: 1453 թվականին Կոստանդնուպոլիսն ընկավ Օսմանյան կայսրության ճնշման տակ՝ եկեղեցին վերածվեց մզկիթի, իսկ քրիստոնեությունը սկսեց դանդաղ մարել:

Օսմանյան կայսրության փլատակների վրա Թուրքիայի կայացմանը զուգահեռ քրիստոնեությունն աստիճանաբար թուլացավ:

Եվ հիմա Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ժամանել է մի երկիր, որտեղ վերջին 100 տարում քրիստոնեություն դավանող բնաչության մասնաբաժինը 20 տոկոսից նվազել է մինչև 0,2 տոկոս»,-գրում է BBC-ին:

Ըստ թուրք պատմաբան Չինգիզ Աքթարի, տարածաշրջանի ոչ մի պետություն, ներառյալ Իրանը, այդքան միատարր չէ իսլամի տեսակետից, որքան Թուրքիան:

1923 թ. Թուրքիայի հանրապետության ստեղծումից ի վեր, իշխանությունները «բնակչության փոխանակում» կազմակերպեցին Հունաստանի հետ, հանրությունն ավելի միատարր դարձնելու նպատակով ազգային և կրոնական պատկանելության տեսակետից:

Շուրջ մեկ միլիոն հույն ստիպված հեռացավ Թուրքիայից, իսկ Հունաստանից մեկնեց մոտ 300 հազար մահմեդական:

Սկզբում դա չանդրադարձավ ստամբուլաբնակ հույների վրա, սակայն, ոչ մահմեդականների համար անձնական գույքի հարկի ներմուծումից, 1955 թ. հունական ջարդերից ու 1964 թ. զանգվածային բռնագաղթից հետո հունական համայնքը փաստացի փլուզվեց, հիշեցնում է պարբերականը:

«Ոչ մահմեդական փոքրամասնությունների էթնիկ զտումը «ուղեղների իսկական արտահոսքի» վերածվեց»,-ասում է Աքթարը, որը ցուցահանդես է բացել Թուրքիայի կորսված ժառանգության մասին: «Դա հանգեցրեց նաև բուրժուազիայի ոչնչացմանը, քանի որ մարդիկ, որոնք ստիպված էին հեռանալ, ոչ միայն մեծահարուստներ էին, այլ նաև արհեստավորներ: Ստամբուլը կորցրեց իր քրիստոնյա և հրեա բնակչությունը»,-ասում է նա: Բայց ոչ միայն հույների փախուստը թուլացրեց քրիստոնյաների դիրքերը տարածաշրջանում:

Ժամանակին Թուրքիայում խոշոր քրիստոնեական համայնք էին կազմում հայերը: Սակայն 1915 թվականին հարյուր հազարավոր մարդիկ բռնագաղթի ենթարկվեցին: Շատերը սպանվեցին, կամ մահացան սովից ու հիվանդություններից: Թուրքիայի քրիստոնյաները չգիտեն, թե կարող են արդյոք իշխանությունները կրոնական ազատություններ ապահովել երկրում:

Թուրքական իշխանությունները չեն ընդունում «ցեղասպանություն» եզրույթը, սակայն այժմ Թուրքիայիում 2 մլն հայերի փոխարեն 50 հազար հայ է ապրում:

2007 թ. «Ակոս» հայկական թերթի խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց թուրք ազգայնականների կողմից: 7 տարի անց, ըստ պարբերականի սեփականատեր Ռոբեր Կոպտաշի, հայ համայնքը նախկինի պես ահաբեկված է: «Հայերը վախենում են ի ցույց դնել իրենց կրոնական պատկանելությունը»,-ասում է նա:

«Հավատացյալների մեծ մասը խաչը կրում է հագուստի տակից: Նրանք չեն կարող ազատ խաչ կրել ու քայլել փողոցներով, քանի որ, դա կարող է սադրել մարդկանց: Ես չեմ ուզում ասել, թե բոլոր թուրքերը դեմ են քրիստոնյաներին, սակայն ազգայնականության մակարդակն այստեղ այնքան բարձր է, որ մարդիկ վախենում են ինքնաարտահայտվել»,-պարզաբանում է Կոպտաշը:

Այժմ քրիստոնյաների շրջանում մտավախություն կա, որ Էրդողանի նախագահության օրոք Թուրքիան կբռնի իսլամականացման ուղին:

Միևնույն ժամանակ Էրդողանը մի քանի քայլ կատարեց քրիստոնյաներին ընդառաջ:

Օրինակ, Թուրքիայում օրենք ընդունվեց պետության կողմից առգրավված քրիստոնյաների գույքն ու ունեցվածքը վերադարձնելու մասին և հատուկ քրիստոնեական դասարաններ թույլատրվեցին դպրոցներում: Միևնույն ժամանակ նախագահը շեշտում է իր մահմեդական ինքնությունը, նրա հիմնական կողմնակիցները պահպանողական մահմեդականներն են:

Էրդողանը ողջունում է ազգայնական տրամադրությունները, որոնք արդյունքում կարող են հարվածի տակ դնել քրիստոնյաներին:

Թուրքիայի ամենափոքր քրիստոնեական համայնքը՝ կաթոլիկներն, արդեն զգացել են դա: Մի քանի տարի առաջ երկրում կաթոլիկ եկեղեցականների և քարոզիչների սպանությունների ալիք բարձրացավ:

»Նրանց համար թուրք լինել նշանակում է մահմեդական լինել»,-պատմում է տեղի կաթոլիկ եկեղեցու սպասավոր Յուլիան Պիստան:

«Անցյալում մոլի կրոնավոր մահմեդականների վրա մի փոքր բարձրից էին նայում: Հիմա ուրբաթօրյա նամազները ողջունելի են. հասարակությունն իսլամականացման ուղին է բռնել: Վերջերս ես մի խումբ երիտասարդների հայտնաբերեցի իմ եկեղեցում կարիքները հոգալիս: Նրանք բղավեցին՝ «Ալլահ աքբար»: Ես էլ եմ հավատում, որ Աստված մեծ է, բայց նրանք ակնհայտորեն փորձում էին սպառնալ»,-ասում է նա:

Թուրքիայում կրոնն անջատվեց պետությունից 1923-ին: Սակայն ազգային պետության կայացման ընթացքում կրոնն աստիճանաբար դարձավ թուրքական ազգային ինքնության մի մասը, և այդ գործընթացը կտրուկ արագացավ Էրդողանի օրոք:

Երկրում գնալով աճում է մզկիթների քանակը, այն դեպքում, երբ աշխարհում հայտնի ուղղափառ Հալկի աստվածաբանության դպրոցը փակ է 1971 թվականից, այն փակվեց ազգայնականների ճնշման տակ: Ըստ տեղաբնակ Ֆոտիս Բենլիսոյի, քրիստոնեական համայնքը զգում է, որ նրան դուրս են մղում:

«Մշտական սպառնալիքի զգացուղությունը կրկին գլուխ է բարձրացնում ոչ մահմեդական փոքրամասնությունների շրջանում»,-ասում է նա:-Բազում պատճառներ կան՝ կառավարության ընդհանուր տոնն ու քաղաքականությունը, նախագահի ու վարչապետի մշտական հիշատակումները սունիների արմատների մասին, նախարարների վիրավորական արտահայտությունները ոչ մահմեդականների հասցեին, լուրերը, որ Թուրքիան կապեր ունի «Իսլամական պետության» հետ: Այս ամենը ստիպում է մտածել հնարավոր արտագաղթի մասին»:

Մինչ Թուրքիան իր ինքնությունն է կառուցում, կարևոր մի հարց է ծագում. կկարողանա՞ այդ երկիրը իսկական կրոնական ազատություն ապահովել, թե դրա ճանապարհին ազգյանականությունը կկանգնի, գրում է BBC-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---