BirthLink-ն և ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են նեոնատալ խնամքի բարելավմանն ուղղված գործակցությունը

BirthLink-ն և ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են նեոնատալ խնամքի բարելավմանն ուղղված գործակցությունը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և BirthLink ՀԿ-ի տնօրեն Քեթի Մելորն այցելել են Մասիս քաղաքի կենտրոնական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունք: Հիվանդանոցին տրամադրվել են վաղահաս ծնված և առողջական խնդիրներով երեխաների խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներ՝ վերակենդանացման սարք, տաքացուցիչ, ռեսպիրատոր թերապիայի համակարգ, երակային ներարկման պոմպ: Ձեռք բերված բուժսարքավորումների միջոցով հնարավոր կլինի պատշաճ բուժօգնություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող և ոչ բավարար քաշով ծնված երեխաներին՝ ապահովելով առողջական վիճակի կայունացում նախքան Երևանի կամ մարզային բուժկենտրոններ տեղափոխելը: Որոշ դեպքերում անհրաժեշտ բուժսարքավորումների առկայության շնորհիվ կարող է վերանալ տեղափոխման անհրաժեշտությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրագործվող ծրագիրն առանձնահատուկ կարևորություն է տալիս նորածնի կյանքի առաջին օրվա ընթացքում ցուցաբերվող բուժօգնությանը՝ ձգտելով բոլոր ծննդատներն ապահովել անհրաժեշտ սարքավորումներով և վերապատրաստված մասնագետներով՝ առողջական խնդիրներով ծնված երեխաների մահացության ցուցանիշի կրճատման համար: Բուժսարքավորման տրամադրմանը զուգահեռ շարունակվում է բուժանձնակազմի վերապատրաստումը և աջակցությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ղեկավարվող «Յուրաքանչյուր նորածին» (Every newborn) գործողության ծրագրի համաձայն՝ տարեկան հնարավոր է 3 միլիոն նորածնիի և մոր կյանք փրկել՝ ներդրում կատարելով նախածննդային հսկողության և առողջական խնդիրներ ունեցող երեխաների խնամքի բարելավման ոլորտում:

Այս տարի լրանում է BirthLink ՀԿ-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ վաղածին երեխաների խնամքի բարելավմանը և նորածնային մահացության ցուցանիշի կրճատմանն ուղղված գործակցության յոթերորդ տարին: Ծրագիրը մեկնարկել է 2008-ին և մինչև այժմ ընդգրկել է Երևանի տասներկու և Հայաստանի յոթ մարզի քսաներեք նորածնային բաժանմունք: Ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչև օրս հատկացրել է մոտ 535 միլիոն դրամ:

«Երեխան լիարժեք ընտանիքի գրավականներից մեկն է, իսկ ընտանիքն` ամուր հասարակության գրավականը: Կայուն հասարակությունն էլ, իր հերթին, կարևորագույն նախապայման է երկրի զարգացման և առաջընթացի համար: Մենք ցանկանում ենք պայքարել Հայաստանում ծնված յուրաքանչյուր երեխայի կյանքի համար, ցանկանում ենք, որ մեր մանուկները ոչ միայն երջանկություն պարգևեն իրենց ծնողներին, այլև առողջ և արժանի անհատներ դառնան մեր հասարակության, մեր երկրի համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը և BirthLink ՀԿ-ն իրենց մասնակցությունն են ունենում այդ պայքարին` կանգնելով հայ բժիշկների կողքին, տրամադրելով անհրաժեշտ բուժսարքավորումներ, ինչու ոչ` նաև հոգեբանական աջակցություն` իրենց ոչ դյուրին, բայց անգնահատելի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նորածնային մահացության դեպքերի 80%-ը հնարավոր է կանխել, մասնավորապես՝ վաղաժամ ծնունդի և վարակների հետևանքով առաջացած բարդությունների հեռացման ճանապարհով: Նորածնային խնամքի բարելավումը կարող է բազմաթիվ կյանքեր փրկել, բայց դրա համար անհրաժեշտ է ապահովել նաև մասնագետների վերապատրաստում և վերազինել նորածնային բաժանմունքները ժամանակակից բուժսարքավորումներով:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---