ՌԴ նախագահի խոսնակ. Պերմյակովին դատելու է ռուսական դատարանը ՌԴ օրենքով

ՌԴ նախագահի խոսնակ. Պերմյակովին դատելու է ռուսական դատարանը ՌԴ օրենքով

PanARMENIAN.Net - Քանի որ ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը Ռուսաստանի քաղաքացի է, ապա կպատժվի ռուսաստանյան օրենքներով, կլինի ռուսաստանյան դատավարություն: Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ԳԱԼԱ»-ն: Այնուամենայնիվ, նա նշել է, որ այս օրերին Գյումրիում է Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարը և ՌԴ նախագահի հանձնարարությամբ նա աշխատում է հայ քննիչների հետ, որոնք մասնակցում են քննչական գործողություններին, այդ պատճառով էլ քննությունը համատեղ է:

«Կլինի ռուսաստանյան դատավարություն և այս պարագայում Ռուսաստանի օրենսդրությունը նման հրեշավոր հանցագործությունների նկատմամբ բացարձակ անգութ է»,- նշել է Պեսկովը:

Հարցին, թե կարող են արդյոք Ավետիսյանների հուղարկավորությանը հաջորդած բողոքի ակցիաները Գյումրիում և հնարավոր հակառուսական տրամադրությունները վատթարացնել հայ-ռուսական հարաբերությունները, Պեսկովը պատասխանել է, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը համընդհանուր ողբերգություն է՝ ինչպես հայ, այնպես էլ ռուս ժողովրդի համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական մարմինները Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության քննությունն արդյունավետ կազմակերպելու համար համակարգող մարմին են ստեղծելու: Ըստ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի, թե ռուսական, թե հայկական կողմը քննություն են իրականացնում, և պայմանավորվել են համատեղ, փոխհամագործակցված գործողություններ իրականացնել:

«Ռուսաստանում ևս բոլորը սգում են: Գիտենք, որ փորձում են ողբերգությունը քաղաքականացնել և օգտագործել որպես հակառուսական տրամադրություններ սերմանելու գործիք, սակայն մեր հույսը հայ ժողովրդի իմաստնությունն է, որն իր պատմության ընթացքում շատ բան է տեսել և գիտի, թե որքան մոտ են մեր երկրներն ու երկու ժողովուրդները: Այդ պատճառով ուզում ենք հավատալ, որ դա բացասական ազդեցություն չի ունենա մեր հարաբերությունների վրա, առավել ևս, որ այս օրերին նոր էջ է բացվում մեր գործակցության պատմության մեջ, ի նկատի ունեմ Հայաստանի անդամագրումը Եվրասիական տնտեսական միությանը»,- հավելել է Պեսկովը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե եթե ՌԴ-ն հրաժարվի Պերմյակովին հանձնել հայկական իրավասու մարմիններին, ապա կարող են հակառուսական տրամադրություններ առաջանալ, Պեսկովը նշել է, որ այժմ քննչական դատավարական համատեղ գործողությունները դեռ ընթացքի մեջ են և սխալ կլինի այդ առումով ինչ-որ բան ասել:

«Եկեք սպասենք գործողությունների և դատավարության ավարտին և հետո նոր կխոսենք այդ մասին: Այս պահին ոչինչ չեմ կարող ասել»,- եզրափակել է ՌԴ նախագահի խոսնակը:

Գործի շրջանակում հայկական կողմի մոտ մի շարք հարցադրումներ են ծագել, որոնք առնչվում են նաև ռուսական կողմին, ինչի արդյունքում էլ անհրաժեշտություն է առաջացել նրանց օգնությունը ռազմաբազայի տարածքում, և հակառակը՝ նրանց կողմից քննվող գործի շրջանակում անհրաժեշտություն են ունենալու Հայաստանում որոշակի գործողություններ կատարել:

Ավելի վաղ Բրյուսելում Հայաստան-ԵՄ գործակցության խորհրդի 15-րդ նիստին հաջորդած մամուլի ասուլիսին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝անդրադառնալով Գյումրիի ողբերգությանը, նշել է, որ հայկական կողմը լիահույս է՝ քննությունը կավարտվի որքան հնարավոր է շուտ և մեղավորները կպատժվեն օրենքին համապատասխան:

«Իհարկե, այս սոսկալի հանցագործությունը Հայաստանի հանրային կարծիքում շատ բնական մարդկային վրդովմունք և զայրույթ էր առաջացրել: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, ապա մենք ունենք ամուր, դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ ՌԴ հետ և շարունակելու ենք համատեղ ջանքերով դրանք առավել ընդլայնել և ամրապնդել»,- նշել է Նալբանդյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---