Մոդերն բալետն ու Տիգրան Համասյանի երաժշտությունը՝ մեկ բեմում

Մոդերն բալետն ու Տիգրան Համասյանի երաժշտությունը՝ մեկ բեմում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:30-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Forceful Feelings մոդերն բալետի խումբը ներկայացնելու է իր «Հատվող ճանապարհներ» բեմադրությունը, որի հատուկ հյուրը լինելու է դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը: Ինչպես PanARMENIAN.Net ին մանրամասնեց համերգի կազմակերպիչ TM Production ընկերության տնօրեն Թովմաս Մարտիրոսյանը, խմբի անդամներն իրենք են առաջարկել այդ նախագիծը կյանքի կոչել Երևանում:

Forceful Feelings-ը հիմնադրվել է 2006-ին, երբ խմբի անդամները ներկայացրին իրենց առաջին համատեղ նախագիծը: Նրանք բոլորը հայ են՝ Վահե Մարտիրոսյանը (Ստոկհոլմ), Արշակ Ղալումյանը (Բեռլին), Տիգրան Միքայելյանը (Մյունխեն), Արման Զազյանը (Շտուտգարտ) և Արսեն Մեհրաբյանը (Ստոկհոլմ): Ամեն մեկը եվրոպական մի երկրում է ապրում, բեմադրությունների հեղինակը Արսեն Մեհրաբյանն է` Նորայր Մեհրաբյանի որդին:

«Տիգրան Համասյանի երաժշտությունը շատ են լսել, նրա մի քանի աշխատանքի տակ բեմադրություն են դրել: Կապվեցին ինձ հետ, ու առաջարկեցին, եթե հնարավոր է, Տիգրանն էլ միանա իրենց: Կազմակերպեցինք, հիմա միասին աշխատում են, պատրաստվում համերգին»,- ասաց նա՝ նշելով՝ քանի որ թե խմբի բոլոր անդամները, թե Տիգրանը տարբեր երկրներում են ապրում, կենդանի փորձ անել առայժմ չի հաջողվել՝ միմյանց հետ օգոստոսից Skype-ով են շփվում և աշխատում:

Թովմաս Մարտիրոսյանի խոսքով, ընդհանուր ելույթը մեկ ու կես ժամ է տևելու, որից 30 րոպեին մասնակցելու է նաև Տիգրան Համասյանը, մնացած հատվածը կբեմադրվի այլ երաժիշտների աշխատանքրների տակ, բայց ամբողջ ելույթն արդյունքում մի ամբողջություն է կազմելու:

Խմբի հետ ելույթ կունենան նաև պարուհիներ Սառա-Ջեյն Բրոդբեքն (Ստոկհոլմ) ու Միա Ռուդիչը (Մյունխեն): Բացի այդ, բեմի հետնամասում էկրան կտեղադրվի, որը ցույց կտա «հատվող ճանապարհները»:

«Ընդհանուր առմամբ համերգը 18 ելույթից է կազմված, որոնցից 8-ին կնվագակցի Համասյանը, կհնչի նաև նրա հայտնի Living Paris-ը»,- նշեց Թովմաս Մարտիրոսյանը՝ հավաստիացնելով, որ հետաքրքիր շոու է սպասվում:

Տոմսերն արդեն վաճառքում են, արժեքը՝ 5.000-ից 25.000 դրամ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---