Համաժողովրդական շարժումը շուտով ծրագիր կներկայացնի. Նպատակը` ամբողջական իշխանափոխություն

Համաժողովրդական շարժումը շուտով ծրագիր կներկայացնի. Նպատակը` ամբողջական իշխանափոխություն

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակից մեկնարկել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախաձեռնած հանրահավաք-երթը` ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը: Երթին միացել են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները և «Ժառանգությունը», թեև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դրան չեն մասնակցել, իսկ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է ավելի ուշ:

Դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային օր:

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հրավիրված հավաքին նշել է, որ արդեն 7-րդ տարին է, որ ՀԱԿ-ը ավանդական հավաք ու երթ է կազմակերպում Մարդու իրավունքների պաշտպանության օրը: 2008-ից՝ «Մարտի 1-ի» դեպքերից հետո այս օրը երթ կազմակերպելով՝ իրենք մարտահրավեր են նետում իշխանությունների ոտնձգություններին:

Մինչև երթի մեկնարկը, Զուրաբյանը հայտարարել է, որ հոկտեմբերին ձևավորված համաժողովրդական շարժումը չի կարող ընդունել Հայաստանում կատարվող լայնածավալ խախտումները և ժողովրդի տարրական պահանջների մերժումը:

«Հետևաբար համաժողովրդական շարժումը առաջիկայում կներկայացնի համատեղ գործողությունների ծրագիրը՝ ներառյալ հանրային միջոցառումների ցանկը, որի նպատակը կլինի Հայաստանում ամբողջական իշխանափոխության իրականացումը և արտահերթ ընտրություններով ժողովրդի իշխանության հաստատումը»,- ասաց նա և ընդգծեց, որ հենց սա է այս հավաք-երթի բանաձև:

«Այսօրի» հաղորդմամբ, Ազատության հրապարակում հավաքվածներից մեկը բղավել է` «Հեղափոխությունը՝ հիմա», ինչին Զուրաբյանը հակադարձել է, թե հեղափոխությունն «այս ձևով է արվում»:

Զուրաբյանը հաջորդիվ թվել է բոլոր այն խնդիրները, որոնք ըստ համաժողովրդական շարժման, այսօր առկա են երկրում: Առաջին տեղում էր ընտրակեղծարարության համակարգի առկայությունը, այնուհետև «Մարտի 1-ի» դեպքերի բացահայտված չլինելը, երկրում քաղբանտարկյալների առկայությունը:

«Երկրում նորից ունենք քաղբանտարկյալներ, անհամաչափ պատիժ է սահմանվել 2013-ի նոյեմբերի 5-ի շարժման մասնակիցների նկատմամբ: ԵԽԽՎ-ի կողմից քաղբանտարկյալի համար սահմանված չափանիշներին նրանք ամբողջովին համապատասխանում են»,- ասել է նա և ընդգծել, որ պետք է ազատ արձակվեն «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները:

«Այս իրադարձության խորհրդանիշն այն է, որ ժողովուրդն ինքն է իր իրավունքների տերը և ոչ ոք ազատություն չի տա, եթե ժողովուրդը չվերցնի իր ձեռքը: Ամբողջ մարդկության պատմությունը դրա մասին է խոսում: Ոչ մի ռեժիմ երբեք կամովին չի հանձնում իր իշխանությունը, չի շնորհում ազատությունները քաղաքացիներին: Քաղաքացիները իրենք են վերցնում»,- ասել է նա, մեջբերում է Tert.am-ը:

Այնուհետև Լևոն Զուրաբյանն անդրադարձել է նախօրեին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի և ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, որոնք մի խումբ մարդկանց հետ քաշքշուկի մեջ էին ընկել:

«Այսօր այդ նույն ավազակները հարձակվել են ազատամարտիկ Սուրիկ Սարգսյանի վրա: Հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը նենգ արարք է թույլ տվել, բայց սա նորություն չէ: Ամբողջ մարդկության պատմության մեջ բոլոր դիկտատորները տեսել են, որ ժողովրդի պայքարը մոտենում է հաջողության, դիմել են ստոր արարքներին: Բայց արցախյան ազատամարտի մասնակիցների դեմ ավազակային հարձակում իրականացնողները և նրանց հրաման տվողները պատասխան են տալու նոր ժողովրդական իշխանության առաջ»,- ասել է նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն էլ իր ելույթում հիշեցրել է, որ 1948-ի այս օրը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը ընդունել է հռչակագիր, որով դեկտեմբերի 10-ը հռչակվել է մարդու իրավունքների պաշտպանության օր:

Այնուհետև պատգամավորը հարց է ուղղել հավաքվածներին՝ արդյոք ՀՀ-ում պաշտպանված են իրենց իրավունքները:

«Արդյոք ձեր իրավունքները չեն խախտվում, արդյոք դրանք հետո վերականգնվում են: Թվում է, թե պատասխանի կարիքն էլ չկա, որովհետև հենց դրանց ոտնահարումն է շատ անգամ ստիպում մարդկանց արտագաղթել երկրից: Մարդու իրավունքների խախտո՞ւմ չէ, երբ հաշմանդամը ստանում է 18.000 դրամ, խախտո՞ւմ չէ, որ նվազագույն աշխատավարձը կենսաապահովման զամբյուղին հասնելու միտում էլ չունի, խախտում չէ, որ թոշակառուի աշխատավարձը կոմունալ ծախսերին անգամ չի բավարարում, երթևեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքները ավելի բարձր են, քան նվազագույն աշխատավարձն է... Ցանկը կարելի է անվերջ շարունակել»,-ասել է նա` հավելելով, որ պետք է տեր կանգնենք մեր իրավունքներին, համախմբվենք հանուն վաղվա օրվա, հանուն այն Հայաստանի, որի քաղաքացին կունենա արժանապատիվ ապրելու իրավունք, և դրանք կհարգվեն ու կպաշտպանվեն պետության կողմից:

Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվել են դեպի Ամիրյան փողոց, այնուհետև Հանրապետության հրապարակ, իսկ հետո Նալբանդյան, Թումանյան փողոցներով վերադարձել սկզբնակետ:

Եզրափակելով «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախաձեռնած հանրահավաք-երթը և դիմելով ժողովրդին՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը շնորհակալություն է հայտնել ու նշել.

«Չեմ ցանկանում ամփոփել քաղաքական տարին, չգիտեմ ինչ կլինի, մենք հիմա գտնվում ենք քաղաղական դժվար վիճակում, դրամը փլուզվում է և չգիտեմ ինչ կլինի»:

Ըստ նրա՝ վճռական պահը շատ սպասեցնել չի տա. «Լրագրողների և հանրային հանդիպումների միջոցով կհրապարակվեն մեր առաջիկա ծրագրերը: Մենք ոչնչի չենք սպասում, մենք այդպիսի սովորություն չունենք: Գործ ենք անում, որը պետք է համահունչ լինի երկրում ստեղծված իրավիճակին»,-ամփոփել է Զուրաբյանը, մեջբերում է Panorama.am-ը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---