Մարդասպան. Ոստիկանությունը ոչ միայն տեղյակ էր, այլև համակարգում էր Դինքի սպանության կազմակերպումը

Մարդասպան. Ոստիկանությունը ոչ միայն տեղյակ էր, այլև համակարգում էր Դինքի սպանության կազմակերպումը

PanARMENIAN.Net - Թուրքական ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցները ոչ միայն տեղյակ էին, այլև համակարգում էին Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության նախապատրաստումը: Ստամբուլի քրեական գործերի դատարանում նման ցուցմունք է տվել Դինքի սպանության անմիջական կատարողը՝ Օգյուն Սամասթը, որին 2011-ի հուլիսին դատապարտել են 23 տարվա ազատազրկման:

Այդ ցուցմունքից 5 օր անց Sabah թերթը, որը սերտ կապեր ունի իշխող «Արդարության և զարգացման կուսակցության» հետ, որոշ հատվածներ է հրապարակել դատարանում Սամասթի ցուցմունքներից: Պարզ է դառնում, որ իրավապահների ու Դինքի սպանությունն իրագործողի միջև գլխավոր միջնորդը տրապիզոնցի ազգայնական Էրհան Թուջելն էր, որին դատարանը սկզբում արդարացրել էր, հետո՝ կրկին ձերբակալել:

«Սպանությունից առաջ ես այցելեցի Թունջելին նրա բնակարանում: Հանդիպման ժամանակ նա տեղեկացրեց ինձ Ռամազան Աքյուրեքի ու Ալի Ֆուաթ Յիլմազերի մասնակցության մասին»,-մեջբերում է թերթը Սամասթի խոսքը: Սամասթի ցուցմունքներում հիշատակված Ռամազան Աքյուրեքը ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետն է, իսկ Յիլմազերը՝ Ստամբուլի նախկին ոստիկանապետը, Դինքի սպանության ժամանակ նա Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժնի պետն էր:

Ըստ թուրքական մամուլի, երկու ոստիկանները սերտ կապեր են ունեցել «Հիզմեթ» շարժման հետ, որի ղեկավարն է կրոնական հայտնի գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը, նա բնակվում է ԱՄՆ-ում: Այսօր Գյուլենի ու Թուրքիայի նախագահ Էրդողանի հարաբերությունները լարված են, սակայն Դինքի սպանության շրջանում շարժումը իշխող իսլամիստների գլխավոր սոցիալական ու կադրերի բազան էր: Գյուլենի կողմնակիցների և Աքյուրեքի միջև սերտ կապերի մասին Դինքի սպանությունից մի քանի օր առաջ գրել էր թուրքական Cumhurriyet-ը: Ավելին՝ Սամասթի ցուցմունքներում հիշատակված Աքյուրեքն արդեն մի քանի ամիս է ճաղերի հետևում է: Նրան 30 ոստիկանի հետ միասին մեղադրում են 2008-2010 թթ. իշխող կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչների ապօրինի գաղտնալսման մեջ:

Ինչ վերաբերում է Օգյուն Սամասթի ցուցմունքներին, ապա դատարնում նա մեջբերել է սպանությունից առաջ Տրապիզոնում Յասին Հայալի խոսքերը, որը Դինքի սպանության գործով առանցքային մեղադրյալներից մեկն է և դատապարտվել է ցմահ բանտարկության: Նա ասել էր. «Մենք շատ լուրջ աջակցություն ունենք»:

«Վարսավիրանոցում Յասինն ատրճանակը գրպանս դրեց ու բացատրեց. «Ուղիղ նրան ես կրակում: Ոստիկանությունը քեղ կձերբակալի Սամսունում: Եթե քեզ Տրապիզոնում ձերբակալեն, դու հարվածի տակ կդնես Ռամազանին»,-հայտնել է Սամասթը: Ըստ նրա, Հայալը տեղի ոստիկանության ու ժանդարմերիայի պաշտպանության տակ էր:

«Ռամազան, նույնիսկ Ստամբուլի ոստիկանապետն է տեղյակ: Նրանք սատարում են մեզ, դու հերոս կդառնաս»,-ասել է Յասին Հայալը Սամասթին սպանությունից մի քանի օր առաջ:

Սամասթը նաև պնդում է, որ շատ ավելի շուտ էր մտադիր պատմել բարձրաստիճան ոստիկանների մեղսակցության մասին, սակայն նրան ստիպեցին լռել:

«Երբ ես հայտարարեցի, որ կխոսեմ երկրորդ դատավարության ժամանակ, բանտում հարձակման ենթարկվեցի, ինձ ահաբեկեցին: Բացի այդ, ազդանշաններ եղան ինձ դատարան տեղափոխող մեքենայում տեղադրված պայթուցիկների մասին: Բայց այսօր ես արդեն չեմ վախենում»,-ասել է Սամասթը:

Ի դեպ, Դինքի սպանությանը ոստիկանների մեղսակցության շուրջ դատավարությունը վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է: Վերջին մի քանի օրում, գրում է Hurriyet-ը, հարցաքննության են ենթարկվել Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գունգերը, ոստիկանության քրեական հետախուզության վարչության նախկին ղեկավար Իլհան Գյուլերը, Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ռեշատ Ալթայը: Ըստ նույն աղբյուրի, առաջիկա օրերին հարցաքննության կկանչվի ևս 7 բարձրաստիճան ոստիկան, այդ թվում՝ Ջալալեդդին Ջերահը, որը Ստամբուլի ոստիկանապետն էր Դինքի սպանության օրոք, հայտնում է Armenia Today-ը:

2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում:

Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: 2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դատական տեսուչներն իբր պարզել էին, որ ոչնչացված տեղեկատվությունը կարող է կապված լինել այն շրջանի հետ, երբ Դինքը սպանվեց սպառնալիքներ ստանալուց հետո:

Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---