«Կալանված ազատություն». Մոսկվայում Լևոն Հայրապետյանին նվիրված ֆիլմ է ցուցադրվել (վիդեո)

«Կալանված ազատություն». Մոսկվայում Լևոն Հայրապետյանին նվիրված ֆիլմ է ցուցադրվել

PanARMENIAN.Net - Մոսկվայում հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին նվիրված ֆիլմ է ցուցադրվել։«Լևոն Հայրապետյան. Կալանված ազատություն» ֆիլմում ներկայացված է նրա կյանքը, անցած ուղին, Արցախյան հերոսամարտի ընթացքում մարտիկներին ոգեշնչելու համար Գանձասար վանքի վերականգնումը։

Ֆիլմը ներկայացնում է նաև պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի բարեկարգման հարցում Հայրապետյանի ունեցած ներդրումը։Մեծ բարերարի մասին պատմում է նրա եղբորորդին՝ Գուրգեն Հայրապետյանը՝ նշելով, որ հորեղբայրը շատ կարևոր դեր է ունեցել նաև իրենց մեծ ընտանիքում՝ «ներարկելով» հայրենասիրության բարձր ոգի։

«Հայրենիքն ամենակարևորն է կյանքում, կարևոր է նույնիսկ երեխաներից, կարևոր է, միգուցե, նաև ծնողներից։ Որովհետև եթե մենք չունենանք հայրենիք, մենք չենք ունենա ո՛չ երեխաներ, ո՛չ ծնողներ»,- նրա խոսքերը փոխանցում է Գուրգենը՝ նշելով, որ հորեղբայրն, ի տարբերություն այլ հարուստների, չի վախեցել ներդրումներ անել Արցախում և իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքին, ներկայացնում է Tert.am-ը։

Ֆիլմի ընթացքում ներկայացված են կադրեր Լևոն Հայրապետյանի 60-ամյակի միջոցառումից, որը նշվել է Մոսկվայում, որտեղ իրենց կարծիքն են հայտնում ռուսաստանյան քաղաքական և մշակութային վերնախավի ներկայացուցիչները, այդ թվում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը։

Ֆիլմն անդրադառնում է նաև այս տարի Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործին։ Հայրապետյանի նկատմամբ հետաքննությունը սկսվել է Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքներից հետո, ով ցմահ ազատազրկված է մի շարք առավել ծանր հանցագործությունների համար։ Նախկին սենատորը պատմել է, որ Հայրապետյանը 2009-ին կապ է ունեցել «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի հետ։

Հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:

Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Գումարը կարող է կազմել մոտ 50 մլն դոլար: Որպես հիմնական կասկածյալ անցնում է Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը: Հայրապետյանն այդ գործում համարվում է նրա գլխավոր հանցակիցը:

Հայրապետյանի միջնորդության մասին ցուցմունք է տվել ցմահ բանտարկության դատապարտված Բաշկիրիայից ընտրված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը հայտարարել է, թե լսել է Ուրալ Ռահիմովից Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի կառույցները «ԱՖԿ Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին վաճառելու ցանկության մասին: Ըստ նրա, նաև քննարկվել է որպես միջնորդ պարոն Հայրապետյանին ներգրավելու հնարավորությունը: Այս հայտարարության հիման վրա էլ ձերբակալվել է Հայրապետյանը, առավել ևս, որ քննությանը հայտնի է դարձել 50 մլն դոլարի մասին, որն իբր Հայրապետյանը ստացել է որպես միջնորդ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---