Սահմանամերձ 32 համայնքում գազի, հոսանքի ու ոռոգման ջրի համար կես գին կվճարեն

Սահմանամերձ 32 համայնքում գազի, հոսանքի ու ոռոգման ջրի համար կես գին կվճարեն

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 18-ին հաստատել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 32 համայնքի ցանկը, նշված համայնքներին տրվող սոցիալական աջակցության տրամադրման կարգը:

Կառավարությունից հայտնում են, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին առաջարկվել է 2015-ի հունվարի 1-ից մինչև 2015-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում աջակցություն ստացող համայնքների բնական գազ սպառող բնակիչ-բաժանորդներից մինչև 360 խոր. մետր բնական գազի քանակության վճարումը գանձել հաստատված սակագնից նվազեցված գնով՝ 50 տոկոսի չափով (ներառյալ ԱԱՀ-ն), ընդ որում, գանձվող գնի տարբերության գումարը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաջարկվել է նույն ժամանակահատվածում էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդներից մինչև 1440 կՎտ էլեկտրաէներգիայի համար վճարումը գանձել հաստատված սակագնից նվազեցված գնով՝ 50 տոկոսի չափով (ներառյալ ԱԱՀ-ն), և այս դեպքում ևս Կառավարությունը կփոխհատուցի տարբերությունը:

Բացի այդ Գործադիրը սահմանել է, որ հաջորդ տարի սահմանամերձ համայնքների ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց օգտագործած ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարի 50 տոկոսը կփոխհատուցի ՀՀ կառավարությունը: Նաև սահմանվել է, որ նշված համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող անձանց անունից համապատասխան համայնքի բյուջե ևս կվճարի ՀՀ կառավարությունը:

Ավելի վաղ` նոյեմբերի 20-ին ԱԺ արտահերթ նիստում 97 կողմ և առանց դեմ ու ձեռնպահ ձայների երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը: Վերջնական հաստատման դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից և կգործի մինչև 2018-ի հունվարի 1-ը:

Նոյեմբերի 20-ի արտահերթ նիստում երրորդ ընթերցմամբ քվեարկության դրված «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագիծը ևս ընդունվել է. ձայների հարաբերակցությունը` 76 կողմ, 3 դեմ և 18 ձեռնպահ: Երկրորդ ընթերցմամբ օրինագիծն ընդունվել էր 94 կողմ, 3 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Օրենքի նախագծով սահմանվում է, որ սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտապես բնակվող անձանց սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցվում են ՀՀ պետբյուջեի միջոցներից: Փոխհատուցման ենթակա ծավալները և փոխհատուցման կարգը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է ՀՀ կառավարությունը:

2014-ի սեպտեմբերի 3-ի վարչապետի որոշմամբ այս հարցով աշխատանքային խումբ էր ստեղծվել, որին հանձնարարվել էր սահմանամերձ համայնքներում 2002-2014 թթ. իրականացված ծրագրերի մոնիթորինգ կատարել, գույքագրել ներկայիս կարիքները, այդ համայքների համար հարկային և սոցիալական արտոնությունների համակարգ մշակել, նպաստների վճարման համակարգի վերաբերյալ առաջարկություն ներկայացնել, ինչպես նաև նշված համակարգի ներդրման առանձնահատկությունները տարբերակելու նպատակով սահմանամերձ համայնքների դասակարգում կատարել:

Նախագծի հաջորդ հոդվածով մասնակի փոխհատուցվում է վերը նշված անձանց սահմանամերձ համայնքի տարածքում ունեցած հողերի հողահարկի և անշարժ գույքի գույքահարկի ծախսը:Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելել է, որ համարժեք գումար կստանան նաև այն բնակիչները, ովքեր գազից չեն օգտվում, որպեսզի ջեռուցման այլընտրանք ունենան:

Սահմանամերձ համայնքների՝ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով օթևանից զրկված բնակիչներին ՀՀ կառավարությունը պետբյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթևանով՝ նույն համայնքի տարածքում: Սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականի պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացիների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, զոհված քաղաքացիների ընտանիքներին ՀՀ պետբյուջեից տրվում է միանվագ օգնություն կառավարության սահմանած կարգով՝ հուղարկավորության և գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման և տեղադրման ծախսերի համար:

Ավելի վաղ Կառավարությունը հավանություն էր տվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» և ևս 8 օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որով տնտեսվարող սուբյեկտներն ազատվում են իրենց գործունեության մասով առաջացող հարկերից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---