Ուորլիք. Ցավոք, Բազելում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն այդպես էլ չկարողացան հանդիպել

Ուորլիք. Ցավոք, Բազելում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն այդպես էլ չկարողացան հանդիպել

PanARMENIAN.Net - ԵԱՀՄ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ափսոսանք է հայտնել, որ Բազելում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների կոմիտեի նիստի շրջանակում տեղի չի ունեցել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում: Այս մասին համանախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ցավում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները այդպես էլ չկարողացան հանդիպել ԵԱՀԿ արտգործնախարարների կոմիտեի նիստի շրջանակներում: Երկխոսությունը խաղաղ կարգավորման գործընթացի բաղկացուցիչ անհրաժեշտ մասն է»,- գրել է ամերիկացի դիվանագետը:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ ամենամյա նախարարների խորհրդի 21-րդ նստաշրջանից հետո լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել՝ նշելով, որ յուրաքանչյուր դեկտեմբեր ամսին ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում հայտարարություններ են ընդունվում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ:

«Այս անգամ, իհարկե, պայմանները այդքան բարենպաստ չէին, որ հնգակողմ հայտարարություն ընդունվեր, և եռանախագահները որոշեցին առանձին` եռակողմ հայտարարությամբ հանդես գալ, որն արվեց պատվիրակությունների ղեկավարների մակարդակով` ՌԴ արտգործնախարար Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Քերրիի և Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետնախարար Դեզիրի կողմից»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ համանախագահները ևս մեկ անգամ ընդգծել են՝ բանակցային, խաղաղ ճանապարհով հիմնահարցի լուծմանն այլընտրանք չկա.

«Ու՞մ է դա ուղղված. պարզ է, թե ում։ Հայաստանը նախագահի մակարդակով, տարբեր այլ մակարդակներով բազմիցս նշել է, որ, պետք է գնալ հիմնախնդրի լուծման բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով»:

Դեկտեմբերի 4-ին Բազելում մեկնարկած Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 21-րդ նստաշրջանին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

ՀՀ ԱԳ նախարարը, ելույթ ունենալով նախարարների խորհրդի նստաշրջանին, անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցին՝ նշելով, որ այս տարի լրացավ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնության 20-ամյակը:

«Չնայած միջազգային հանրության կոչերին՝ ամրապնդելու 1994-ի մայիսի զինադադարի համաձայնագիրը և ամբողջովին իրագործելու 1995-ի փետրվարի համաձայնությունը՝ հրադադարի ամրապնդման վերաբերյալ՝ Ադրբեջանն արեց ամեն ինչ՝ հրադադարը խաթարելու համար։ Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփան գծում Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրին զգալի կորուստների և առավել լարեցին իրավիճակը տարածաշրջանում։

Չնայած երեք համանախագահ երկրի ինտենսիվ ջանքերին՝ վերջին վեց տարվա ընթացքում` մոտ քսան գագաթնաժողով, նախարարական մակարդակով մի քանի տասնյակ հանդիպում, համանախագահների մի քանի տասնյակ տարածաշրջանային այց, չհաջողվեց հիմնախնդրի կարգավորման հարցում բեկում արձանագրել, քանի որ Բաքուն մեկը մյուսի հետևից մերժեց միջնորդների կողմից ներկայացված առաջարկները:

Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտարարություններում ամրագրված տարրերը կարող են հիմք ծառայել` հակամարտության արդար և տևական կարգավորմանը հասնելու համար: Կիսում ենք համանախագահ երկրների այն տեսակետը, որ այդ տարրերը պետք է դիտվեն որպես մեկ ամբողջություն, և որ դրանցից մեկին նախապատվություն տալու ցանկացած փորձ անհնար է դարձնելու հավասարակշռված լուծման հասնելը»,- շեշտել է նախարարը:

Կարդացեք նաև`Նալբանդյան. Ադրբեջանը հրաժարվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող բոլոր առաջարկներից

Նալբանդյան. Ադրբեջանն իրական սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլև՝ միջազգային կայունությանը

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---