Ամփոփելով գյուղատնտեսական տարին. Անասնագլխաքանակն ու մթերքների արտադրությունն ավելացել են

Ամփոփելով գյուղատնտեսական տարին. Անասնագլխաքանակն ու մթերքների արտադրությունն ավելացել են

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ամփոփել է անասնաբուծության և ձկնաբուծության ոլորտում գյուղատնտեսական տարվա արդյունքները: 2014 թվականին նախորդ տարվա համեմատ, ինչպես հայտնել է նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը, արձանագրվել են բարձր ցուցանիշներ թե´ անասնագլխաքանակի, և թե´ անասնաբուծական մթերքների արտադրության և իրացման ծավալների ավելացման առումով:

«2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ կարձանագրվի բոլոր տեսակի անասնագլխաքանակի աճ 2-5%-ով. տավարի գլխաքանակը կկազմի 694,5 հազար, ոչխարների և այծերի գլխաքանակը` 753,8 հազար, խոզերի գլխաքանակը` 145,0 հազար, թռչուններինը`5 մլն», – նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ անասնագլխաքանակի աճի հետ միասին կավելանան նաև անասնաբուծական մթերքների արտադրության ծավալները: Ընդ որում` մսի արտադրության համախառն ծավալները կավելանան 18,2 հազար տոննայով և կկազմեն 165,0 հազար տոննա, կաթի արտադրությունը կավելանա մոտ 61,0 հազար տոննայով և կկազմի 718,0 հազար տոննա, իսկ ձվի արտադրությունը կավելանա 28,8 մլն հատով և կկազմի 644 մլն հատ:

Ըստ Բաղիյանի` ոլորտի նման տպավորիչ արդյունքները իրականացվող ծրագրերի և բնագավառի աշխատողների հետևողական աշխատանքի արդյունք են: Նա հատկապես առանձնացրել է 2007 թվականից գործող «Տավարաբուծության զարգացման ծրագիրը», որի շրջանակում մինչև օրս ներկրվել է 1811 գլուխ բարձր մթերատու տոհմային շվից, սիմենթալ և հոլշտին ցեղերի երինջ, որոնք տարաժամկետ վճարման պայմանով հատկացվել են 65 տնտեսավարող սուբյեկտի: Այս ծրագրի շնորհիվ Հայաստանում ստեղծվել են նոր տոհմային տնտեսություններ, որտեղ կենդանիները ցուցաբերում են բարձր մթերատվություն: Ներկրված երինջներից ստացվել են բարձր մթերատու հատկանիշներով օժտված տեղի բնակլիմայական պայմաններին լավ հարմարվող և բարձրարժեք տոհմային հորթեր: Դրանցից արդեն 1000 գլուխ վաճառվել է հանրապետության գյուղացիական տնտեսություններին:

«Որոշ ընկերություններ այս գործում մեծ հաջողությունների են հասել և իրենց տնտեսություններում բուծված տոհմային երինջների խմբաքանակից մոտ 200 գլուխ վաճառել են Վրաստանի Հանրապետությանը, ինչն աննախադեպ երևույթ է մեր հանրապետության անասնաբուծության ամբողջ պատմության ընթացքում: Ներկրված կենդանիներից տարեկան ստացվում է 6-8 հազար կգ կաթ, ինչը 3-4 անգամ գերազանցում է մեր հանրապետության միջին ցուցանիշը, իսկ առանձին կովերի կաթնատվությունը կազմում է 10-11 հազար կգ», – ընդգծել է Բաղիյանը:

Նրա խոսքով` գյուղատնտեսության նախարարությունը վերջին տարիներին անասնաբուծության ոլորտում ձեռնամուխ է եղել արմատական բարեփոխումների իրականացմանը, ինչը հնարավորություն կընձեռի կենդանիների պահվածքի ավանդական պայմանները աստիճանաբար փոխարինել ժամանակակից տեխնոլոգիաներով, իսկ ցածր մթերատու կենդանիների փոխարեն բուծել մեր երկրի բնակլիմայական պայմաններին առավել հարմարված համաշխարհային լավագույն դասական ցեղերի բարձր մթերատու կենդանիներ: Այդ նպատակով եվրոպական երկրներից ներկրվում են բարձր մթերատվությամբ և ամուր համակազմվածքով տավարի կաթնատու և կաթնամսատու տոհմային երինջներ: Դրան զուգահեռ, երեք մարզեր կառուցվում է արդի տեխնոլոգիաներով հագեցած ժամանակակից խոզաբուծական համալիրներ:

2014 թվականին եվրոպական երկրներից ներմուծվել է ավելի քան 200 գլուխ լանդրաս, պետրեն և դյուրոկ մսատու ցեղերի տոհմային կենդանիներ: Եվս 300 գլուխ տոհմային խոզ կներմուծվի 2015 թվականի առաջին կիսամյակում:

Անդրադառնալով ձկնաբուծության ոլորտին` նախարարի առաջին տեղակալը նշել է, որ 2014 թվականին այս ոլորտում շարունակվել են նախորդ տարվա ձեռքբերումները: 2014 թվականի արդյունքներով հանրապետությունում արտադրվել է մոտ 14 հազար տոննա ապրանքային ձուկ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 30%-ով: Կտրուկ ավելացել է նաև հանրապետությունից թարմ, պաղեցված, սառեցված և վերամշակված ձկնամթերքի արտահանման ծավալը` կազմելով գրեթե 2,2 հազար տոննա, ինչը 400 տոննայով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---