«Արս լունգա» դուետը կատարել է 2014-ի հայ հոբելյար կոմպոզիտորների երկերը

«Արս լունգա» դուետը կատարել է  2014-ի հայ հոբելյար կոմպոզիտորների երկերը

PanARMENIAN.Net - Օպերայի և բալետի ազգային թատրոնի «Համերգ՝ ճեմասրահում» նախագծի և «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի շրջանակում կայացել է համերգ, որի ժամանակ «Արս լունգա» դուետի և ջութակահարներ Մերի Մարգարյանի և Լուսինե Հարությունյանի կատարմամբ հնչել են 2014-ի հայ հոբելյար կոմպոզիտորների ստեղծագործություններ. դուետներ` գրված թավջութակի և դաշնամուրի համար, և տրիոներ՝ ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար: Այս տարվա հոբելյարներն են` Կոմիտասը (145), Վլադիլեն Բալյանը (90), Ավետ Տերտերյանը (85), Գեղունի Չթչյանը (85), Տիգրան Մանսուրյանը (75), Էդուարդ Հայրապետյանը (65) և Արմեն Սմբատյանը (60):

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի ստեղծման և իրականացման գաղափարը «Արս լունգա» դուետինն է` ի դեմս թավջութակահար Արամ Թալալյանի և դաշնակահար Ջուլիետա Վարդանյանի: Ծրագիրը ներառում է հայ ակադեմիական երաժշտական ստեղծագործական մտքի և ավանդույթների լայն սպեկտր` 20-րդ դարի սկզբից մինչև մեր օրերը: Այդ թվում երիտասարդ սերնդի ներկայացուցիչների, ովքեր մասնակից լինելով ծրագրի ընթացքին իրենց մի շարք ստեղծագործություններ նվիրել են «Արս լունգա» դուետին: «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

«Արվեստի աշխարհում այս տարին նշանավորվում է հայ դասական երաժշտության մի շարք ակնառու գործիչների հոբելյաններով: Սա հիանալի առիթ է ևս մեկ անգամ հիշատակելու և մեծարելու մեր դասականներին: Սակայն կարևոր է նաև գնահատել և սատարել դասական երաժշտության մեջ նոր խոսք ասող ժամանակակից կոմպոզիտորներին: Այսօրվա համերգը համատեղել է այս երկու գաղափարները և հավաստում է, որ մեր ստեղծագործ միտքը կենդանի է և չի սահմանափակվում անցյալի ձեռքբերումներով»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը բաղկացած է մի քանի մասից: Դուետը «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի 1-ին մասում հավաքել է 20-21-րդ դարերի 60 հայ կոմպոզիտորի թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ, կատարել և ձայնագրել է ժամանակակից տեխնիկայի վերջին պահանջներին համապատասխան: Արդյունքում թողարկվել են ձայնագրությունների ժողովածուներ, որոնցից կազմված յուրաքանչյուր ավարտուն տուփը (12 ձայնասկավառակ) ամփոփվում է այդ շարքում ընդգրկված հեղինակների կենսագրականները ներառող գրքույկով:

Ներկայումս «Արս լունգա»-ն աշխատում է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ձայնագրությունների շարքի 2-րդ մասի իրագործման ուղղությամբ, որը կներկայացնի հայ կոմպոզիտորների դաշնամուրային տրիոները (ստեղծագործություններ դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---