Մոգերինի. ԵՄ-ն երբեք չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին

Մոգերինի. ԵՄ-ն երբեք չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին

PanARMENIAN.Net - Արտաքին քաղաքականության և անվտանգության գծով Եվրամիության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը երբեք չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին:

«Մենք երբեք չենք ընկալի սահմանների ուժային փոփոխությունը: Ոչ այժմ, ոչ այս դարում, ոչ էլ այս հազարամյակում, դա անհնար է»,- ասել է Մոգերինին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում՝ Ուկրաինային նվիրված բանավեճի ժամանակ, հայտնում է Ռոսբալտը:

Նա նաև կողմ է արտահայտվել ՌԴ դեմ գործող պատժամիջոցների պահպանմանը, եթե իրավիճակն Ուկրաինայում չփոխվի:

«Պետք է հստակ ասել, որ պատժամիջոցները կապված են իրավիճակի հետ, ուստի այս հարցում փոփոխություններ կլինեն իրավիճակի փոփոխության դեպքում՝ կնվազեն, կամ կխստացվեն: Կամ չեն փոփոխվի, եթե զարգացում չլինի»,-ասել է դիվանագետը:

Միևնույն ժամանակ Մոգերինին հավանություն է տվել քաղաքական երկխոսությանը Մոսկվայի հետ: «Դա չի նշանակում, որ մենք չպետք է խոսենք: Մենք պետք է խոսենք, և ուկրաինացիները պետք է խոսեն ռուսների հետ: Իմ դերը այդ բանակցություններին նպաստելն է»,-ասել է նա:

Բանավեճի ժամանակ Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Էլմար Բրոկը հայտարարել է, որ Եվրամիությունը չպետք է քննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից հրաժարվելու հարցը:

Եվրամիությունն ու ԱՄՆ-ն տնտեսական պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ ուկրաինական ճգնաժամի, Ղրիմը ՌԴ-ին միացնելու և Ուկրաինայի արևելքում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ են սահմանվել մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: Ռուսական ընկերություններին արգելել են վարկեր վերցնել Արևմուտքում 30 օրից ավելի ժամկետով, արգելված է երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան, նախատեսված հորատման և երկրաբանական հետախուզության համար: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով: Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Ուկրաինայի արևելքում իրավիճակի պատճառով նվազեցրել են տնտեսության աճի տեմպերը, սաստկացրել գնաճն ու ռուբլու անկումը: 2014-ի ավարտին ԱՄՀ-ն ակնկալում է ՌԴ-ում ՀՆԱ 0,2 տոկոս աճ:

Մինչդեռ ավելի վաղ հայտարարվել էր, որ Եվրամիության երկրների իշխանությունները միտված են մեղմացնելու Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները: Բրյուսելում պատրաստված փաստաթղթում, որը քննարկման կդրվի անդամ պետություններում, առաջարկվում է քննարկել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը, այդ թվում վերսկսել բանակցությունները մուտքի արտոնագրերից զերծ ռեժիմի մասին:

Փաստաթուղթը, որը դեռ չի ներկայացվել ԵՄ երկրների ներկայացուցիչներին, նախապատրաստվել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության կողմից ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ, որը կայանալու է հունվարի 19-ին: Առաջիկա հանդիպման գլխավոր թեման կլինի քաղաքականությունը Ռուսաստանի հարցում միջնաժամկետ հեռանկարում: Փաստաթղթում ասված է, որ ԵՄ-ն չի կարող վերադառնալ այն սկզբունքներին, որոնց հիման վրա նախկինում կառուցվում էին հարաբերությունները ՌԴ հետ: Միևնույն ժամանակ փաստաթուղթն առաջարկում է աստիճանաբար մեղմացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նշվում է, որ դա կախված կլինի Ուկրաինայում կրակի դադարեցման ու հրադադարի մասին համաձայնագրերի լիարժեք կատարումից: Բրյուսելում ակնկալում են նաև, որ Ռուսաստանը կկատարի իր պարտավորությունները Ուկրաինայի հանդեպ գազի հարցում և չի խոչընդոտի Ուկրաինայի և ԵՄ միջև ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական ու քաղաքական հոդվածների կատարմանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---