Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը կմեկնարկի 2015-ի աշնանը և կտևի 5 տարի

Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը կմեկնարկի 2015-ի աշնանը և կտևի 5 տարի

PanARMENIAN.Net - Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի ավարտին՝ դեկտեմբերի 16-ին, Թեհրանում, ստորագրվել են մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք կնպաստեն հայ-իրանական տնտեսական գործակցության ակտիվացմանը: Երկու օր շարունակ աշխատանքային հինգ խումբը քննարկել է տնտեսական ոլորտի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք ի մի են բերվել «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագրում»:

Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հանձնաժողովի 12-րդ նիստի աշխատանքները գնահատել է բավական արդյունավետ:

«Ստորագրվել է երկու կարևոր փաստաթուղթ՝ «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիրը», ինչպես նաև` «Մեղրի ՀԷԿ-ի կառուցման հուշագիրը»: Բոլոր այդ փաստաթղթերը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի և Իրանի տնտեսության համար»,- նիստի ավարտին արդյունքներն ամփոփելիս ասել է Երվանդ Զախարյանը։

Հուշագրում ներառված են տնտեսության բոլոր ճյուղերը՝ էներգետիկա, առևտուր, բանկային ոլորտ, բնապահպանություն, առողջապահություն, կրթություն, մշակույթ և այլն։ Հայ-իրանական էներգետիկ ծրագրերից նախարարն առանձնացրել է 3-րդ բարձրավոլտ գծի շինարարության ծրագիրը, որը հնարավորություն կտա Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի թողունակությունը 350 ՄՎտ-ից հասցնել միչև 1200 ՄՎտ-ի:

«Իրանական կողմի հետ պայմանավորվեցինք շինարարությունը սկսել 2015 թվականի մարտին և այն ավարտել 18 ամսվա ընթացքում: Այդ գծի շինարարությունը հնարավորություն կտա Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի առաքումը ներկայիս 1մլրդ 200մլն կվտ/ժ-ից հասցնել մինչև 7 մլրդ. կվտ/ժ»,- ասել է Երվանդ Զախարյանը:

Հաջորդ ստորագրված փաստաթուղթը վերաբերում է Մեղրի ՀԷԿ-ի շինարարությանը։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն շինարարության նախապատրաստական աշխատանքները պետք է ավարտվեն 2015-ի հոկտեմբերին, որից հետո արդեն կսկսվի Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը, որը կտևի 5 տարի: Հանձնաժողովի 12-րդ նիստում Հայաստանի կառավարության 7 փոխնախարարն ու պատվիրակության մյուս անդամներն իրանցի գործընկերների հետ քննարկել և պայմանավորվածություններ են ձեռք բերել տարբեր ոլորտներում գործակցությունն ընդլայնելու շուրջ: Քննարկվել է նաև Արաքս գետի աղտոտվածության խնդիրը, կողմերը պայմանավորվել են հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավորինս բացառել այդ դեպքերը։ Մասնավորապես երկու երկրի առևտրային պալատները համաձայնել են մեկ տարվա ընթացքում կազմակերպել տնտեսական, առևտրային և ներդրումային համաժողովներ Թեհրանում և Երևանում: Կողմերը համաձայնել են «Իրան-Հայաստան բարեկամության օրեր» նշելու նպատակով համապատասխան պայմաններ ստեղծել գեղանկարչական ցուցահանդեսների, երգի, թատերական ներկայացումների, ինչպես նաև երկու երկրների անհատ կատարողների ծրագրերը ներկայացնելու համար:

Դրանից բացի պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրի տարածքում ընդհանուր մշակութային արժեքների վերաբերյալ ֆիլմեր նկարահանելու ուղղությամբ: Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի քաղաքացիներին 2015-2016 ուսումնական տարվա համար տրամադրել 3 կրթաթոշակային տեղ: Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանի և Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ: Նախարարները քննարկել են հայ-իրանական էներգետիկ գործակցության հարցերն ու առաջիկա անելիքները:

Նոյեմբերի վերջին Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը հայտարարել է, որ Թեհրանն ու Երևանը ավարտել են ՀԷԿ-ի շինարարության մասին համաձայնագրի շուրջ աշխատանքը: Իրանի էներգետիկայի նախարարը նշել է, որ Հայաստանում ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը համաձայնեցվել է, և էլեկտրակայանների ու ջրային օբյեկտների շինարարությամբ զբաղվող իրանական ընկերությունները շուտով կսկսեն Հայաստանում կայանի կառուցումը: Չիթչիանը նշել է, որ իրանական ընկերություններն ակտիվորեն աշխատում են աշխարհի 41 երկրում:

Երևանն ու Թեհրանը մտադիր են մի շարք նախագծեր իրականացնել, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում: Նախագծերից մեկը Մեղրիի մոտ Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումն է: 2007 թվականի մարտի 19-ին Հայաստանի և Իրանի կառավարությունները համաձայնագիր են կնքել Մեղրիում և Ղարաչիլարում ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ: Նախագծի շրջանակում նախատեսվում է սահմանային Արաքս գետի վրա կառուցել երկու ՀԷԿ:2012 թ. նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը 130 ՄՎտ հզորությամբ: Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը կկազմի մոտ 800 մլն կՎտ ժամում տարեկան, նախագծի արժեքը մոտ 323 մլն դոլար է:Մեղրիի ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան կփոխանցվի Իրանին, իսկ 15 տարի անց ՀԷԿ անհատույց կանցնի հայկական կողմին:

Հայաստանի և Իրանի էներգահամակարգերը կապված են 220 կՎտ հզորությամբ երկու ԷՀԳ-ներով: Երրորդ ԷՀԳ կառուցման վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է դեռ 2004 թ., սակայն շինարարությունը ֆինանսավորման բացակայության պատճառով միշտ հետաձգվել է:Իրանից գազը առաքվում է Երևանի ՋԷԿ և վերամշակվում է էլեկտրաէներգիայի: Հայաստանը հատուցում է գազի դիամց էլեկտրաէներգիայով 3 կՎտ մեկ խմ դիմաց հաշվարկով: Ըստ Հուշանգ Ֆելլահաթիանի, առաջիկա 2-3 ամիսներին բոլոր խոչընդոտները պետք է վերացվեն, և կհայտնվի նոր ԷՀԳ կառուցման հնարավորություն, ինչը թույլ կտա ավելացնել իրանական գազի փոխանակման ծավալը Հայաստանից ստացվող էլեկտրաէներգիայի դիմաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---