Կասպրշիկը ԼՂՀ-ում է. Քննարկվել են շփման գծում իրավիճակն ու ԵԱՀԿ դիտարկման ժամանակ կրակոցը

Կասպրշիկը ԼՂՀ-ում է. Քննարկվել են շփման գծում իրավիճակն ու ԵԱՀԿ դիտարկման ժամանակ կրակոցը

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից զինադադարի կոպիտ խախտումներին՝ երկրի ղեկավարը նշել է, որ Բաքվի նման քաղաքականությունը վտանգում է կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում և լուրջ հարված հասցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմից:

Բակո Սահակյանն ընդգծել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը համապատասխան գնահատական տալու և այս ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը:

Հունվարի 17-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի հրադադարը խախտել է մոտ 400 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4557 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կիրառել է նաև ականանետեր, նռնականետեր, ենթափողակալներ, դիպուկահար հրացաններ և գնդացիրներ:

Ավելի վաղ Անջեյ Կասպշիկին ընդունել է նաև Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը: Հանդիպմանը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումներին վերաբերող հարցեր:

Անդրադարձել են նաև հունվարի 14-ին շփման գծի՝ ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով ընդհատված պլանային դիտարկմանը։

Այդ օրը շփման գծում պլանային դիտարկման ժամանակ ղարաբաղյան կողմը միջնորդների ներկայացուցիչներին դուրս էր բերել իր առաջապահ դիրքեր, սակայն ադրբեջանցիների արձակած կրակոցի պատճառով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներն անվտանգության նկատառումներից ելնելով նպատակահարմար էին գտել ընդհատել այն:

Կարեն Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից անվտանգության երաշխիքների այդպիսի կոպիտ խախտումն իրավիճակի սրմանն ուղղված պաշտոնական Բաքվի որդեգրած քաղաքականության հերթական դրսևորումն է։ Զրուցակիցները երկուստեք կարևորել են շփման գծում կայունության պահպանման անհրաժեշտությունը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---