ԵՏՄ անդամակցումից հետո ՀՀ-ն արտահանման խնդիր չի ունենա. Համար մեկ խնդիրը սննդամթերքի որակն ու անվտանգությունն է

ԵՏՄ անդամակցումից հետո ՀՀ-ն արտահանման խնդիր չի ունենա. Համար մեկ խնդիրը սննդամթերքի որակն ու անվտանգությունն է

PanARMENIAN.Net - 2014 թվականը գյուղատնտեսության համար կարելի է համարել դժվարին տարի, քանի որ հենց գարնանը ցրտահարության պատճառով ծիրանի բերքը ցրտահարվեց և 85% բերքը կրճատվեց: Այս մասին դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ ամփոփելով գյուղատնտեսական տարին:

«Եղել են նաև ձեռքբերումներ, որոնք գյուղացիական տնտեսությունների քրտնաջան աշխատանքի շնորհիվ է եղել, ինչպես նաև՝ պետական աջակցության միջոցներով»,-հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանում վերամշակման ճյուղը բավականաչափ զարգացած է։

Մարտի 29-30-ին հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնը հսկայական վնաս հասցրեց գյուղատնտեսությանը:Ցրտահարությունների դեմ պայքարի այն ծրագիրը, որն օդերևութաբանական կանխատեսումների հիման վրա կազմել և գյուղացիներին էին ներկայացրել նախարարության մասնագետները արտակարգ իրավիճակներում գործելու իրական ակտիվության պայմաններում անգամ անզոր է եղել տարերքին համարժեք գործողություններ իրականացնել:

«Եթե համեմատենք տարածաշրջանի մյուս երկրների հետ, ապա անպայման պետք է նշենք, որ մեր երկրում վերամշակման ճյուղը խնդիրներ չի ունեցել: Վերամշակումը ժամանակին կատարվել է, վճարումները կատարվել են: Մեր արտադրանքը մրցունակ է, և ԵՏՄ-ի շուկայում այն լինելու է պահանջված»,-ընդգծել է Սերգո Կարապետյանը, մեջբերում է Tert.am-ը:

Նախարարն անդրադարձել է նաև արտահանմանը՝ նշելով, որ ԵՏՄ-ի լիիրավ անդամ դառնալուց հետո Հայաստանն այս առումով խնդիրներ չի ունենալու:

«Հունվարի 2-ից Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ ենք դառնում ու գյուղատնտեսության ոլորտում մեծ հաջողություն ենք ունենալու: Ինչպես արտահանումների, այնպես էլ գյուղոլորտի զարգացման առումով այս միությունը մեզ համար շատ կարևոր է, քանի որ տասնյակ տարիներ հայկական գյուղմթերքները արտահանել ենք ԱՊՀ երկրների շուկաներ, ամենամեծ շուկան մեզ համար դա է, և ավելի հեշտ է հաղորդակցվել իրենց հետ: Համոզված եմ, որ հաջորդ տարի արտահանման ծավալները կտրուկ կավելացնենք»,- ասել է Կարապետյանը:

Սակայն, ըստ նրա, արտահանումն ավելացնելու համար արտադրության ծավալները պետք է ավելացնել: Դրա համար մշակվել է ռազմավարություն, որով նախանշվել են այն ուղղությունները, որոնք կբերեն արտահանման ծավալների ավելացմանը:

Գյուղնախարարը նշել է, որ արդեն այս տարվա աշնանը գյուղացիական տնտեսությունների շրջանում այդ միտումը զգացվել է. եթե Արարատյան դաշտավայրում աշնանացան ցորեն էին ցանում, հիմա պակասեցրել են ցանքատարածությունը, որպեսզի այդ հողերում բանջարաբոստանային մշակաբույսեր մշակեն:

«Այսինքն` նրանք նպատակ ունեն ցորենից բացի նաև բանջարեղեն արտահանել»,- բացատրել է նա, մեջբերում է Panorama.am-ը:

Գյուղատնտեսության նախարարի խոսքերով` հայկական պանրի մեծ պահանջարկ ևս կա: Այս տարի արտահանվել է 1500 տոննա պանիր, բայց նպատակ ունեն արտահանման ծավալները ոչ միայն կրկնապատկել, այլև եռապատկել: ՍերգոԿարապետյանը համոզմունք է հայտնել, որ ինչպես թարմ պտուղ-բանջարեղենը, այնպես էլ վերամշակված պտուղ-բանջարեղենի, մսամթերքի, կաթնամթերքի, պահածոների, գինու, կոնյակի արտադրության ծավալները ավելացնելով արտահանման ծավալները կաճեն:

«Վերամշակող ձեռնարկություններն ունեն մեծ հնարավորություններ, հզորություններ: Օրինակ` մսամթերք վերամշակող ձեռնարկություններն աշխատում են իրենց հզորությունների 25%-ի չափով, այսինքն` մենք կարող ենք կրկնապատկել և եռապատկել այդ ծավալները: Իհարկե առաջին հերթին պետք է ապահովենք ներքին շուկան, իսկ մնացածը նոր միայն արտահանել»,- ասել է Կարապետյանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը: Փաստաթղթով նախատեսվում է, որ Հայաստանը միանում է ԵՏՄ մասին պայմանագրին, ինչպես նաև այլ միջազգային փաստաթղթերին, որոնք կնքվել են Մաքսային միության շրջանակում: Ենթադրվում է, որ կվերանայվեն ԱՀԿ անդամ Հայաստանի սակագնային պարտավորությունները, ինչպես նաև կներդաշնակեցվի ԵՏՄ Միասնական մաքսային սակագինը:Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին: Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»:

Գյուղատնտեսության նախարարը նշել է նաև, որ այսօր թիվ մեկ խնդիրը մնում է սննդամթերքի որակն ու սննդամթերքի անվտանգությունը: Նրա խոսքերով` եթե Հայաստանը նպատակ ունի ավելացնել գյուղմթերքների արտահանման ծավալները, ապա պետք է այնպիսի արտադրանք թողարկվի, որը մրցունակ լինի նաև միջազգային շուկայում: Անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերում այն խոսակցություններին, որ գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունները պետք է միավորվեն, գյուղնախարարն ասել է՝ «փողոցային խոսակցություններին չեմ արձագանքում»:

Լրագրողի դիտարկմանը, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանն է խոսել օպտիմալացման մասին, նախարարն արձագանքել է. «Օպտիմալացում ասվել է, բայց վարչապետն ասե՞լ է, թե գյուղատնտեսության նախարարությունը միացվելու է բնապահպանության նախարարությանը»:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում վավերացվելուց հետո:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---