ԼՂՀ դատախազը ցմահ ազատազրկում է պահանջել ադրբեջանցի դիվերսանտի համար

ԼՂՀ դատախազը ցմահ ազատազրկում է պահանջել ադրբեջանցի դիվերսանտի համար

PanARMENIAN.Net - ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացել է Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստի վիճաբանության փուլը։ Դատական նիստում մեղադրական ճառով հանդես է եկել պետական մեղադրող, դատախազ Կարեն Գաբրիելյանը։

Հաշվի առնելով դատական նիստի ընթացքում հնչած կարծիքները, վկաների ցուցմունքները, գործով ձեռքբերված իրեղեն ապացույցները, ամբաստանյալ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի ցուցմունքները, ձերբակալման ժամանակ նրանց մոտ հայտնաբերված տեսախցիկում առկա տեսաձայնագրությունները, դատաբժշկական հետազոտություների արդյունքները, փորձագետների եզրակացությունները, մեղադրող կողմը եզրահագնել է. ամբաստանյալները 2014 թվականի հունիսին ղարաբաղաադրբեջանական սահմանը հատել են ապօրինաբար, առանց փաստաթղթերի։ Փաստ է նաև, որ նրանք սահմանը հատել են հատուկ նպատակներով՝ տեղեկություններ հավաքելու, ինչպես նաև տեսանկարահանումներ կատարելու համար։ Այնուհետև դատախազը մանրամասնորեն անդրադարձավ դատական նիստի ընթացքում արձանագրված փաստերին, ապացույցներին, տեսագրություններին, կողմերի ցուցմունքներին, հայտնում է Panorama.am-ը:

Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի մահվան փաստի հետ կապված բոլոր ապացույցները վկայում են, որ հանցագործությունն իրագործվել է մեկ անձի կողմից, և որ այդ անձը եղել է Դիլհամ Ասկերովը։ Հայերի նկատմամբ ամբաստանյալ Ասկերովի տածած ազգային ատելության մասին փաստում է նաև այն հանգամանքը, որ սպանված պատանուն նկատի ունենալով, նա ամբաստանյալ Գուլիևին հարցրել էր. «Ինչ է, խղճու՞մ ես հայ տղային» (ինչի մասին Գուլիևը դատաքննության ընթացքում նշել էր իր ցուցմունքում)։

Ըստ մեղադրող կողմի, փաստ է, որ Գուլիևը եղել է հանցախմբի երեք անդամներից մեկը։ Նա տեսանկարահանումներ չի կատարել, բայց մշտապես եղել է հանցավոր խմբի հետ։

Դատախազ Կ. Գաբրիելյանն առաջարկել է ԼՂՀ քրեական օրեսգրքի համապատասխան հոդվածների համաձայն ամբաստանյալ Դ. Ասկերովին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ Շ. Գուլիևին՝ 22 տարվա։

Դիվերսանտների գործով երկու մեղադրյալներ՝ Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ Քրեական օրենսգրքով նախատեսված 316-րդ հոդվածով` լրտեսությունը, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանությունը`զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ:

Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվեց ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվեցին կամ ոչնչացվեցին։ ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա հարուցվեց քրեական գործ։Հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ում դին հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

Ընթերցեք նաև. Դիվերսանտների դատը. Ինջիղուլյանի հարցաքննության տեսագրությունն ու հետախուզական գումարտակի ինքնաձիգը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---