5  15.12.14 - Միջազգային համաժողով` նվիրված ՄԻԵԴ-ին ՀՀ անդամակցության 10-ամյակին

ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ–ում մոտ 15 մլն եվրոյի փոխհատուցման պահանջ է ներկայացվել. Բավարարվել է ընդամենը 3,8%-ը

ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ–ում մոտ 15 մլն եվրոյի փոխհատուցման պահանջ է ներկայացվել. Բավարարվել է ընդամենը 3,8%-ը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ ինստիտուտը նշում է գործունեության տասնամյակը, ինչի առթիվ դեկտեմբերի 15-ին կազմակերպվել էր ՄԻԵԴ-ում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման թեմայով միջազգային համաժողով:

Համաժողովին բացմանը ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը նշել է, որ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչը համակարգային առումով պետք է նպաստի եվրոպական չափանիշների ներդրմանը երկրում:

«Մասնավորապես Եվրոպական դատարանի կողմից վարվող հաշվառման տվյալների համաձայն 2014 թվականի սեպտեմբերի դրությամբ ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ է ներկայացվել ավելի քան 2000 գանգատ: Նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ վերաբերյալ կայացվել է 49 վճիռ»,- հայտնել է նա:

Գևորգ Կոստանյանը նշել է, որ ՀՀ մասնակցությամբ ՄԻԵԴ-ի ընդունված վճիռներով դիմումատուների կողմից 2014 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ներկայացվել է ընդհանուր մոտ 15 միլիոն 260 հազար եվրոյին համարժեք փոխհատուցման պահանջ, որից բավարարվել է 574 հազար եվրոն, այսինքն` ընդհանուր պահանջի 3,8 տոկոսը:

Եվրոպական դատարանի կողմից բավարարված գումարն ամբողջությամբ փոխհատուցվել է: Բավարարված գումարի 146 հազար եվրոն, այսինքն՝ ընդհանուր գումարի 26 տոկոսը, վճարվել է ոչ պետական բյուջեի հաշվին»,- ասել է նա և հավելել, որ բոլորիս համատեղ ջանքերով է հնարավոր մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության բարդ խնդրի իրացումը և եվրոպական դատարանի իրավական չափանիշների ներդրումը, գրում է Tert.am-ը:

Իսկ ՀՀ Սահամանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը կարևորել է այս համաժողովը` ասելով, որ «ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների պաշպանության հարցերով դիմել իրավունքների պաշտպանության միջազգային ատյաններ»: Ըստ Հարությունյանի, դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը մարդու իրավունքների տեսանկյունից գերապատվությունը տալիս է միջազգային նորմերին:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էլ նշել է, թե ժամանակակից աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությունը քաղաքակիրթ յուրաքանչյուր երկրի խնդիրն է: «Այսօր, ըստ էության, չկա մեր կյանքի որևէ ոլորտ, որն այս կամ այն ձևով չառնչվի եվրոպական կոնվենցիայի իրավական դիրքորոշումների հետ»,- ասել է նա և հավելել` դրանք այնքան ճկուն են, որ կարող են կիրառվել հասարակական ոլորտներում.

Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Պավլյուկն էլ ասել է, թեՀայաստանը պարտավոր է օրենքով իրականացնել կառույցի ստանդարտները. «Պետությունը պարտավոր է դատարանի կողմից նշված խախտումները շտկել»,- ասել է նա ու կարևորել Կառավարության լիազոր ներկայացուցչի դերը:

ՀՀ սահմանադրական դատարանի անդամ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանն իր հերթին վստահություն է հայտնել, որ այս տարիների ընթացքում համագործակցություն է եղել ոչ միայն պետության ներկայացուցչի, այլ նաև փաստաբանական պալատի հետ:

«Հատկանշական է, որ արձանագրված խախտումները երբևէ չեն կրկնվել»,-ասել է նա և նկատել, որ երբեմն էլ խախտման վերացումը նախորդել է վճռին:

Նախորդ տարվա համեմատ ՄԻԵԴ դիմումների թիվ նվազել է, ինչը, գուցե, պայմանավորված է հիասթափությամբ կամ մարդկանց անհամբերությամբ: «Սեպտեմբեր ամսվա տվյալներով սպասվող գործերի թիվը 1022-ն է»,- ասել է Գյուլումյանը:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Կոստանյանը նշել է, որ անգամ եթե հարևան կամ ԵՄ ցանկացած երկրի հետ ենք համեմատում, լավագույն վիճակում ենք՝ ՄԻԵԴ դիմած և բավարարված գործերի քանակով: Ըստ նրա` դա պայմանավորված է բնակչության թվով, դատական համակարգով և այլ հանգամանքներով:

«Երկու հազարից ավելի դիմումի պարագայում 49 վճիռը, որից 48-ի դեպքում է խախտում արձանագրվել, ես համարում եմ դրական ցուցանիշ»,-ասել է Կոստանյանը` հավելելով, որ հարևան երկրների համեմատությամբ անգամ նվազագույն շեմին չենք հասել:

Գևորգ Կոստանյանը համամիտ չէր այն իրավաբանների տեսակետին, որ Հայաստանի վիճակը խայտառակ է, և հաճախ խոչընդոտվում է, հայցվորների դիմումը ՄԻԵԴ:

«Կառավարության ներկայացուցիչը լիազորություն չունի որևէ կերպ խոչընդոտել որևէ հայց ՄԻԵԴ ներկայացնել»,-ասել է նա և նշել, որ հայցվորները, սպառելով ներպետական ատյանները, կարող են փոստով կամ ինտերնետով ներկայացնել իր հայցը ՄԻԵԴ:

Գևորգ Կոստանյանը չի կարծում նաև, որ Հայաստանի նկատմամբ ՄԻԵԴ-ի վճիռները պետության պատվի հետ առնչություն ունեն, և բազմաթիվ այլ երկրների՝ այդ թվում նաև եվրոպական երկրների քաղաքացիների մասով վճիռներ են կայացվում:

Գլխավոր դատախազն անդարադարձել է նաև Զինված ուժերում մահվան դեպքերին` նշելով, որ թիվը կտրուկ նվազել է:

«Ունենք բավարար հիմքեր պնդելու առնազն մի բան՝ բանակում ունենք մահվան դեպքերի կայուն նվազում: Այո, յուրաքանչյուր դեպք ցավալի է, բոլորիս դժբախտությունն է, ամեն ինչ անում ենք, որ մահվան դեպքերը ոչ թե նվազեն, այլ բացառվեն»,- ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը:

Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացրել է 2002 թվականին, իսկ 2003 թվականին կառավարությունն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի մասին» որոշումը, որն ուժի մեջ է մտել 2004 թվականին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---