ԽՍՀՄ ՊՆ ղեկավար. Ադրբեջանցիները հայերին դուրս էին նետում պատուհաններից

ԽՍՀՄ ՊՆ ղեկավար. Ադրբեջանցիները հայերին դուրս էին նետում պատուհաններից

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դմիտրի Յազովը, որը գլխավորում էր խորհրդային զորքերի մուտքը Բաքու 1990-ի հունվարի 20-ին, ադրբեջանական Haqqin.az պորտալի փոխանցմամբ, հարցազրույց է տվել «Լիդեր ՏՎ»-ին: Նա մասնավորապես ասել է. «Իմ պարտքն եմ կատարել: Քաղաքացիական պատերազմների ժամանակ միշտ են մարդիկ զոհվում: Ես եմ զորքեր մտցրել, բայց ես չեմ հրամայել կրակել… Մենք ոչ ոքի չենք սպանել: Ինձ չի զեկուցվել մեր զինվորների կողմից գեթ մեկ մարդու սպանության մասին: Ոչինչ չգիտեմ տանկի տակ մնացած «շտապ օգնության» մեքենայի մասին: Բաքվում ընդհանրապես տանկեր չկային, Բաքվում հետևակի մարտական մեքենաներ էին»:

1990-ի հունվարի 12-13-ը հայերի ջարդերը Բաքվում ստացան կազմակերպված ու զանգվածային բնույթ: Հունվարի 13-ին՝ ժամը 17:00-ից հետո, մոտ 50-հազարանոց ամբոխը, որը հանրահավաքի էր դուրս եկել Լենինի հրապարակում, բաժանվեց խմբերի ու սկսեց անցնելով տուն առ տուն «մաքրել» քաղաքը հայերից: Սա անարգել շարունակվեց մինչև հունվարի 19-ը ներառյալ: Ըստ տարբեր գնահատականների, մոտ 400 մարդ սպանվեց, գրեթե 200 հազար հայ վտարվեց Ադրբեջանի մայրաքաղաքից: Բաքվում զոհվածների ճշգրիտ թիվն անհնար է պարզել, քանի որ ջարդերի վերաբերյալ քննություն չի անցկացվել: Խաղաղ բնակիչների կոտորածը շարունակվեց մինչև հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները:

«Գորբաչովը հրավիրեց Կրյուչկովին, ինձ ու Բակատինին, ասաց, որ վիճակը Բաքվում շատ լարված է, որ հեռախոսազրույց է ունեցել Բաքու գործուղված Գիրենկոյի և Պրիմյակովի հետ, որոնք կարծում են, որ Բաքվում անհապաղ պետք է արտակարգ իրավիճակ հայտարարել, քանի որ «ադրբեջանցիները դուրս են նետում հայերին պատուհաններից, մեծ արյունահեղության վտանգ կա»: Կրյուչկովն այն ժամանակ խորամանկեց՝ իր փոխարեն տեղակալ Բոբկովին ուղարկելով: Իսկ ես ինքս մեկնեցի, և արդյունքում ես էի ավագը պատվիրակության կազմում»,- պատմել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարը:

Ըստ Յազովի, նա հայտարարեց արտակարգ դրություն մտցնելու մասին ցերեկը ժամը 3-ին: Մեկնելով Մոսկվայի Չկալովի օդանավակայանից՝ նա արդեն հրաման էր արձակել, թե որ դեսանտային գնդերը պետք է գործուղվեն Բաքու: «Մենք ռադիոյով հայտարարեցինք քաղաք զորքեր մտցնելու մասին, սակայն հեռուստատեսությամբ չկարողացանք հայտարարել, քանի որ այն պայթեցրել էին: Չգիտեմ, թե ով: Սակայն ռադիոյով մենք հայտարարեցինք, որ խնդրում ենք մարդկանց դուրս չգալ փողոց, քանի որ զորքեր են մտցվում քաղաք: Ընդ որում, զորքերը մտցվում էին իրավիճակը կայունացնելու նպատակով, թույլ չտալու համար բախում հայերի ու ադրբեջանցիների միջև»,-պատմում է Յազովը:

Ադրբեջանցի ջարդարարներին, որոնք ոչնչացվեցին խորհրդային զորքերի կողմից, Ադրբեջանի ղեկավարությունը «շահիդներ» հռչակեց: Ըստ պաշտոնական տվյալների, «հունվարի 20-ի» իրադարձությունների ժամանակ 131 քաղաքացիական անձ է սպանվել:

Ականատեսների վկայություններից. «Կատաղած ամբոխը ծեծել է առնվազն 25 հոգու Բաքվի հայկական թաղամասում»: «Խուլիգանների խումբը հանցագործություններ է կատարել, հաղորդում է խորհրդային ՏԱՍՍ գործակալությունը` նկարագրելով հարձակումները որպես Ադրբեջանի հայ փոքրամասնության «ջարդեր»: Նախնական տեղեկությունների համաձայն, սպանվածների թիվը հասնում է 25-ի»:

Բաքվի կենտրոնական փողոցներից մեկը` Լենինի փողոցը, ողողված էր արյամբ: Բաքվում բնակվող ռուսները սարսափով են հիշում հայերի ջարդերը, որոնց վրա կրակել են, ցած նետել պատշգամբներից, ողջակիզել և նույն անդամատվել ադրբեջանցիների գազազած ամբոխի կողմից: «Մենք այստեղ տեսել ենք ամենաանգութ մարդասպաններին: Հարձակվել են կանանց ու տղամարդկանց, երիտասարդների ու տարեցների վրա միայն այն պատճառով, որ նրանք հայ են: Ադրբեջանում հայ լինելը նշանակում էր լինել նախօրոք մահվան դատապարտված»,- հեռախոսով պատմել է վետերան լրագրողը Բաքվից:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---