Միջազգային կոալիցիան կզինի Իրաքի բանակայիններին ու սիրիական ընդդիմությանը

Միջազգային կոալիցիան կզինի Իրաքի բանակայիններին ու սիրիական ընդդիմությանը

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» դեմ գործող միջազգային կոալիցիան մտադիր է «12 զինվորական բրիգադ պատրաստել Իրաքում և գարնանը կսկսի սիրիական մարտիկների պատրաստումը Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի ու Քաթարի տարածքներում գտնվող ճամբարներում»: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Լոնդոնում «դաշնակիցների առանցքային խմբի» առաջին միջազգային խորհրդակցության ավարտին:

«Իսլամական պետության» մարտահրավերը գլոբալ խնդիր է, որը պահանջում է երկարաժամկետ գլոբալ պատասխան»,- ասել է Քերին: Ըստ նրա, միջազգային ջանքերով ավիահարվածների օգնությամբ հաջողվել է զսպել ԻՊ առաջխաղացումը, իսկ որոշ դեպքերում նաև ստիպել նահանջել: Միաժամանակ նա մերժել է արևմտյան ԶԼՄ-ներում հայտնվող ենթադրություններն ԻՊ ազդեցության ոլորտի ընդլայնման մասին նոր կողմնակիցների հաշվին այնպիսի երկրներում, ինչպիսիք են, օրինակ, Լիբիան ու Աֆղանստանը՝ անվանելով դա «փոքրաթիվ խմբերի որոշում»:

Քերին նշել է, որ կոալիցիայի բոլոր վեց տասնյակ երկրները շարունակում են կարևոր ավանդ ունենալ ընտրված ուղղություններում: Դաշնակիցների գործողությունները ղեկավարելու համար կհավաքվի կոալիցիայի առանցքային անդամների խումբ, որը, գործակցելով բոլոր 60 անդամ պետության հետ, «կիրականացնի համակարգված, միասնական ու արդյունավետ ռազմավարություն»:

«Նոր ընդլայնված նիստը տեղի կունենա ավելի ուշ այս տարի»,- հավելել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը:

«5 արաբական երկրների ինքնաթիռները թռիչքներ են իրականացնում ամերիկյանների հետ, ինչն աննախադեպ փաստ է, որը բնութագրում է կոալիցիան: Մենք լիովին հարգում ենք այլ երկրների իրավունքները: Նրանցից յուրաքանչյուրը սեփական որոշումն է կայացնում»,- ասել է Քերին՝ պատասխանելով լրագրողի հարցին Սիրիայում ԻՊ դիրքերի ռմբակոծությանը բրիտանական ինքնաթիռների մասնակցության մասին հարցին:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալ գրավեց Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչ փախավ քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014 ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

Մինչդեռ ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Լլոյդ Օսթինը հայտնել է, որ ԱՄՆ և Իրաքի զինված ուժերը համատեղ լայնածավալ գործողություն են պատրաստում, որի նպատակն է Մոսուլի ազատագրումը ԻՊ գրոհայիններից, որոնք վերահսկում են Իրաքի երկրորդ քաղաքը նախորդ տարվա հունիսից: Գործողությունը նախատեսվում է սկսել գարնանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Եթե մենք ինքնուրույն կամ մյուս դաշնակիցների հետ անցկացնեինք գործողությունը, այն, հավանաբար, ավելի արագ կընթանար, սակայն քրդերն ամեն ինչ ինքնուրույն պետք է անեն»,-ասել է Լլոյոդը Wall Street Journal-ին: Հայտարարությունը հնչել է Իրաքի իշխանությունների չդադարող քննադատության ֆոնի վրա, որոնք մեղադրում են միջազգային կոալիցիային աջակցությունը ուշացնելու մեջ:

Ըստ գեներալի, զինվորականները ճշգրիտ տվյալներ չունեն գրոհայինների քանակի մասին: Նախկինում ենթադրվում էր, որ Իրաքում այն գերազանցում է 14 հազարը: Իրաքում և Սիրիայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է մոտ 6 հազար իսլամիստ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---