Լավրովը կոչ է արել չքաղաքականացնել Գյումրիի ողբերգությունը. Դա անթույլատրելի է

Լավրովը կոչ է արել չքաղաքականացնել Գյումրիի ողբերգությունը. Դա անթույլատրելի է

PanARMENIAN.Net - Ռուս-հայկական դաշնակցային ու ռազմավարական գործընկերության հարաբերությունները չեն տուժի Գյումրիի ողբերգությունը քաղաքականացնելու փորձերից: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2014-ի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:

«Մենք տեսնում ենք այդ իրավիճակը քաղաքականացնելու փորձեր,- ասել է նա: -Դրանք չեն բխում Հայաստանի, կամ ՌԴ ղեկավարությունից: Քիչ չեն այդ ողբերգությունն օգտագործելու ցանկացողները՝ ինչ-ինչ աշխարհաքաղաքական առավելությունների հասնելու միտումով»:

«Դա զազրելի է, անթույլատրելի է, պատշաճ չէ հպարտ հայ ժողովրդին, որը, գիտեմ՝ երբեք չի գնա նման սադրանքների: Վստահ եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները՝ դաշնակիցների և ռազմավարական գործընկերների, չեն տուժի»,- ասել է նա:

ՌԴ ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել Ավետիսյանների ընտանիքի մահվան կապակցությամբ:

«Մենք սգում ենք Հայաստանի հետ և ամեն ինչ կանենք, որպեսզի հանցագործությունն անպատիժ չմնա, որպեսզի մեղավորն ամենախիստ պատիժը կրի: Մենք ամեն ինչ կանենք, որ նման բան չկրկնվի»,- ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Լավրովը հաստատել է, որ դատավարությունը Հայաստանում է անցնելու, որ այն համատեղ և առավելագույնս բաց է լինելու:

«Վստահ եմ, որ դատարանն արագ կկայացնի օբյեկտիվ ու համարժեք դատավճիռը՝ համարժեք այդ սարսափելի հանցագործությանը»,- ասել է նախարարը:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը՝ Ավետիսյան Սերյոժա Կարապետի, Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի, Ավետիսյան Աիդա Սերյոժայի, Ավետիսյան Արմեն Սերյոժայի, Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի, Ավետիսյան Հասմիկ Արմենի (2 տ.): Ավելի ուշ հայ-թուրքական սահմանը հատելու ժամանակ հայտնաբերված կասկածյալ՝ 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող, Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել, ապա նա ընդունել էր իր կատարած հանցանքը։

Ընտանիքի մյուս երեխան՝ 2014-ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվել էր: Հունվարի 19-ին երեխան մահացել էր:

Հունվարի 21-ին Գյումրիում հուղարկավորել են 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին:

Մինչ այդ նախօրեին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը համաձայնագիր ենստորագրելդեպքի առթիվ հարուցված քրգործի քննության ընթացքում գործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ երկու կառույցի նախագահները կարևորել են կատարված սպանության լիարժեք բացահայտումը, բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտումը և պայմանավորվել իրականացնել համատեղ ու փոխհամագործակցված գործողություններ: Քննության ընթացքում համատեղ գործողությունների իրականացումը կկազմակերպի համաձայնագրով ստեղծված շտաբը: Դրա կազմում 10 անձ է` ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ:

Քրեական գործի քննությունը և բոլոր դատավարական գործողությունները կիրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նաև՝ «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրով սահմանված սկզբունքների համաձայն:

Հանդիպմանը ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինը հավաստիացրել է, որ Պերմյակովի նկատմամբ քրգործի քննությունը, նախաքննությունը և հետագայում դատավարությունը կկայանա Հայաստանի տարածքում:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Պերմյակովին դատելու է ռուսական դատարանը ՌԴ օրենքով:

Ընթերցեք նաև. ՌԴ նախագահի խոսնակ. Պերմյակովին դատելու է ռուսական դատարանը ՌԴ օրենքով

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---