ՀԱՊԿ-ը կքննարկի խոցված ուղղաթիռի դեպքը

ՀԱՊԿ-ը կքննարկի խոցված ուղղաթիռի դեպքը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և կանոնադրական այլ մարմինների համատեղ նիստի նախապատրաստական աշխատանքներին ու օրակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձել նաև խորհրդի նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքին:

Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան ՀՀ նախագահին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների, այդ թվում՝ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների զարգացման ծրագրի իրականացման ընթացքի, ՀԱՊԿ միացյալ շտաբի ընթացիկ գործունեության, ինչպես նաև կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:

Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են օրերս ադրբեջանական զինված ուժերի կողմից պաշտպանության բանակի՝ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման միջադեպին և դրա հետևանքով առաջացած իրավիճակին, որը, Նիկոլայ Բորդյուժայի հավաստմամբ, քննարկման թեմա կդառնա նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամներից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն, ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին: Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 22-ի առավոտյան հայտնի դարձավ, որ, հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Դեպքի վայրից տարհանվեցին ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ գործողության արդյունքում, որը Երևանում և Ստեփանակերտում փայլուն անվանեցին, ԼՂՀ ՊԲ-ն կորուստներ չի կրել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---