Հայաստանը՝ ԵՄ կրթական տարածքի մաս. Բոլոնիայի գագաթնաժողովը ոչ ԵՄ անդամ երկրում առաջին անգամ է լինելու

Հայաստանը՝ ԵՄ կրթական տարածքի մաս. Բոլոնիայի գագաթնաժողովը ոչ ԵՄ անդամ երկրում առաջին անգամ է լինելու

PanARMENIAN.Net - Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունում դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ՀՀ-ի կրթական ոլորտի բարեփոխումներին, Բոլոնիայի գործընթացի համատեքստում 2015 թվականին Երևանում կայանալիք նախարարական գագաթնաժողովին, ինչպես նաև Էրազմուս+ ծրագրին վերաբերող մի շարք հարցեր:

ԿԳՆ մամուլի ծառայությունը փոխանցում է, որ Տրայանն Հրիսթեան ողջույնի խոսքում նշել է` Բոլոնիայի նախարարարական գագաթնաժողովն առաջին անգամ է տեղի ունենալու ոչ ԵՄ անդամ հանդիսացող երկրում: Դեսպանը կարևորել է աջակցությունը գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին` եվրոպական կրթական միասնական տարածքի զարգացման տեսանկյունից: Տրայան Հրիսթեան, խոսելով Էրազմուս+ ծրագրի մասին, նշել է, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել Եվրամիության կրթական բոլոր ծրագրերին` հույս հայտնելով, որ Էրազմուս+-ն էլ նույնքան պահանջված ու հաջողված կլինի Հայաստանի կրթական ոլորտում:

Նախարար Արմեն Աշոտյանն էլ իր հերթին կարևորել է Երևանում կայանալիք նախարարական գագաթնաժողովի ոչ միայն կրթական, այլև քաղաքական նշանակությունը: Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ Բելառուսը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Կոսովոն հայտ են ներկայացրել դառնալու Բոլոնիայի գործընթացի անդամ` ընդգծելով, որ վերոնշյալ երկրների անդամակցության հարցը կորոշվի Երևանում կայանալիք նախարարական համաժողովին:

Աշոտյանի խոսքով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բոլոնիայի անդամ դառնալու համար հարկավոր է, որպեսզի պետությունները միանան Եվրոպական խորհրդի Մշակութային ժառանգության կոնվենցիային, ինչն արդեն վավերացվել է ԼՂՀ ԱԺ-ի և Կոսովոյի խորհրդարանի կողմից, բայց քանի որ այս երկու երկրները պաշտոնապես Եվրոպայի խորհրդի անդամ չեն, նրանց ներկայացրած հայտերը առկախվել են` մինչև ԵԽ-ն կազմ ընդգրկվելը: Նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը դիմել է իր եվրոպացի գործընկերներին` Երևանում կայանալիք գագաթնաժողովին հրավիրել նաև հարևան երկրների գործընկերներին: Աշոտյանն անդրադարձել է գագաթնաժողովի ֆինանսավորման, ինչպես նաև համաժողովի շրջանակում ստորագրվել իք մի շարք փաստաթղթերի, մասնավորապես, գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեին:

Նա նաև տեղեկացրել է, որ Ֆրանսիան և Վրաստանը հայտ են ներկայացրել` ստանձնել Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը: Նախարարն անդրադարձել է նաև Էրազմուս+ ծրագրին` այն կարևորելով ուսանողների և դասախոսների շարժունության, բուհերի միջազգայնացման, ինչպես նաև կրթության ոլորտում ՀՀ-ԵՄ մերձեցման տեսանկյունից և ընդգծել, որ վերջին երկու ծրագրերին ՀՀ բուհերի մասնակցությունը կտրուկ աճել է: Հանդիպմանը դեսպանները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ՀՀ կրթական ոլորտի մարտահրավերներին, այդ թվում` նախադպրոցական, ներառական, ինչպես նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Լրագրողների հետ հանդիպմանը Տրայան Հրիսթեան, խոսելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին, նշել է, որ Եվրոպական միությանը բնորոշ է` այն միշտ հարգում է իր գործընկերների որոշումներն ու ընտրությունը, և ԵՄ կառույցներն ամբողջովին հաշվի են առնում պաշտոնական Երևանի որոշումը։

Ի պատասխան հարցի, որ ԵՄ մի շարք դեսպաններ ու պաշտոնյաներ «սեպտեմբերի 3»-ից հետո հայտարարում էին, որ 3,5 տարի բանակցելուց հետո Երևանի շեշտակի, քաղաքական որոշումը դեպի ԵՏՄ որոշակի՝ վստահության հետ կապված խնդիրներ է առաջացնում, և, հետևաբար, հիմա կա՞ վստահության դեֆիցիտ՝ նոր հարաբերությունների առումով, դեսպան Հրիսթեան ասել է.

«Սեպտեմբերի 3»-ի որոշումը, ինչպես նշեցիք՝ որոշակի շրջանակների համար անակնկալ էր, վստահության մակարդակի մեջ էլ դա արտացոլվեց, բայց Եվրոպական միությանը բնորոշ է, որ այն միշտ հարգում է իր գործընկերների որոշումներն ու ընտրությունը»:

Նա հավելել է, որ այս տեսանկյունից ԵՄ կառույցներն ամբողջովին հաշվի են առնում այդ որոշումը և դիտարկում են, թե ինչ կարող են կողմերը կառուցել ապագայի իրավական համաձայնագրում՝ որոշակի շարունակականություն ապահովելով նախկինում բանակցվածից:

Դեսպան Հրիսթեան վստահություն է հայտնել, որ քննարկումների արդյունքում կլինի լայն կոնսենսուս՝ ապագա համաձայնագրում արտացոլվելիք ուղղությունների վերաբերյալ, և դա համաձայնեցվել էր Վիլնյուսում:

ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավարի խոսքով՝ 2014–ին եղել են կարևոր զարգացումներ, որոնք ի ցույց են դրել` կողմերը պատրաստակամ են շարունակել հարաբերությունները առևտրի և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ հիմնվելով արժեքային նույն համակարգի վրա:

Այս համատեքստում նա ընդգծեց, որ Հայաստանը երրորդ կարևոր առևտրային գործընկերն է շարունակում է մնալ ԵՄ-ի համար՝ թե՛ արտահանման, թե՛ ներմուծման տեսանկյունից, ինչպես նաև ԵՄ երկրները Հայաստանում ամենախոշոր ներդրում կատարած երկրներից են:

Սակայն դեսպանն ընդգծել է, որ ԵՏՄ-ն ենթադրում է արտաքին առևտրի մասով որոշակի լիազորությունների փոխանցում Երևանից ԵՏՄ-ի կողմից ստեղծվելիք այդ նոր մարմնին: Իսկ կհամագործակցեն այս դաշտում այն ուղղություններում, որոնց պարագայում որոշումների կայացման բացառիկ իրավասությունը կմնա Երևանին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ Հայաստանում ԵՄ դեսպանը նշել է, որ ԵՄ միշտ սատարել և հիմա էլ սատարում է գոյություն ունեցող բանակցային գործընթացի հիման վրա հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը, գրում է Tert.am-ը:

Մեկնաբանելով հարցադրումը, թե ինչ են նշանակում ԵՄ պաշտոնյաների այն հայտարարությունները, որ Ռիգայի գագաթնաժողովին պետությունների նկատմամբ նոր անհատական մոտեցում կլինի, դեսպանը նշել է` սա նոր մոտեցում չէ՝ Արևելյան գործընկերության ձևաչափում այն կիրառություն ունի: Իսկ հիմնական սկզբունքն այն է, որ առանձին պետությունների նկատմամբ լինի տարբերակված առանձնահատուկ վերաբերմունք:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---