Խուճապ ՌԴ արժույթի շուկայում. Առանցքային տոկոսադրույքը հասել է 17 տոկոսի

Խուճապ ՌԴ արժույթի շուկայում. Առանցքային տոկոսադրույքը հասել է 17 տոկոսի

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Կենտրոնական բանկը ռուբլու կտրուկ թուլացման ու արժեզրկման սպասումների աճի ֆոնին դեկտեմբերի 16-ից բարձրացրել է առանցքային տոկոսադրույքը (որը Ռուսաստանում հավասար է վերաֆինանսավորման տոկոսադրույքին) 10.5 տոկոսից միանգամից մինչև 17 տոկոս:

«Ռուսաստանի Բանկի տնօրենների խորհուրդը որոշել է 2014թ. դեկտեմբերի 16-ից առանցքային տոկոսադրույքը բարձրացնել մինչև տարեկան 17 տոկոսի: Այս որոշումը պայմանավորված է վերջին շրջանում զգալիորեն ավելացած արժեզրկման ու գնաճային ռիսկերի զսպման անհրաժեշտությամբ»,-գրում է Ինտերֆաքսը:

Ընդհանուր առմամբ ընթացիկ տարում ՌԴ ԿԲ-ն բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը, որը տարեսկզբին 5,5 տոկոս էր, վեց անգամ: Այժմյան աճը 6,5 տոկոսով երկրորդ բարձրացումն է մեկ շաբաթում՝ անցած հինգշաբթի տնօրենների խորհրդի նիստում որոշվեց տոկոսադրույքը բարձրացնել 1 տոկոսային կետով՝ մինչև 10,5 տոկոս:

Նման ծայրահեղ միջոցը կոչված է ամրացնելու կտրուկ արժեզրկվող ռուսական արժույթը: Նախօրեին՝ դեկտեմբերի 15-ին, ռուբլին անկում գրանցեց միանգամից 9 տոկոսով, հասնելով 65 ռուբլի 1 դոլարի դիմաց ցուցանիշին: Ամառվանից սկսած դոլարի փոխարժեքը ՌԴ-ում կրկնապատկվել է: Ռուբլու թուլացման ֆոնին փլուզվեց նաև ռուսական ֆոնդային բորսան. դեկտեմբերի 15-ի տվյալներով ռուսական ֆոնդային բորսայի բոլոր ընկերությունների կապիտալիզացիան կազմում է 384,4 մլրդ դոլար, ավելի էժան գնահատվելով քան Microsoft-ը ($386,6 մլրդ) կամ Apple-ը ($643,9 մլրդ), գրում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---