85.2 մլն եվրոյի վարկ ՀՀ-ին՝ էներգետիկ ծրագիրը ֆինանսավորելու համար

85.2 մլն եվրոյի վարկ ՀՀ-ին՝ էներգետիկ ծրագիրը ֆինանսավորելու համար

PanARMENIAN.Net - «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման համար KFW բանկը Հայաստանին կտրամադրի 85.2 մլն եվրո արժողությամբ վարկ` 75 մլն եվրո սեփական և 10.2 մլն եվրո` Գերմանիայի տրամադրած ֆինանսական միջոցներից: Համապատասխան վարկային և ծրագրային համաձայնագրերը դեկտեմբերի 9-ին ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, KFW բանկի էներգետիկայի դեպարտամենտի տնօրեն Յան Բլումը և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Անանյանը:

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 4-ին հավանություն էր տվել «ՀՀ-ի և KFW բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի համար վարկային և ծրագրային համաձայնագրի (75 մլն եվրո)» նախագծին՝ լիազորելով ֆինանսների նախարարին ստորագրել այն: KfW-ն կվերաֆինանսավորի համաձայնագրի պայմանների համաձայն տրամադրվող վարկը՝ ցածր տոկոսադրույքով բյուջետային աջակցության այն ֆոնդերից տոկոսավճարների սուբսիդավորմամբ, որոնք Գերմանիան տրամադրում է զարգացման քաղաքականությանը համապատասխանության չափանիշներին բավարարող ծրագրերի համար:

ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը մշակել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմը և համաձայնեցվել ՀՀ արդարադատության նախարարության հետ:

Ծրագրով նախատեսվում է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանին մոտ` Այրումում տեղակայվող բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: Ծրագրի շրջանակում նոր ենթակայանի և հոսանքագծի կառուցման շնորհիվ Հայաստանը և Վրաստանը կաշխատեն միևնույն ռեժիմում, ինչը հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի պակասուրդի դեպքում ներմուծել, իսկ ավելցուկի դեպքում` արտահանել էլեկտրաէներգիա:

Ծրագրի 1-ին փուլի ընդհանուր արժեքը կազմում է 105.2 մլն եվրո: Միաժամանակ այն կհամաֆինանսավորի Եվրոպական ներդրումային բանկը 10 մլն եվրո գումարի չափով տրամադրվելիք վարկային միջոցների և ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով տրամադրվելիք 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցների հաշվին:

Տրամադրվող վարկային միջոցները նույն վարկային պայմաններով ենթավարկային պայմանագրով կտրամադրվեն վերջնական շահառու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին:

Վերականգնման վարկերի բանկը (KfW) Հայաստանի և Գերմանիայի միջև զարգացմանն ուղղված քաղաքականության շուրջ գործակցության ոլորտը սպասարկող ֆինանսական հաստատությունն է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---