22 հունվարի 2015 - 18:51 AMT
Սոցհարցում. 31 երկրի երիտասարդների 77%-ը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

Փարիզում հունվարի 21-ին ներկայացված «Գալիք հիշողություններ» անվանումը կրող սոցիոլոգիական հարցումների արդյունքում պարզվել է, որ տարբեր երկրների երիտասարդների մոտ 77%-ը 1915-ին Օսմանյան կայսրության իրականացրած հայերի կոտորածը համարել է ցեղասպանություն:

Ինչպես հաղորդում է Nouvelle d’Armenie-ն՝ վկայակոչելով Agence France Presse գործակալությանը, հարցախույզն անցկացվել է աշխարհի 31 երկրում՝ 16-29 տարեկան երիտասարդների շրջանում, որի ընդհանուր մասնակիցների 31.172-ն էին:

Հարցումը, որն իրականացվել է նացիստական համակենտրոնացման ճամբարների ազատագրման 70-ամյակին ընդառաջ, կազմակերպել են Քաղաքական ինովացիայի հիմնադրամի (Ֆրանսիա) և Ֆրանսիայի Շոայի (Հոլոքոսթի) հիշատակի հիմնադրամը՝ նպատակ ունենալով պարզել նոր սերնդի տեղեկացվածությունը 20-րդ դարի, ինչպես նաև 21-րդ դարի կարևորագույն իրադարձությունների մասին:

Նացիստների կողմից հրեաների ոչնչացումը որպես ցեղասպանություն որակող հարցին «Այո» է պատասխանել հարցվածների մոտ 90%-ը, 1994-ին Ռուանդայում հութուների կողմից թութսիների կոտորածները ցեղասպանություն է որակել 76%-ը, իսկ, օրինակ, 1932-33-ին Ուկրաինայում տեղի ունեցած «Սովասպանդը» (Գոլոդոմոր)՝ 41%-ը: Ընդ որում՝ միևնույն հարցին տրված պատասխանները տոկոսային հարաբերակցությամբ տարբերվում են առանձին երկրներում:

Այսպես, հարցված ֆրանսիացի երիտասարդների 93%-ը նշել է, որ 1915-ին հայերի կոտորածները ցեղասպանություն էին, Գերմանիայում այդ ցուցանիշը կազմել է 83%, Մեծ Բրիտանիայում՝ 68%, Ավստրիայում՝ 85%, Շվեյցարիայում՝ 87%, Բելգիայում՝ 81%, Նիդերլանդներում՝ 76%, Իսպանիայում՝ 86%, Հունաստանում՝ 90%, Սերբիայում՝ 86%, Իսրայելում՝ 88%, Իտալիայում՝ 87%, Էստոնիայում՝ 81%, Լատվիայում՝ 84%, Լիտվայում՝ 70%, Լեհաստանում՝ 87%, Ռուսաստանում՝ 84%, Ուկրաինայում՝ 65%, ԱՄՆ-ում՝ 64%, Կանադայում՝ 71%, Չինաստանում՝ 80%, Հնդկաստանում՝ 51%, Ճապոնիայում՝ 68%:

Ըստ հարցման արդյունքների՝ Թուրքիայի երիտասարդների 33%-ն «Այո» է պատասխանել հարցին, թե արդյոք թուրքերի իրականացրած կոտորածը ցեղասպանություն էր: Հետաքրքիր է նշել, որ միակ երկիրը, որտեղ հայերի կոտորածները ցեղասպանություն համարող երիտասարդներն ավելի շատ են, քան հրեաներինը հոոքոստ համարողները, Հունաստանն է (90% ընդդեմ 89%-ի):