Վրաստանի իշխանություններն ադրբեջանաբնակ շրջանի մահմեդականներին 23 մզկիթ կփոխանցեն

Վրաստանի իշխանություններն ադրբեջանաբնակ շրջանի մահմեդականներին 23 մզկիթ կփոխանցեն

PanARMENIAN.Net - Վրաստանի Կրոնի հարցերի պետական գործակալությունը Վրաստանի մահմեդականների վարչությանն արևելյան Վրաստանում գտնվող (Քվեմո Քարթլի) 23 մզկիթ կփոխանցի: Նախկինում մզկիթները պետական բալանսի վրա էին:

Այդ մասին հայտարարել է գործակալության ղեկավար Զազա Վաշակմաձեն, գրում է Apsny.ge-ն: Ըստ նրա, գործակալությունն արդեն ստացել է գույքի վերաձևակերպման թույլտվությունը: Հաջորդ հանդիպմանը նախատեսվում է քննարկել մյուս մզկիթների ճակատագիրը, հստակ թիվը չի նշվում: Այս հարցի վերաբերյալ գործակալությունում հանդիպում է նախատեսված Վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հետ, նշում է պարբերականը:

Քվեմո Քարթլիի մահմեդական բնակիչները հիմնականում ադրբեջանցիներ են: Նրանք մեծամասնություն են կազմում Մառնեուլի, Բոլնիսի, Դմանիսիի շրջաններում:

Ընդ որում, Վրաստանում հայերի պատմական ժառանգության հարցը երկու տասնամյակ է լուծում չի գտնում: Հայկական եկեղեցիների մի մասը նախկինում վերափոխվեցին վրացականների, մի մասը մասնակիորեն կամ ամբողջությամբ փլուզվեց, մյուսները, ինչպես օրինակ Սուրբ Նշանն ու Սուրբ Նորաշենը, վիճահարույց են հայտարարվել:

Վրաստանում բավականին հաճախ են տարաձայնություններ լինում կրոնական հողի վրա: Պատճառը սողացող իսլամականացման վտանգն է: 2014-ի սեպտեմբերին վրացական Քոբուլեթիի բնակիչները, բողոքելով մեդրեսեի բացման դեմ, խոզ էին մորթել և գլուխը կախել ապագա հաստատության դռնից: Թուրքական Ազիզիե մզկիթի կառուցման նախագիծը բազմահազարանոց ցույցերի պատճառ դարձավ Բաթումում: 2012-ին Լանչխուտիի շրջանի Նիգվզիանի գյուղի բնակիչները պահանջեցին փակել մզկիթը՝ դժգոհելով մեսխեթցի թուրքերի վերաբնակեցումից: 2013-ին տեղաբնակների պահանջով և մաքսային փաստաթղթերի սխալ ձևակերպման պատրվակով քանդվեց Թուրքիայից բերված մզկիթի աշտարակը գյուղերից մեկում: Նոր մզկիթների կառուցման դեմ բողոքի ցույցեր են անցել վրացական բազում այլ քաղաքներում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---