Բելառուսի ԱԺ ստորին պալատը վավերացրել է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը

Բելառուսի ԱԺ ստորին պալատը վավերացրել է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը

PanARMENIAN.Net - Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը:

«Այսօր պատմական օր է: Մենք մեկ անգամ ևս հաստատում ենք զարգացման մեր ուղղությունը: Վավերացումից հետո մենք դառնում ենք ԵՏՄ անդամ, իսկ դա մեծ հնարավորություններ է բացում»,-հայտարարել է Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը:

Նա պարզաբանել է, որ Հայաստանը կարող է միության իր դաշնակիցներին ծառայություններ տրամադրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև միրգ ու բանջարեղեն առաքել: «Մենք հիանալի կոնյակ ունենք, հանքային ջրեր, թեև ես չեմ մոռանում «Բորժոմի» մասին: Մենք շատ բան ունենք»,-հավելել է դեսպանը: Ինչ վերաբերում է առաքման ուղիներին, ապա ապրանքները կտարանցվեն Վրաստանի տարածքով:

Իր հերթին Բելառուսի ԱԳ առաջին փոխնախարար Ալեքսանդր Միխնևիչը պարզաբանել է, որ Ռուսաստանն ավարտել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացման գործընթացը, իսկ Ղազախստանն ավարտում է:

Դեկտեմբերի 19-ին Ղազախստանի Սենատը ընդլայնված նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի վավերացման մասին» օրինագծին:

ԵՏՄ-ին Հայաստանի միանալու հետ բանակցություններ կսկսվեն Առևտրի միջազգային կազմակերպության հետ ՀՀ սակագնային պարտավորությունները ԱՀԿ կանոններին համապատասխանեցնելու վերաբերյալ:

Դեկտեմբերի 17-ին ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ըստ փաստաթղթի, Հայաստանը միանում է ԵՏՄ մասին պայմանագրին, ինչպես նաև մյուս միջազգային փաստաթղթերին, որոնք կնքվել են Մաքսային միության շրջանակում, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագիրը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին: Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում: Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում վավերացվելուց հետո:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---