Լուկաշին համայնքը ջրամատակարարման նոր համակարգ կունենա. Ծրագիրն արդեն 70%-ով իրականացվել է

Լուկաշին համայնքը ջրամատակարարման նոր համակարգ կունենա. Ծրագիրն արդեն 70%-ով իրականացվել է

PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում ջրի խնդիր է եղել դեռևս խորհրդային տարիներին: Մոտ 2600 բնակիչ ունեցող գյուղի որոշ թաղամասերի առհասարակ ջուր չի մատակարարվել, իսկ զգալի մասում գործել է մատակարարման երկժամյա գրաֆիկ: Տարիներ շարունակ շահագործված թուջե խողովակները ենթարկվել են կոռոզիայի, ջարդվել և վաղուց դուրս են եկել շարքից:

Լուկաշինցիները տարիներ առաջ գտել են ջրի ցածր ճնշումը կարգավորելու ժամանակավոր լուծում, որը, սակայն, արդյունավետության տեսանկյունից իրեն չի արդարացրել: Հանրապետության 4 համայնքում ջրի կորուստները կանխելու, մատակարարման արդյունավետությունը բարձրացնելու և կենցաղավարության տարրական պայմաններ ապահովելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գարնանը համաձայնագիր են ստորագրել:

Լուկաշինում ամռանն սկսված ջրամատակարարման ծրագիրը մեծ թափ է առել: Բացի 4,2 կմ երկարություն ունեցող մայր ջրագծից, այս համայնքում կառուցվող ջրամատակարարման ներքին ցանցի երկարությունը կազմելու է մոտ 12,2 կմ: Նախալեռնային այս շրջանում իրականացվող աշխատանքները մեծ համբերություն և ջանասիրություն են պահանջում: Ծրագրի շուրջ համագործակցող կողմերն ու գյուղացիները, սակայն, չեն հուսահատվում: Նոր ջրատարի անցկացման ժամանակակից, գրեթե կորուստ չտվող պոլիէթիլենային խողովակների տեղադրման, ջրաչափական ենթակառուցվածքի ներդրման միջոցով նրանք ձգտում են ցանկալի արդյունք ստանալ:

Իրականացվող վերականգնման աշխատանքների արդյունքում ակնկալվում է ջրամատակարարման գրաֆիկի բարելավում (օրական 2 ժամից մինչև շուրջօրյա), խմելու ջրի անվտանգության բարձրացում, ցանցում վթարների թվի կրճատում, ինչպես նաև ջրի և էներգիայի խնայողություն: Լուկաշինի գյուղապետ Կարեն Մկրտչյանը տեղեկացնում է, որ ծրագիրն արդեն 70%-ով իրականացվել է:

Առաջիկայում կտեղադրվեն ջրաչափեր, ջրաչափական ժամանակակից դիտահորեր, որոնք կնպաստեն ջրի տնտեսմանն ու հաշվառմանը, կկատարվեն մասնակի այլ աշխատանքներ և լուկաշինցիները կազատվեն սակավաջուր աղբյուրից ջուր կրելու հոգսից:

Եռակողմ համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրից ընդհանուր առմամբ օգտվելու է 4 համայնքի ավելի քան 6800 բնակիչ: Այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 70 միլիոն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ 60 միլիոն դրամ:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---