Նազարբաևը ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը տարվա իրադարձություն է համարում

Նազարբաևը ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը տարվա իրադարձություն է համարում

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկրի համար տարվա գլխավոր իրադարձություններ է համարում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ստեղծման մասին պայմանագրի ստորագրումը, Եվրամիության հետ գործընկերության խորացման մասին պայմանագրի կնքումը և Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի անդամակցության մասին բանակցությունների ավարտը:

«Ես վերջերս մտածում էի. տարին ավարտին է մոտենում, կյանքն այնքան բուռն է ընթանում, հատկապես իմ կյանքը, այնպիսի իրարանցում է շուրջը, որ շատ բան չես հիշում, թեև այդ ամենը գրանցված է տարեգրության մեջ: Սակայն եղան կարևոր հանգրվաններ՝ Աստանայում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, դա իմ գաղափարն էր, որ ես առաջ էի քաշել դեռ 20 տարի առաջ»,-ասել է Նազարբաևը կիրակի օրը հանրապետական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:

ԵՏՄ մասին պայմանագիրը ստորագրեցին Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ընթացիկ տարվա մայիսի 29-ին Աստանայում, փաստաթուղթն ուժի մեջ է մտնում 2015-ի հունվարի 1-ից:

Ըստ Նազարբաևի, այսօր Եվրասիական տնտեսական միությունը մեծ ռիսկի է ենթարկվում ճգնաժամի պատճառով: «Արդեն ասում են, որ դա անկախության կորուստ է ու կրկին Խորհրդային Միություն է ստեղծվում՝ կատարյալ անհեթեթություն: Ով ուզում է Խորհրդային Միություն ստեղծել, ուղեղ չունի ընդհանրպես: Մենք շատ հեռու ենք գնացել դրանից, անհնար է՝ կար միասնական մարքսիստալենինյան գաղափարախոսություն՝ հիմա չկա, կար կումունիստական կուսակցություն՝ հիմա չկա, կար միասնական տնտեսական օրգանիզմ՝ հիմա չկա»,-ասել է նախագահը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նա նշել է, որ Եվրասիական տնտեսական տարածքում առաջին տարիներին առևտուրն աճել է մինչև 40 տոկոս, իսկ հիմա «նվազել է»: «Սակայն ապրանքաշրջանառությունն ու համատեղ ձեռնարկությունների ստեղծումն արդեն լավ է, սահմանները բաց են, մարդիկ հանգիստ առանց ստուգումների կարող են տեղաշարժվել, բեռները փոխադրվում են, այսինքն տարածքն ընդլայնվել է, ընդգրկելով 3 պետություն: Տնտեսությունը կվերականգնվնի և դա կաշխատի երեք երկրների օգտին: Դա շատ կարևոր իրադարձություն էր»,-նշել է Նազարբաևը:

Դեկտեմբերի 19-ին Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը:

Նույն օրը Ղազախստանի Սենատը ընդլայնված նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի վավերացման մասին» օրինագծին:

Դեկտեմբերի 17-ին ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ըստ փաստաթղթի, Հայաստանը միանում է ԵՏՄ մասին պայմանագրին, ինչպես նաև մյուս միջազգային փաստաթղթերին, որոնք կնքվել են Մաքսային միության շրջանակում, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագիրը: Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---