ԶԼՄ-ներ. Ահաբեկիչները Բելգիայում «երկրորդ Փարիզ» էին ծրագրում

ԶԼՄ-ներ. Ահաբեկիչները Բելգիայում «երկրորդ Փարիզ» էին ծրագրում

PanARMENIAN.Net - Ահաբեկիչները, որոնցից երկուսը ոչնչացվել են, իսկ մեկը ձերբակալվել Բելգիայում հունվարի 15-ին, ահաբեկչական գործողություններ էին ծրագրում, որոնք կարող էին «երկրորդ Փարիզը» դառնալ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը բելգիական ԶԼՄ-ների վրա հղումով:

Հունվարի 15-ի առավոտյան Բելգիայի իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործողություն են անցկացրել Վերվիե քաղաքում, որի արդյունքում ենթադրյալ ահաբեկիչներից երկուսը ոչնչացվել է, մեկը՝ ձերբակալվել: Երկրի որոշ շրջաններում բարձրացվել է ազգային անվտանգության սպառնալիքի մակարդակը: Ինչպես հայտարարել է Բելգիայի դատախազության ներկայացուցիչ Էրիկ վան դեր Զիպտը, ստուգումներ են անցկացվել Սիրիայից վերադարձած ենթադրյալ ահաբեկչների շրջանում, որոնք «մասշտաբային գործողություններ» էին ծրագրում, նրանց մեղսակցությունը Փարիզում կատարված ահաբեկչություններին ապացուցված չէ: «Կանխվեց երկրորդ Փարիզը: Մի քանի ժամ էր մնում երկրում ահաբեկչական գործողությունների մեկնարկին»,-հայտարարել է աղբյուրն արդարադատության նախարարությունում:

Ըստ տեղի ԶԼՄ-ների, հակաահաբեկչական գործողության ժամանակ ոստիկանությունն առգրավել է զենք, պայթուցիկ նյութեր ու «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման մի քանի դրոշ: Այս գործողությունները լայնածավալ ոստիկանական գործողության մի մասն էին միայն ենթադրյալ գրոհայինների դեմ, ուստի առաջիկայում ձերբակալվածների թիվը կարող է համալրվել:

Ահաբեկչական գործողությունների շարքը Ֆրանսիայում սկսվեց հունվարի 7-ի առավոտյան երգիծական Charlie Hebdo թերթի խմբագրության վրա հարձակմամբ: Երեք օրում 17 մարդ զոհվեց, այդ թվում երեք ոստիկան: Հունվարի 9-ի երկու հատուկ գործողությունների հետևանքով երեք ահաբեկիչ ոչնչացվեց: Դրանից հետո Եվրամիության ոստիկանական ծառայությունը՝ Եվրոպոլը, զգուշացում տարածեց Եվրոպայի մի շարք երկրներում նոր ահաբեկչությունների մասին: Որպես ամենահավանական թիրախներ նշվել են Բելգիան, Նիդերլանդներն ու Մեծ Բրիտանիան:

Հունվարի 11-ին ամբողջ Ֆրանսիայի տարածքում մոտ 3,7 մլն մարդ մասնակցեց Charlie Hebdo հանդեսի խմբագրության վրա հարձակման զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին: Ըստ իրավապահների, միայն Փարիզում Միասնության երթին մասնակցել է 1,6 մլն մարդ: Փարիզի ակցիային մասնակցել է նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---