6  04.04.14 - Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը

Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունն ավարտվել է. Վիճաբանության փուլը՝ դեկտեմբերի 17-ին

Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունն ավարտվել է. Վիճաբանության փուլը՝ դեկտեմբերի 17-ին

PanARMENIAN.Net - Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով դատաքննությունը դեկտեմբերի 5-ին ավարտվել է: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Վաղինակ Մկրտչյանը հայտարարել է, որ դատարանն անցում է դատական վիճաբանությունների փուլին:

Քանի որ մեղադրող Արթուր Սարգսյանը ժամանակ է խնդրել ճառին պատրաստվելու համար, դատարանը որոշել է մինչև դեկտեմբերի 17-ը հետաձգել դատական նիստը, գրում է Tert.am-ը:

Դեկտեմբերի 17-ին կսկսվի Վարդան Պետրոսյանի գործով դատական վիճաբանությունների փուլը, մեղադրական ճառով հանդես կգա դատախազ Արթուր Սարգսյանը, այնուհետև բոլոր մյուս կողմերը:

Ավտովթարի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը պաշտոնապես ավարտվել էր հունվարի 23-ին: Գործով դատաքննությունը մեկնարկել էր 2014-ի մարտի 12-ին: Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել, քանի որ 2013-ի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի Սարալանջ գյուղից դեպի Երևան վարել է իր անձնական «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ավտոմեքենան ու, հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին, ոչ պատշաճ, վտանգավոր երթևեկություն իրականացրել:

Ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն՝ 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում օգտվելով հեռախոսակապից, զրկել իրեն ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից:

Մինչ այդ, վերջին դատական նիստին կողմերը դատաքննությունը լրացնելու միջնորդություն չեն ունեցել: Հայտարարությամբ հանդես է եկավ միայն Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, որը կապված էր նախորդ նիստում դատարանի կայացրած որոշման հետ, համաձայն որի՝ մերժվել էր դատաավտոտեխնիկական լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու միջնորդությունը:

Վարդեն Պետրոսյանի 2-րդ պաշտպանը՝ Սամվել Ջաղինյանը, նշել է, որ որոշման մեջ դատավորը չի անդրադարձել և քննության չի դրել մեղադրյալի պաշտպանական իրավունքների խախտման, նրան փորձաքննությանը հարցեր առաջադրելու իրավունքները:

Մեղադրողն իր հերթին հակադարձել է, թե հոկտեմբերի 31-ին է հրավիրվել նախաքննական մարմին, այն էլ վկայի կարգավիճակով: Իսկ տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հայտնել, որ որևէ մեկի իրավունքները չեն խախտվել և պաշտպանական կողմը երկար ժամանակ է ունեցել՝ հարցեր առաջադրելու համար:

Ըստ առաջադրված մեղադրանքի, Պետրոսյանը ճանապարհային երթևեկության կանոնների 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններով վթարային իրադրութուն է ստեղծել, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին:

Բախման հետևանքով «Վազ 21214»-ի ուղևորներ էդվարդ ու էդգար Հակոբյանները մահացել են, Տաթևիկ Հակոբյանի առողջությանը կյանքին վտագ սպառնացող ծանր վնաս է պատճառվել, Հայկ ու էմմա Հակոբյանների, ինչպես նաև վարորդ Արթուր Հակոբյանի առողջությանը՝ առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս:

Պետրոսյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---