Նորարարական ու ստեղծագործական կրթասրահներ` Լոռու մարզի երեխաներին

Նորարարական ու ստեղծագործական կրթասրահներ` Լոռու մարզի երեխաներին

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) գործակցության շնորհիվ իրականացել է Լոռու մարզի Թումանյան համայնքի երեխաների երկար սպասված երազանքը. համայնքի դպրոցում բացվել է ստեղծագործարան, որից կօգտվեն ինչպես դպրոցի բոլոր աշակերտներն ու ուսուցիչները, այնպես էլ հարևան գյուղերի պատանիները:

Ստեղծագործարանը կրթության ժամանակակից պահանջներին համապատասխանող դասասենյակ է` հագեցված էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով, ինչպես նաև հատուկ շարժական կահույքով: Այն աշակերտներին հնարավորություն է տալիս կատարել ինչպես անհատական, այնպես էլ զույգերով կամ խմբային աշխատանք:

Ստեղծագործականությունը խթանող նման միջավայրը հնարավոր է դարձնում բազմանպատակ գործունեության իրականացումը, տարբեր աշխատանքների համադրումը, այդ թվում՝ համակարգչի և տեխնոլոգիայի կիրառմամբ դաս, քննարկում և դասի մատուցում, ընթերցանություն և խաղ, ինտելեկտուալ գործունեության կազմակերպում։ COAF-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցությամբ իրականացվող ծրագրերը նպատակ ունեն նաև նպաստել գյուղական համայնքների հավասարաչափ զարգացմանն ու դպրոցները համալրել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներով:

Թումանյանի ստեղծագործարանը տեխնիկապես հագեցված հինգերորդ կրթասրահն է, որ շահագործման է հանձնվում COAF-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկերությամբ: 2013-2014 թվականներին նույն ծրագրի շահառու են դարձել Արմավիրի մարզի Սարդարապատ, Վանանդ և Հացիկ, ինչպես նաև Արագածոտնի մարզի Արտենի համայնքի երեխաները:

Իր խոսքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է. «ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարում այն ամենը, ինչ վերաբերում է երեխաների կրթությանը և ապագային և աջակցություն է ցուցաբերում այդպիսի նախագծերի իրականացմանը: Մարզերում ապրող երեխաների համար հատկապես անհրաժեշտ է հասանելի դարձնել կրթական գործիքները, ինֆորմացիայի աղբյուրները, սատար կանգնել նրանց` պատշաճ կրթություն ստանալու գործում և հայրենիքում լիարժեք ապրելու և աշխատելու հնարավորություն ստեղծելու հարցում: Այս նախագիծը ևս մեկ քայլ է այդ նպատակներն իրականացնելու ճանապարհին»:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանի գնահատմամբ`«Հայաստանում ստեղծագործարանների հիմնադրման և տարածման գաղափարը COAF-ինն է` ուսման համար գրավիչ ու նպաստավոր պայմանների ապահովման և երիտասարդ սերնդին արդի կրթական հնարավորությունների ընձեռման նպատակով: Հիմնադրամի համապարփակ զարգացման ծրագրերի կրթական բաղադրիչի իրականացման փորձն ու վերլուծությունը ցույց են տալիս, որ այսպիսի ոգեշնչող նախաձեռնությունները մեծացնում են աշակերտների հետաքրքրությունը ուսման նկատմամբ և նպաստում առաջադիմության բարձր արդյունքների»:

Թումանյան համայնքի դպրոցում սովորում է 124 աշակերտ: Նորաբաց ստեղծագործարանը կնպաստի տարածաշրջանում կրթության և երիտասարդների հմտությունների զարգացմանը: Ավելին, հաշվի առնելով, որ Թումանյանը գտնվում է Երևան-Թբիլիսի մայրուղու վրա, և նրա դիրքը ռազմավարական նշանակություն ունի, ստեղծագործարանը կծառայի Լոռու մարզի Թումանյանի ամբողջ տարածաշրջանի բնակչությանը:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---