Հունվարի 1-ից կարգելվի ՌԴ որոշ ապրանքների ներկրում Ադրբեջանից, Վրաստանից և մի քանի այլ երկրից

Հունվարի 1-ից կարգելվի ՌԴ որոշ ապրանքների ներկրում Ադրբեջանից, Վրաստանից և մի քանի այլ երկրից

PanARMENIAN.Net - 2015-ի հունվարի 1-ից Ռուսաստանն արգելք է սահմանում կարանտինի ենթակա արտադրանքի ներմուծման համար Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ադրբեջանից, Մոլդովայից, Վրաստանից, Ուկրաինայից և ԵՄ երկրներից: Այսպիսով արգելվում է մրգի ու բանջարեղենի (ինչպես թարմ, այնպես էլ չորացրած), կանաչիի, չորացրած կանաչիի, թեյի, ընկույզի և Մաքսային տարածքից դուրս արտադրված մի շարք այլ ապրանքների ներկրումը Ռուսաստան, հայտնում է Ռոսբալտը:

Անդրադառնալով այդ որոշմանը, ադրբեջանցի տնտեսագետ Օքտայ Ախվերդիևը կարծիք է հայտնել, որ այն քաղաքական ենթատեքստ չունի:

«Ես այստեղ սենսացիա չեմ տեսնում, ուղղակի խստացվում է ֆիտոսանիտարական հսկողությունը: Կարանտինի ենթակա ապրանքները պետք է ստուգվեն համապատասխան կառույցների կողմից, և եթե այն համապատասխանի նորմերին, կներկրվի: Այդպես պետք է լինի, առավել ևս, որ այդպիսի ազդանշան արդեն եղել է՝ բելառուսական միսը չէր ներմուծվում Ռուսաստան, քանի որ աֆրիկյան ժանտախտով էր վարակված»,-ասել է նա:

Ախվերդիևը նշել է, որ կարանտինի ենթակա որոշ արտադրանքի ներկրումը Ռուսաստան որոշակի խնդիրներ կստեղծի ադրբեջանցի ֆերմերների ու ձեռներեցների համար, հատկապես կենդանիների վաճառքով զբաղվողների համար՝ այդ թվում նաև երկարացնելով անհրաժեշտ ընթացակարգերը: Ըստ նրա, այլ հարց է, թե այդ արգելքը կարող է օգտագործվել կաշառք ստանալու նպատակով: «Նման փաստեր միշտ են եղել»,-ասել է փորձագետը:

Կարանտինային ֆիտոսանիտարական հսկողության ենթակա արտադրանքի ցանկը Մաքսային միության մաքսային սահմանին և ՄՄ մաքսային տարածքում հաստատվել է ՄՄ Հանձնաժողովի 2010 թ. հունիսի 18-ի որոշմամբ: Կարանտինի ենթակա ցանկացած ապրանք արգելվում է ներկրել ՌԴ Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Վրաստանից և ԵՄ երկրներից: Նման արտադրանքի ներմուծումը ՌԴ անձամբ և ուղեբեռում, այդ թվում նաև փոտով, այլ երկրներից թույլատրվում է, եթե նման արտադրանքը չի գերազանցում 5 կգ: Բացառություն են կազմում սերմերը, տնկանյութն ու կարտոֆիլը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---