ՌԴ-ում Էբոլայի վիրուսի կասկածանքով 40 մարդ է հետազոտվել

ՌԴ-ում Էբոլայի վիրուսի կասկածանքով 40 մարդ է հետազոտվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանում Էբոլայի տենդի կասկածանքով 40 մարդ է հետազոտվել: Բոլոր դեպքերում ախտորոշումը չի հաստատվել, հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան, հայտնում է Lenta.ru-ն «Ինտերֆաքսին» հղումով:

Առողջպահության համամաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2014-ի վերջում վարակվածների թիվն անցում էր 5000-ը: Էբոլայից արդեն մահացել է 2.600 մարդ: Վիրուսի դեմ պայքարում պահանջվում է $1 մլրդ: Վիրուսի դեմ դեղամիջոց դեռևս չի հայտնաբերվել: ԱՀԿ-ն խոստանում է այն ստեղծել մինչև 2015-ը: 2014-ի սեպտեմբերին ՄԱԿ Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները կողմ են քվեարկել բանա ձևին, որով Էբոլայի վարակն աշխարհի խաղաղության ու անվտանգության համար սպառնալիք ճանաչվեց:

«Դիտարկման ամբողջ ընթացքում ինֆեկցիոն հիվանդությունների ախտանիշներով հոսպիտալացվել և Էբոլայի տենդի կասկածանքով հետազոտվել է մոտ 40 մարդ: Բոլոր արդյունքները բացասական են եղել: Բոլոր անհրաժեշտ միջոցառումներն անցկացվել են»,- ասել է ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկը:

Երկրում ստուգվում են բոլոր ուղևորները, որոնք ժամանում են այն երկրներից, որտեղ Էբոլայի բռնկում է արձանագրվել: Ընդհանուր առմամբ դիտարկման ընթացքում ՌԴ 52 սուբյեկտի տարածք է ժամանել նման մոտ 4,5 հազար անձ:

Էբոլայի տենդի համաճարակը բռնկվեց Արևմտյան Աֆրիկայում, առաջին դեպքերը գրանցվեցին 2014-ի փետրվարին Գվինեայում: Վարակը շուտով դուրս եկավ երկրի տարածքից ու տարածվեց նաև Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Նիգերիայում, Սենեգալում, ԱՄՆ-ում, Իսպանիայում ու Մալիում: Ըստ հունվարի 7-ի տվյալների, վիրուսով վարակված է մոտ 20,7 հազար մարդ, 8,2 հազարը մահացել է:

Էբոլայի հեմորագիկ տենդը համանուն վիրուսով վարակման արդյունքում առաջացող հիվանդություն է, որի պատ-առով մահացության մակարդակը հասնում է 90 տոկոսի: Էբոլայի վիրուսի կրողը շիմպանզեն, պրիմատներն են, ինչպես նաև որոշ խոշոր եղջերավորներ:

Տենդի ինկուբացիոն շրջանը 2-21 օր է: Հիվանդությունն ընթանում է ուժեղ գլխացավով, ընդհանուր հոգնածությամբ, լուծով, երիկամների ու լյարդի գործառույթների խախտմամբ, մկաններում և որովայնի հատվածում, ինչպես նաև թոքերի ցավերով և ուժեղ հազով: Սովորաբար մահը վրա է հասնում երկրորդ շաբաթում արյունահոսությունից և շոկից: Էբոլայի վիրուսը փոխանցվում է վարակակիր մարդու արյան, արտաթորանքի, այլ հեղուկների ու օրգանների հետ անմիջական շփման արդյունքում:

Առաջին անգամ հիվանդությունն ախտորոշվել է 1976-ին՝ Աֆրիկայում՝ Սուդանում և Զաիրի (այժմ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն) հարակից շրջաններում: Սուդանում հիվանդացել էր 284 մարդ, որոնցից 151-ը մահացել էին: Զաիրում հիվանդացել էր 318 մարդ, մահացել՝ 280-ը: Վիրուսն ախտորոշվել էր Զաիրի Էբոլա գետի շրջակայքում, որն էլ անուն տվեց վիրուսին: Մի քանի անգամ բռնկումներ եղան Կոնգոյում և Ուգանդայում: Օրինակ, 2012-ի հուլիսին Ուգանդայում 14 մարդ էր մահացել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---