«Փարաջանով» ֆիլմը ներկայացվել է ֆրանսիացի հանդիսատեսի դատին (վիդեո)

«Փարաջանով» ֆիլմը ներկայացվել է ֆրանսիացի հանդիսատեսի դատին

PanARMENIAN.Net - Սերժ Ավեդիքյանի ևԵլենա Ֆետիսովայի հեղինակած«Փարաջանով» ֆիլմը ներկայացվել է ֆրանսիացի հանդիսատեսի դատին: Ինչպես հայտնում է Epochtimes.com.ua-ն, ցուցադրությունը կայացել է հունվարի 7-ին:

Հունվարի 9-ին՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը, այն կհեռարձակվի Ուկրաինայի Առաջին ազգային ալիքով:

Մինչդեռ, հունվարի 8-ին Թբիլիսիի Ազգային գրադարանում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի 91-ամյակին նվիրված երեկո, որի կազմակերպիչն է «Վիրահայերի միությունը»:

«Մենք կազմակերպել ենք երեկոն Վրաստանի մշակույթի նախարարության և Երևանի Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանի հետ համատեղ: Երեկոն կբացվի լուսանկարիչ Յուրի Մեչիտովի և նկարիչ Արտեմ Ալաբուլյանցի աշխատանքների ցուցադրությամբ: Այնուհետև Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանները հանդես կգան Սայաթ-Նովայի ստեղծագործությունների կատարմամբ»,- ասել է «Վիրահայերի միության» նախագահ Մարիամ Առաքելովան:

Ըստ նրա, երեկոյի ընթացքում կցուցադրվի նաև Փարաջանովին նվիրված վավերագրական ֆիլմը, հյուրերի համար ելույթ կունենան վրացական ազգային պարի «Ռուսթավի» և հայկական ժողովրդական պարի «Ջեյրան» համույթները, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն:

«Փարաջանով» լիամետրաժ ֆիլմը նկարահանվել է Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի ու Հայաստանի համատեղ ուժերով։ Այն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին է, որի վարքագիծը չէր համապատասխանում խորհրդային համակարգին։ Իր էքսցենտրիկ բնավորության պատճառով ռեժիսորը հայտնվում է բանտում, որտեղ կյանքին նրան օգնում է դիմակայել գեղեցիկի հանդեպ սերը։ «Փարաջանովի» հայաստանյան պրեմիերան կայացել է 2013-ի հուլիսին՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման օրը, իսկ Ուկրաինայում այն էկրան է բարձրացել սեպտեմբերի 26-ին: Ֆիլմի բյուջեն կազմել 1 մլն 980 հազար եվրո էր, որի կեսը տրամադրել էր Կինոյի հարցերով Ուկաինայի պետական գործակալությունը:

Սերգեյ Փարաջանովին նվիրված մոտ 20 ֆիլմ կա, 1991-ից Երևանում գործում է նրա տուն-թանգարանը, որտեղ հավաքված են ռեժիսորի գծանկարները, կոլաժները, մանրանկարներն ու Թբիլիսիի բնակարանից բերված իրերը: 2005-ից «Ոսկե ծիրան» կինոփառատոնը սահմանել է Փարաջանովի անվան՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակը: Իր առաջին լիամետրաժ «Անդրիեշ» ֆիլմը ռեժիսորը նկարահանել է 1955-ին, ապա՝ «Առաջին տղան», «Ուկրաինական ռապսոդիան», «Ծաղիկը քարի վրան»: Համաշխարհային ճանաչման Փարաջանովն արժանացավ 1964-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները» կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքն ու 28 պարգև ստացել: Ֆիլմն ուկրաինացիների էթնիկական խմբի՝ գուցուլների մասին է. այստեղ ներկայացված են ոչ միայն ժողովրդական ծեսերը, հավատալիքները, տոնախմբությունների գունագեղ ու խորհրդավոր աշխարհը, այլև բացահայտված է մարդու ներաշխարհը:

1966-ին սկսել է աշխատել «Կիևյան որմնանկարներ» կինոնկարի վրա, բայց այն արգելեցին, այդտեղից մի քանի կադր է պահպանվել: Նրա արվեստի ինքնատիպությունը հաստատվել է 1969-ին սեփական սցենարով ստեղծած «Նռան գույնը» ֆիլմով: Փարաջանովի ստեղծագործական գործունեությունն ընդհատվել է 1973-ի դեկտեմբերի 17-ին, երբ՝ մեղադրելով արվամոլության մեջ, նրան դատապարտեցին 5 տարի ազատազրկման: 4 տարի անց ֆրանսիացի հայտնի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ նրան ազատ արձակեցին, բայց1982-ին Փարաջանովը կրկին ձերբակալվեց ու 11 ամիս պահվեց Օրթաճալայի բանտում: Բայց անգամ այնտեղ ռեժիսորը շարունակում էր ստեղծագործել՝ ինքնագործ թատրոն, կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ:

Փարաջանովի վերջին՝ «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմը հիվանդության պատճառով անավարտ մնաց, բայց նյութերն ամբողջությամբ օգտագործվեցին Միքայել Վարդանովի «Փարաջանով. Վերջին գարունը» վավերագրական ֆիլմում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---