Միգրացիոն ծառայություն. ՀՀ քաղաքացիները միգրացիայի համար առավել նախընտրում են ՌԴ-ն

Միգրացիոն ծառայություն. ՀՀ քաղաքացիները միգրացիայի համար առավել նախընտրում են ՌԴ-ն

PanARMENIAN.Net - Ռուսաստանը որոշ փոփոխություններ է արել միգրացիոն օրենսդրությունում, ինչի պատճառով ՀՀ որոշ քաղաքացիներ չեն կարող մուտք գործել այդ երկրի տարածք։ Այդ մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պետական միգրացիոն ծառայության միգրացիոն քաղաքականության բաժնի պետ Մարիա Ալավերդյանը՝ հավելելով, որ Ռուսաստանը նախընտրող հայ միգրանտները պետք է ծանոթ լինեն այդ երկրում օրենսդրական փոփոխություններին:

2014-ի հունվարի 1–ից Ռուսաստանում զգալիորեն խստացվել է միգրացիոն օրենսդրությունը, քանի որ ուժի մեջ են մտել «ՌԴ մուտք գործելու և դուրս գալու մասին» օրենքի և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունները։ Այսուհետ ՌԴ տարածք առանց վիզայի մուտք գործելու իրավունք ունեցող երկրների քաղաքացիները կարող են Ռուսաստանի տարածքում գտնվել յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում միայն 90 օր կամ համապատասխան մարմիններում ձևակերպել ՌԴ-ում ավելի երկարատև մնալու իրավունք։

«Միաժամանակ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնում 2015–ի հունվարի 1–ից, հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին մուտք գործել ՌԴ տարածք և աշխատել առանց թույլտվության և աշխատանքային պայմանագրին համապատասխան»,- նշել է Ալավերդյանը, մեջբերում է ԱՌԿԱ-ն։

Ըստ Միգրացիոն ծառայության ներկայացուցչի, այդպիսով` ՀՀ քաղաքացիների իրավունքները հավասարեցվում են ՌԴ քաղաքացիների իրավունքներին։ Ալավերդյանը նաև հավելել է, որ միգրացիայի տեսանկյունից Ռուսաստանն այն երկիրն է, որն ավելի նախընտրելի է ՀՀ քաղաքացիների համար, գրում է Panorama.am-ը:

«Ինչ վերաբերում է ռեադմիսիային, ապա հայ-ռուսական համաձայնագրերի շրջանակում նոյեմբերի 7-ի դրությամբ Ռուսաստանից ստացվել է 27 հայտ, որոնք վերաբերում են 37 անձանց»,– հավելել է Մարիա Ալավերդյանը։

Իր հերթին, Միգրացիայի միջազգային կազմակերպության ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը նշել է, որ միգրացիայի հետ կապված խնդիրները ազդում են հասարակական տրամադրության վրա: Ըստ նրա՝ պետք է ուշադիր հետևել միգրացիոն հոսքերին, այդ թվում սահմանահատումներին:

Տեր-Մինասյանի համոզմամբ, միգրացիային նպաստում է ուղևորափոխադրումների հասանելիությունը, այդ թվում՝ ցամաքային ճանապարհով, այդ պատճառով ավելացել են ՀՀ-ից միգրացիոն հոսքերը: Նրա խոսքով, մոտավոր հաշվարկով յուրաքանչյուր տարի 25.000 մարդ լքում է Հայաստանը:

Պետական միգրացիոն ծառայության տվյալներով` 2014-ի առաջին եռամսյակում Հայաստանի քաղաքացիների թիվը, որոնք Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության տարածքային մարմիններում կանգնած են միգրացիոն հաշվառման` ըստ բնակության վայրի, 205.590-ն է, բնակության վայրում գրանցված քաղաքացիները՝ 26.285-ը, ՌԴ-ում ժամանակավոր բնակության թույլտվություն ստացածները՝ 14.771-ը, ՌԴ քաղաքացիություն ստացած ՀՀ քաղաքացիները` 10.017-ը։

ԱԺ–ն դեկտեմբերի 4–ին վավերացրել էր ԵՏՄ–ին երկրի անդամակցության պայմանագիրը։ Դեկտեմբերի 10–ին փաստաթուղթը վավերացրել է ՌԴ Պետդուման։ Բելառուսի և Ղազախստանի խորհրդարաններում նմանատիպ ընթացակարգերի ավարտից հետո 2015-ի հունվարի 1-ից Հայաստանը կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում վավերացվելուց հետո:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---