Դրամի փոխարժեքը շարունակում է կայունանալ, ռուբլունը՝ նույնպես

Դրամի փոխարժեքը շարունակում է կայունանալ, ռուբլունը՝ նույնպես

PanARMENIAN.Net - Անցած շաբաթ դրամը տենդագին ցնցումներ ապրեց՝ կտրուկ անկում գրանցելով և գերազանցելով 9-ամյա վաղեմության ռեկորդը: Կտրուկ արժեզրկումն աժիոտաժ առաջացրեց արժույթի շուկայում, դոլարը գերազանցեց 570 դրամի շեմը: ԿԲ և կառավարության հայտարարություններից հետո շաբաթվա վերջում փոխարժեքը սկսեց նվազել և, կարծես, կայունացավ: Ըստ Rate,am-ի` դեկտեմբերի 22-ի, ժամը 12:00-ի դրությամբ դոլարի միջին փոխարժեքը կազմում է 448 դրամ, եվրոյինը՝ 547 դրամ, ռուբլունը՝ 8,66 դրամ:

Զուգահեռաբար կտրուկ անկումից հետո շարունակում է կայունանալ նաև ռուբլու փոխարժեքը:

Դեկտեմբերի 22-ին Մոսկվայի բորսայում սակարկությունների ժամանակ 11:21-ի դոլարի փոխարժեքը հավասար էր 56,80 ռուբլու՝ նվազելով 1,74 ռուբլիով: Եվրոյի փոխարժեքը 69,65 ռուբլի է, նվազումը՝ 2,81 ռուբլի: Երկարժութային զամբյուղի արժեքը 62,76 ռուբլի է:

Այն բանից հետո, երբ անցած շաբաթ ռուբլին ամենամեծ անկումը գրանցեց 1999 թվականից ի վեր, Ռուսաստանի Բանկը բարձրացրեց առանցքային տոկոսադրույքը մինչև տարեկան 17 տոկոս: Ռուսական արժույթի կայունացումը այդ գործողությունների հետևանքն է:

Ռուսաստանում տնտեսական խնդիրներն ու ռուսական ռուբլու անկումը բացասաբար են անդրադառնում նաև Հայաստանի տնտեսության վրա, առաջին հերթին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի վրա: Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտումը գրանցվում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ։ 2014-ի հունվար-հոկտեմբերին Ռուսաստանից փոխանցվել է 1,240 մլրդ դոլար 2013-ի 1,298 մլրդ դոլարի դիմաց, անկումը կազմել է 4,5 տոկոս: Ընդհանուր առմամբ 10 ամսում երկիր է փոխանցվել 1,484 մլրդ դոլար 2013-ի նույն ժամանակահատվածի 1,512 մլրդ դոլարի դիմաց՝ անկումը 1,9 տոկոս:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---