ՀՀ որոշ քաղաքացիներ 2015-ից 10 տարով ԱՄՆ վիզա կստանան

ՀՀ որոշ քաղաքացիներ 2015-ից 10 տարով ԱՄՆ վիզա կստանան

PanARMENIAN.Net - Հունվարի 1-ից ԱՄՆ քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Այս բովանդակությամբ որոշման նախագիծը Կառավարությունն ընդունել է դեկտեմբերի 10-ի իր նիստում: Ինչպես նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Միացյալ Նահանգների քաղաքացիների նկատմամբ մուտքի վիզայի պահանջի վերացումը պայմանավորված է Հայ-ամերիկյան միջկառավարական նիստի արդյունքում ստորագրված գործողությունների ծրագրով:

Ծրագրի 28-րդ կետով նախատեսվում է. «Երկու կողմերը կվերջնականացնեն վիզայի ազատականացման գործընթացը` հաստատելով ազատ վիզայի ռեժիմ ԱՄՆ քաղաքացիների համար, ինչպես նաև 10 տարի բազմակի մուտքի վիզա Հայաստանի քաղաքացիների լայն շերտի համար», գրում է Tert.am-ը:

Ինչպես PanARMENIAN.Net ին մանրամասնեց ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, մինչև 10 տարի ժամկետով վիզաները նախատեսված են որոշ կատեգորիաների գործարարների, զբոսաշրջիկների համար, մինչև 5 տարի ժամկետով՝ որոշ կատեգորիաների աշխատանքային վիզաներ են, նաև նախատեսված ուսանողների, գիտնականների համար: Ըստ նրա, օրենքը հունվարի 1-ից արդեն ուժի մեջ կմտնի:

Այն մասին, որ ԱՄՆ-ն ՀՀ հետ պայմանագիր կստորագրի, որը կդյուրացնի ԱՄՆ մուտքի վիզա ստանալու գործընթացը, հայտարարվել էր դեռ ընթացիկ տարվա մայիսին: Ինչպես ներկայացրել էր ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասյանը, պայմանագիրը լինելու է այնպիսին, ինչպիսինն ԱՄՆ-ն ստորագրել էր ԵՄ երկրների հետ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, թե դրա ընդունումը թույլ կտա ԱՄՆ քաղաքացիներին այցելել Հայաստան և մնալ երկրի տարածքում առավելագույնը 180 օր` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

Որոշման նպատակն է ազատականցնել մուտքի վիզայի հետ կապված հարաբերություններն ԱՄՆ հետ, նպաստել Նահանգների քաղաքացիների` Հայաստան այցերի աճին: Ըստ նույն հիմնավորման, դրա նպատակն է նաև դյուրացնել Հայաստանի քաղաքացիների` ԱՄՆ մուտքի վիզայի ձեռքբերումը:

Նշենք, որ ամեն տարի ԱՄՆ մեկնելու հնարավորություն ընձեռող Green card-ի խաղարկությանը տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ են դիմում։ Օրինակ, 2013-ին դիմողներն 97 հազարն էին, որոնցից շահել են մոտ 1000-ը։ Վերջին՝ 2013-2014 տարիների խաղարկության մասնակիցներից շահել է 2216-ը, գրում է «Ազատություն»-ը։

Տեղեկանքում նշվում է, թե որոշման ընդունման դեպքում «պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների նվազեցում` տարեկան մոտ 146.000.000 դրամի չափով (ընդ որում` 113.000.000 դրամը 2013-ի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից ԱՄՆ քաղաքացիների մուտքի վիզաների ձևակերպման համար գանձված գումարն է, իսկ 33.000.000 դրամը` ՀՀ դեսպանությունների կողմից):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---