22  17.12.14 - Սպիրիդոն Ֆլոգայդիսի ու Գրիգոր Մինասյանի մամուլի ասուլիսը և Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի պաշտոնական բացումը

Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունը ՀՀ-ում գրասենյակ է բացել

Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունը ՀՀ-ում գրասենյակ է բացել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին Երևանում բացվել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը: Կազմակերպությունը ստեղծվել է հանրային իրավունքի ոլորտում գիտելիքի ձևավորման, ինչպես նաև ամբողջ աշխարհում եվրոպական արժեքների տարածման նպատակով:

ՀԻԵԿ-ի հայաստանյան մասնաճյուղի պաշտոնական բացմանն իր ելույթում կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Մինասյանը նշել է, որ մասնաճյուղի միջոցով Հայաստանի օրենսդրության զարգացման բազմաթիվ հարցադրումների կարող են պատասխաններ տրվել կազմակերպության մասնագիտական ցանցում ներգրավված Եվրոպայի խոշորագույն իրավագետների փորձագիտական աջակցությամբ:

Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ Սպիրիդոն Ֆլոգայդիսն իր հերթին նշել է. «Տարածաշրջանում մեր առաջին և միակ մասնաճյուղի բացումը կնպաստի հանրային իրավունքի զարգացմանը Հայաստանում: Այն գտնվում է շատ լավ ձեռքերում, այն մարդկանց, ովքեր ունեն երկար տարիների փորձառություն, լավ պատկերացում, թե ինչն ենք ցանկանում զարգացնել մասնակից երկրներում և աշխարհում»:

Կազմակերպությանն անդամակցում է 14 երկիր (Հունաստան, Հայաստան, Ֆրանսիա, Իտալիա, Կիպրոս, Ուկրաինա, Վրաստան, Ռումինիա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Էստոնիա, Ադրբեջան, Մոլդովա, Ալբանիա), 6 միջազգային կազմակերպություն և 64 միջազգային ճանաչում ունեցող համալսարան:

Ավելի ուշ Սպիրիդոն Ֆլոգաիտիսին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանրապետության ղեկավարը կարևորել է այն առաքելությունը, որի շրջանակում Ֆլոգաիտիսն այցելել է Հայաստան: Սերժ Սարգսյանը Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության երևանյան մասնաճյուղի բացումը կարևոր իրադարձություն է համարել՝ ընդգծելով, որ այն նաև պարտավորեցնող է, քանի որ մեր երկրում մեծապես գիտակցում են այս ոլորտում առկա խնդիրների լուծման կարևորությունը, դրանց պարբերաբար ուսումնասիրման և վերլուծությունների, ընդհանուր առմամբ, քաղաքացիական հասարակության կայացման ուղղությամբ ակտիվ աշխատանքի անհրաժեշտությունը, տեղեկացնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը պատրաստակամ է իր կարողությունների չափով աջակցելու Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությանը՝ իր բարդ և չափազանց կարևոր առաքելության իրականացման գործում, նկատի առնելով նաև այն հանգամանքը, որ կազմակերպության նպատակները միանգամայն համահունչ են ՀՀ որդեգրած քաղաքականությանը. մեր երկիրը ևս եվրոպական արժեքների տարածման ջատագովն է և անկախացումից ի վեր այդ ուղղությամբ եվրոպական գործընկերների հետ համագործակցելով, բավականաչափ առաջ է ընթացել, չնայած, նախագահի խոսքով, դեռևս բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծումը մեծապես կարևորվում է: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է սկսած ճանապարհը՝ ակնկալելով գործընկերների, այդ թվում՝ ՀԻԵԿ-ի աջակցությունը:

Սպիրիդոն Ֆլոգաիտիսը շնորհակալություն է հայտնել Երևանում ՀԻԵԿ-ի մասնաճյուղ բացելու հնարավորություն ընձեռելու և գործակցության պատրաստակամության համար՝ փաստելով, որ Հայաստանը դեռևս 2011 թվականից անդամակցում է Կազմակերպությանը՝ ի թիվս մեկ տասնյակից ավելի երկրների: Պրոֆեսորը նշել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը պատրաստ է աջակցել ՀՀ-ին՝ իրականացվող բարեփոխումների ճանապարհին, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման և մասնագիտական բոլոր այն հարցերում, ինչի կարիքը մեր երկիրը կունենա: Նա ընդգծել է, որ Հայաստանի հետ այս գործընկերությունը կարող է լավ օրինակ ծառայել տարածաշրջանի այլ երկրների և ժողովուրդների համար:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---