Նավթի գները մի փոքր կայունացել են հերթական անկումից հետո

Նավթի գները մի փոքր կայունացել են հերթական անկումից հետո

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի բորսայի սակարկություններում աճել է 4 ցենտով՝ հասնելով 59,31 դոլարի մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը 54,42 դոլար է մեկ բարելի դիմաց, գրում է Reuters գործակալությունը:

Ընդամենը մեկ օր առաջ նավթի գները հարաբերական աճ արձանագրեցին՝ Brent-ը աճեց 2 տոկոսով, հասնելով 63 դոլարի մեկ բարելի դիմաց, սակայն հետո կրկին կտրուկ անկում ապրեց: Նոր անկման պատճառը ներդրողները համարում են ԱՄՆ-ում տնտեսական աճի վերաբերյալ չարդարացած կանխատեսումները և նավթի արդյունահանումը կրճատելուց հրաժարվելու մասին հայտարարությունները, որոնք կրկին ու կրկին հնչում են ՕՊԵԿ երկրներից:

Նոյեմբերի 27-ին Վիեննայում տեղի ունեցավ ՕՊԵԿ հերթական գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվեց նաև նավթի արդյունահանման քվոտաների նվազեցման հարցը: Գործող քվոտան օրական մոտ 30 մլն բարել է: Կազմակերպության որոշ անդամներ՝ Վենեսուելան կամ Իրանը, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող Ռուսաստանը, փորձեցին պնդել, որ արդյունահանումը նվազեցվի՝ գների աճին նպաստելու համար: Արաբական երկրներն ավելի վաղ հայտարարել էին, թե մտադիր չեն նվազեցնել արդյունահանումը՝ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ պատրաստ է մեկ բարելի դիմաց 80 դոլար գնին երկու տարվա ընթացքում: Իսկ Քուվեյթը հայտարարել էր, որ պատրաստ է հանդուրժել նույնիսկ 76-77 դոլարը մեկ բարելի դիմաց:

Գնանկման վրա ազդում է, մասնավորապես, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների աճն ու սպառման նվազումը: Գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է այլընտրանքային ամերիկյան թերթաքարային նավթի շահութաբերությունը, նոր-նոր պատժամիջոցներից ձերբազատվող Իրանի եկամուտներն են պակասում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեկ բարելի գնի նվազումը մեկ դոլարով կրճատում է Ռուսաստանի եկամուտը եկու միլիարդ դոլարից:

Եվրոպան, հակառակը, գնանկումից շահում է: Եթե ցածր գները պահպանվեն, ԵՄ-ն մինչև 25 մլրդ դոլար կտնտեսի արդեն այս տարի, ներկրումը տարեսկզբից կազմել է 475 դոլար: Եթե նավթի գինը մեկ բարելի դիմաց շարունակի 80 դոլարի շեմից ցածր մնալ նաև 2015-ին, նավթի ներկրումը ԵՄ կնվազի մինչև 425 մլրդ դոլար տարեկան կտրվածքով: Դա 80 մլրդ քիչ է եվրոպական նավթային ներկրումից 2013-ին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---