«Ապրող ծառ». Բնությանը չվնասող տոն

«Ապրող ծառ». Բնությանը չվնասող տոն

PanARMENIAN.Net - Երևանի կենդանաբանական այգում մոտ 500 դպրոցական մասնակցել է «Ապրող ծառ» բնապահպանական տոն-մրցույթին: Այգու մուտքը եղել է ազատ, ինչը բազմաթիվ այցելուների հնարավորություն է տվել դիտելու մրցութային աշխատանքները և պարզապես վայելելու տոնական մթնոլորտը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի կենդանաբանական այգու համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Ապրող ծառ» միջոցառումը սովորեցնում է տոներն անցկացնել՝ առանց բնությանը վնաս հասցնելու: Որոշակի կանոնների հետևելով՝ մրցույթ-փառատոնի մասնակիցներն անձամբ պատրաստել են զարդարանքներ՝ կիրառելով արդեն իսկ օգտագործված անպիտան իրերը: Պոլիէթիլենային շշերն ու բաժակները, հին ձայնասկավառակները, ստվարաթուղթն ու թելերը, ընդեղենի կեղևը և այլ նյութեր երեխաների ձեռքերով նոր շունչ են ստացել՝ վերածվելով բնապահպանական ինքնատիպ զարդարանքների:

«Կարևոր է, որպեսզի մարդիկ շրջակա միջավայրի նկատմամբ ուշադիր լինեն վաղ տարիքից: Այս միջոցառումների միջոցով մենք ցանկանում ենք խրախուսել երեխաներին, որպեսզի նրանք մտածեն բնության և դրա պահպանության գործում իրենց դերի մասին»,- նշել է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի բնապահպանական- կրթական նախագծի շրջանակում իրականացված հերթական միջոցառման նպատակը երիտասարդ սերնդի շրջանում բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունք ձևավորումն է:

Հատուկ նշանակություն ունի նաև մրցույթի խորագիրը՝ «Ապրող ծառ»: Ավելի վաղ` դեկտեմբերին, հիմնադրամը քարոզարշավ էր սկսել՝ բոլորին կոչ անելով հատված եղևնիների փոխարեն ավելի մատչելի գնով գնել կամ վարձակալել ապրո՛ղ ծառ. արմատները հողում սոճի կամ եղևնի, որը տոներից հետո կարող է տնկվել ետնաբակում, նվիրաբերվել որևէ կրթօջախի կամ վերադարձվել Երևանի կենդանաբանական այգի:

Մրցույթի մասնակիցները գնահատվել և մրցանակներ են ստացել երեք` լավագույն Էկո-տոնածառ, Էկո-ձնեմարդ և Սուրբ Ծննդյան մսուր անվակարգերում: Որպես մրցանակ տրվել են նաև բնության մասին գրքեր, կինոթատրոնի հրավիրատոմսեր, «Զու» ամսագրեր և այլն : «Կանաչ» և առողջ կենսակերպ խրախուսելու նպատակով, Երևանի կենդանաբանական այգին յուրաքանչյուր ամիս պատանի այցելուների համար անցկացնում է հեծանվի խաղարկություն, որի հաղթողն այս անգամ դարձել է 13-ամյա Նարինե Զախարյանը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի առաքելությունն է Հայաստանի բացառիկ բնական ժառանգության պահպանությունը: Աշխատելով վայրի բնության պահպանության, բնապահպանական կրթության և համայնքային զարգացման խաչմերուկում՝ հիմնադրամը կարևորում է գյուղական բնակչության ներգրավումը Հայաստանի կայուն առաջընթացում: Հիմնադրամի գործունեությունն ուղղված է մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմանը, որը նախապայման է Հայաստանի դրական զարգացման:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---