Արսեն Ջուլֆալակյան. Բաքվի խաղերին մասնակցելու դեպքում պետք է ուղարկել լավագույններին

Արսեն Ջուլֆալակյան. Բաքվի խաղերին մասնակցելու դեպքում պետք է ուղարկել լավագույններին

PanARMENIAN.Net - Բաքվում 2015-ին կայանալիք առաջին Եվրոպական օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի անվտանգությունն ապահովելը բավականին բարդ է լինելու: Նման կարծիքի է Լոնդոնի օլիմպիադայի փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, որը, մանրամասնեց՝ Օլիմպիական խաղերում թե բացման, թե փակման արարողություն կա, որտեղ մասնակցության դեպքում պետք է ծածանվի նաև հայոց եռագույնը:

«Բազմաթիվ նրբություններ կան. առաջինը՝ մեկ բան է անվտանգություն ապահովելը, բոլորովին այլ՝ ամեն ինչ կազմակերպել այնպես, որ հայ մարզիկները կարողանան լավագույնս մասնակցել խաղերին: 2007-ին անձամբ եղել եմ Բաքվում, ու ամենը կաշվիս վրա եմ զգացել: Այդ ժամանակ էլ, փառք Աստծո, ոչ մի խնդիր չեղավ՝ հաջող գնացինք և վերադարձանք, բայց դա անվտանգության տեսակետից: Իսկ թե ինչ արեցին մեր մարզիկների հետ մրցավարներն ու կազմակերպիչները, դա ուղղակի տեսնել էր պետք»,- նշեց Ջուլֆալակյանը:

Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը նախագահ Սարգսյանին հավաստիացրել էր, որ թե ՄՕԿ-ը, թե Եվրոպայի օլիմպիական կոմիտեն ջանքեր կգործադրեն, որ հայ մարզիկների ու նրանց մարզիչների համար խաղերն ընդունող երկրում անհրաժեշտ պայմաններն ապահովված լինեն: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր հերթին նշել էր, որ Հայաստանը ողջունում է «սպորտն առանց սահմանների» սկզբունքն ու անվտանգության ապահովման դեպքում մեր երկրի պատվիրակությունը պատրաստ է մեկնել Բաքու:

Նոյեմբերի 5-ին ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկեն Բանգկոկում հայտարարել էր, որ Հայաստանի մասնակցությանը խանգարող խնդիրները լուծված են:

Ըմբշամարտիկի խոսքով, Բաքվում մրցմանը մասնակցող հայ մարզիկը կարող է բացահայտ հաղթել, բայց արդյունքում մրցավարների և կազմակերպիչների հաշվարկներով պարտված դուրս գալ:

«Վստահ եմ, որ մեր պատկան մարմինները լուրջ կքննարկեն բոլոր մանրամասները, հետո նոր որոշում կկայացնեն, որովհետև չեմ կարծում, թե կա մեկը, որ կուզի մեր մարզիկը գնա այնտեղ հաղթի, բայց պարտվող հանեն: Իսկ դրա հավանականությունը շատ մեծ է, ինչը հարիր է ադրբեջանցիներին»:

Հայ մարզիկների մասնակցությունը Բաքվում կայանալիք մրցումներին հաճախ ուղեկցվում է միջադեպերով մարզիկների, հայկական դրոշի ու օրհներգի դեմ, պատվիրակությունների անդամներին նաև անվտանգության նկատառումներով արգելում են լքել հյուրանոցը: 2010-ին Հայաստանի ըմբշամարտի հավաքականը հրաժարվել էր մասնակցել Ադրբեջանում անցած Եվրոպայի առաջնությանը:

Արսեն Ջուլֆալակյանի համոզմամբ, դրական որոշում կայացնելու ու Բաքու հավաքական ուղարկեու դեպքում դրանում պետք է ընդգրկված լինեն լավագույնները, քանի որ այս պարագայում կարևորը որակն է, ոչ թե քանակը: Իսկ անդրադառնալով հարցին, թե մեկնելու դեպքում արդյոք նա կընդգրկվի հավաքականի կազմում, մարզիկը պատասխանեց՝ կանի այնպես, ինչպես կորոշեն պատկան մարմինները:

Բաքուն Եվրոպական խաղերի անցկացման վայր է ընտրվել 2012-ի դեկտեմբերին: 2015-ին Եվրոպական օլիմպիական խաղերի անցկացման օպերացիոն կոմիտեն Եվրոպայի օլիմպիական կոմիտեի հետ գործակցությամբ Բաքվում ստանձնելու է Եվրոպական խաղերի կազմակերպումն ու կառավարումը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---