Ղազախստանի պատգամավորները հավանություն են տվել Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին

Ղազախստանի պատգամավորները հավանություն են տվել Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին

PanARMENIAN.Net - Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Մաժիլիսը, դեկտեմբերի 18-ի ընդլայնված նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի վավերացման մասին» օրինագծին:

Ազգային տնտեսության նախարար Երբոլատ Դոսաևը հիշեցրել է, որ ԵՏՄ-ին Երևանի միանալու մասին պայմանագիրը ստորագրել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու ՌԴ նախագահները 2014-ի հոկտեմբերի 10-ին: Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է ԵՏՄ անդամ և ստանձնում է պայմանագրով նախատեսված պարտավորությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին հսկայական նշանակություն ունի, քանի որ մենք համագործակցում ենք Հայաստանի հետ և դա նպաստում է մեր երկրների տնտեսական զարգացմանը: Հայաստանի անդամակցության շնորհիվ մենք նախատեսում ենք զարգացնել մեր օրենսդրական շահերը»,-ասել է Դոսաևը:

Ինչպես ասվում է նիստի ժամանակ տարածված նյութերում, Ղազախստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն այսօր կազմում է 7 մլն դոլար: ԵՏՄ-ին Հայաստանի միանալու հետ բանակցություններ կսկսվեն Առևտրի միջազգային կազմակերպության հետ ՀՀ սակագնային պարտավորությունները ԱՀԿ կանոններին համապատասխանեցնելու վերաբերյալ:

Դեկտեմբերի 17-ին ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ըստ փաստաթղթի, Հայաստանը միանում է ԵՏՄ մասին պայմանագրին, ինչպես նաև մյուս միջազգային փաստաթղթերին, որոնք կնքվել են Մաքսային միության շրջանակում, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագիրը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում:

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում վավերացվելուց հետո:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---